- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Միացյալ Նահանգների համաշխարհային գերիշխանությունը նվազում է

«Բի Բի Սի Նյուզ», 21 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (BBC News)

Համաշխարհային գործընթացների մասին ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի նոր զեկույցի համաձայն` Միացյալ Նահանգների տնտեսական, ռազմական և քաղաքական գերիշխանությունը հաջորդ երկու տասնամյակներում, ամենայն հավանականությամբ, կնվազի:

Ազգային հետախուզության խորհուրդը (ԱՀԽ) կանխատեսում է, որ Չինաստանը, Հնդկաստանն ու Ռուսաստանն աճող մարտահրավեր են լինելու ԱՄՆ ազդեցության դեմ: Այստեղ նաև նշվում է, որ հնարավոր է` դոլարը չի լինի աշխարհի գլխավոր արժույթը, և սննդի ու ջրային պաշարների անբավարարությունը հակամարտություններ կհրահրի:

Այնուամենայնիվ, զեկույցն ընդունում է, որ այս հետևանքներն անխուսափելի չեն և կախված են աշխարհի առաջնորդների գործողություններից:

Դա նորընտիր նախագահ Բարաք Օբամային մտածելու տեղիք կտա, քանի որ ներկայացնում է ԱՄՆ ազդեցության և իշխանության դժգույն պատկերն ապագայում, նշում է Բի ԲԻ Սի-ի մեկնաբան Ջոնաթան Բելը` Վաշինգտոնից:

«Նոր համակարգի անցման հաջորդ քսան տարիները լի են ռիսկերով»,- նշվում է «Համաշխարհային գործընթացները մինչև 2025թ.» զեկույցում, որն Ազգային հետախուզության խորհրդի զեկույցներից վերջինն է: ԱՀԽ-ն դրանք պատրաստում է յուրաքանչյուր 4 տարին մեկ` նախագահական հաջորդ շրջանի համար:

Վաշինգտոնը կպահպանի իր ռազմական նշանակալի առավելությունները, սակայն գիտական և տեխնոլոգիական առաջընթացները, «անկանոն պատերազմների մարտավարությունները», հեռահար գործողության ճշգրիտ զենքերի տարածումը և կիբեռ պատերազմների աճը «հետզհետե կսահմանափակեն ԱՄՆ գործողությունների ազատությունը»,- ավելացվում է զեկույցում:

Այնուամենայնիվ, զեկույցը եզրակացնում է. «ԱՄՆ-ն կմնա ամենակարևոր դերակատարը, սակայն` պակաս գերիշխանությամբ»:

Միջուկային զենքի գործածումը

ԱՀԽ-ի 2004 թվականի ուսումնասիրության մեջ Ամերիկայի գլոբալ դիրքն առավել վարդագույն էր պատկերվել` ԱՄՆ գերիշխանության շարունակականության հեռանկարով:

Սակայն «Համաշխարհային գործընթացներ»-ի մասին վերջին զեկույցում նշվում է, որ աճող տնտեսություններն` ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը և Բրազիլիան, ԱՄՆ-ի համար առավել մրցակցային կլինեն բազմաբևեռ միջազգային համակարգում:

Միաժամանակ կանխատեսվում է, որ Եվրամիությունը կդառնա «կաղացող հսկա»` անկարող վերածելու իր տնտեսական ուժը դիվանագիտական կամ ռազմական ուժի:

Ավելի շատ ուժային կենտրոններ ունեցող աշխարհը նվազ կայուն կլինի քան մեկ կամ երկու գերտերությունների գոյության պարագայում, և կմեծանա հակամարտությունների հավանականությունը, նշվում է զեկույցում:

Գլոբալ տաքացումը` մոլորակի բնակչության և տնտեսական աճի հետ մեկտեղ, լրացուցիչ լարվածություններ կառաջացնի բնական պաշարների հայթայթման և ապառման համար` թեժացնելով հակամարտությունները` դրանց համար պետությունների պայքարում, զգուշացնում է զեկույցը:

«Ռազմավարական մրցակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան առևտրի, ներդրումների և տեխնոլոգիական նորամուծությունների ու հայտնագործությունների շուրջ, սակայն չենք կարող բացառել 19-րդ դարի` սպառազինությունների մրցավազքի, տարածքների ընդարձակման և ռազմական մրցությունների սցենարներ»,- հայտնում է զեկույցը:

«Հակամարտությունների տեսակներ (օրինակ` բնական պաշարների համար), որոնց ականատես չենք եղել որոշ ժամանակ, կարող են վերսկվսել»:

Նման հակամարտություններն ու պաշարների պակասն Աֆրիկայում և Հարավային Ասիայում կարող են կառավարությունների անկման պատճառ դառնալ, իսկ Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում` հանգեցնել կազմակերպված հանցագործության աճի, նշվում է զեկույցում:

Միջուկային զենքի գործածումն, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճի, նշվում է զեկույցում, քանի որ հերձվածող պետություններն ու ռազմատենչ խմբերը, թերևս, դրանք ձեռք բերելու առավել մեծ հնարավորություններ ունենան:

Սակայն Ալ Ղաիդան կարող է քայքայվել «ավելի վաղ քան մարդիկ դա պատկերացնում են»,- ավելացնում է զեկույցը` վկայակոչելով մահմեդական աշխարհում այդ կառույցի ժողովրդականության նվազման միտումը:

«Հեռանկարը, որ Ալ Ղաիդան կլինի այն փոքրաթիվ խմբերի շարքում, որոնք ի վիճակի կլինեն հաղթահարել սերնդափոխության խոչընդոտը` մեծ չէ. դա պայմանավորված է նրանց կոշտ գաղափարախոսության, ռազմավարական նպատակների անհասանելիության և զանգվածային շարժում դառնալու անկարողության հանգամանքներով»,- ասվում է զեկույցում:

ԱՀԽ-ն, այդուհանդերձ, առաջնորդներին նոր հակամարտությունները կանխելու որոշ հնարավորություններ է տեսնում:

«Միջոցներ ձեռնարկելն ու այդ խնդիրները մեղմելը, եթե ոչ` լուծելը մարդկային գիտակցության կամ քաղաքական համակարգերի [կամ], որոշ դեպքերում` շուկայական մեխանիզմների հնարավորությունների սահմաններից դուրս չէ»,- նշում է ԱՀԽ նախագահ Թոմաս Ֆինգարը:

Իսկ մեր թղթակիցն ավելացնում է` արժե նշել, որ ԱՄՆ հետախուզությունն անցյալում սխալվել է: