- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Տասը տարի անց հայերի` այսպես կոչված ՁԻԱՀ-ի դեմ «հրաշք դեղամիջոցի» բուժիչ ազդեցությունը դեռևս ապացուցված չէ

«ՅուրեյժիաՆեթ», 25 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (EurasiaNet)
Սառա Խոջոյան և Լի Կոլենբերգ (Sara Khojoyan and Leah Kohlenberg)

Տասը տարի շարունակ հայերին պատմում են «Արմենիկում»-ի հրաշքների մասին` տեղական արտադրության դեղամիջոց, որն, ինչպես պնդում են այն պատրաստողները, ՄԻԱՎ մահացու վարակի դեմ բուժիչ հատկություններ ունի: Մինչ դեղն օգտագործող բժիշկները հայտարարում են, որ այն իսկապես կարծես թե թեթևացնում է ՄԻԱՎ-ի մի քանի ախտանիշներ, մեկ տասնամյակ անց ընկերությունը դեռ պետք է ցույց տա որևէ արդյունավետ կլինիկական փորձարկում` բուժման առավել հիմնավոր ապացույցներով:
Հայերի մեծ մասը թերևս չգիտի, որ իրենք իրենց վճարած հարկերով են ֆինանսավորում «Արմենիկում»-ը, որի արժեքն ավելի քան երեք անգամ գերազանցում է հակառետրովիրուսային (ՀՌՎ – antiretroviral/ARV) դեղամիջոցների արժեքը, որոնք աշխարհում միակ հաստատված դեղամիջոցն են ՄԻԱՎ-ի դեմ: Նրանք հավանաբար նաև տեղյակ չեն, որ մի քանի ամսից «Արմենիկում»-ը կարող է լինել Հայաստանում միակ ընտրությունը ապագա ՄԻԱՎ վարակակիրների համար:
ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների բուժումը պետք է որ մեծ խնդիր չլինի Հայաստանում, և առաջին հայացքից թվում է, թե համակարգը գործում է: ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը Հայաստանում մեծ չէ. գրանցված է ընդամենը 649 դեպք: Նույնիսկ եթե դրան ավելացնենք Հայաստանում 3000 չգրանցված ՄԻԱՎ վարակակիրներին, նրանց ընդհանուր թիվը կկազմի երկրի ամբողջ բնակչության միայն 0.1 տոկոսը: Հայաստանում իսկապես կա արդյունավետ գործող` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոն, որը պետպատվերով գրանցում, հետազոտում և բուժում է յուրաքանչյուր ցանկացողին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափանիշերին համապատասխան:
Բայց ՄԻԱՎ վարակակիրների բուժման ընդունված միջոցների համար վճարելու փոխարեն` կառավարությունն իր ամբողջ գումարն ու միջոցներն ուղղում է «Արմենիկում»-ի օժանդակությանը և պահանջում, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի բժիշկները որպես այլընտրանք առաջարկեն չհաստատված դեղամիջոցը: Այսօր «Արմենիկում»-ով մեկ հիվանդի բուժման տարեկան ծախսը կազմում է մոտ $6,000, մինչդեռ սովորական հակառետրովիրուսային դեղերով բուժման մեկ տարվա ծախսը $1,700 է: Սա նշանակում է, որ հայաստանցի հարկատուն $300,000 է վճարում այս տարի գրանցված ընդամենը 50 հիվանդներին «Արմենիկում»-ով բուժելու համար: Համեմատության համար նշենք, որ Համաշխարհային հիմնադրամի միջոցներով 93 հիվանդի հակառետրովիրուսայիններով բուժելու համար տարեկան պահանջվում է $160,000:
Մինչև հիմա ՀՌՎ դեղամիջոցի ձեռքբերման և բուժման համար վճարել է ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող Համաշխարհային հիմնադրամը` «Ուորլդ Վիժն»-ի հայկական գրասենյակի միջոցով: Սակայն տեխնիկապես այդ գումարը սպառվեց հունիսին, ու չնայած դրամաշնորհի ժամկետը երկարացվել է մինչև փետրվար, իսկ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը հայտ է ներկայացնում ևս հինգ տարվա դրամաշնորհ ստանալու համար, երաշխիք չկա, որ Համաշխարհային հիմնադրամը կշարունակի ֆինանսավորել ՀՌՎ դեղամիջոցով հետագա բուժումները:
«Եթե Համաշխարհային հիմնադրանը կրկին չֆինանսավորի Հայաստանին, ՄԻԱՎ ազգային ծրագիրը լրջորեն վտանգված կլինի,- նշեց «Ուորլդ Վիժընի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարկ Քելին: -Ներկայում Համաշխարհային հիմնադրամն է վճարում հետազոտման և կանխարգելման ծրագրերի մեծ մասի, ինչպես նաև` ՀՌՎ դեղամիջոցով բոլոր բուժումների համար»:
«Ուորլդ Վիժն»-ի Գնումների բաժնի տնօրեն Մհեր Բարսեղյանի խոսքով` խնդիրն ավելի է բարդացնում այն, որ ՀՌՎ դեղամիջոցը գրանցված չէ Հայաստանում, և մինչև հիմա կառավարությունն անկարող է եղել վճարել մոտավորապես $15,000, որն անհրաժեշտ է այս միջազգայնորեն ընդունված դեղամիջոցը գրանցելու համար` որպես «ներմուծման համար ապահով» դեղորայք: Քանի որ դեղամիջոցը գրանցված չէ, յուրաքանչյուր խմբաքանակը երկիր հասցնելու համար մոտավորապես վեց ամիս է պահանջվում. դա սկսվում է հարյուրավոր զանգերից, որոնք Մհերը ստիպված է կատարել` համոզելու առանձին դեղագործական ընկերություններին այդքան փոքր խմբաքանակի առաքման պատվեր ընդունել, և ավարտվում է մաքսատանը, որտեղ ՀՌՎ դեղերով լի արկղերը մնում են ամիսներով` մոտենալով պիտանելիության ժամկետի ավարտին:
«Այս պահին մեզ հաջողվում է բուժում ապահովել բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն,- ասում է նա: – Բայց երբ ՀՌՎ-ի խնդիրը բարդանա, մեզ համար ավելի դժվար կլինի բավարար քանակությամբ դեղորայք ներկրել Հայաստան»:
Տասը տարի առաջ, երբ Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց «Արմենիկում»-ը, հեղինակներն այն անվանեցին «ՁԻԱՀ-ի բուժման հեղափոխական միջոց», որն անմիջապես հետաքրքրեց կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին: Նախկինում «Արմենիկում»-ով բուժման ծախսերը հոգում էր Պաշտպանության նախարարությունը` հույս ունենալով խթանել դեղամիջոցի հետագա հետազոտությունն ու զարգացումը: «Արմենիկում»-ի հնարավորությունները ակտիվության ալիք բարձրացրին փոքրիկ երկրում: Գործարարներն, ինչպես 1999թ. գրում էին որոշ թերթեր, սեփականություն էին գնում, որպեսզի հետագայում այն վարձով տան բուժվելու նպատակով Հայաստան ժամանողներին:
Այսօր, մեկ տասնամյակ անց, իրականում «Արմենիկում» է ընդունել ընդամենը 800 մարդ:
Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ի բուժման ամենաարդյունավետ միջոց են համարվում հակառետրովիրուսային դեղամիջոցները, որոնք հիվանդներին երբեմն տարիներ շարունակ կենդանի պահելու` կլինիկական փորձարկումներով ապացուցված և միջազգայնորեն ճանաչված միակ եղանակն են: Դեղամիջոցը գործում է հետևյալ կերպ` այն անմիջապես գրոհում է և նվազեցնում ՄԻԱՎ վիրուսի պարունակությունը մարմնում` հիվանդի մոտ կանխելով Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) զարգացումը, երբ իմունային համակարգն ամբողջությամբ դադարում է գործել` տանելով մահվան: Դեղորայքը, որ ընդունում են խառնուրդի տեսքով, երեք կամ չորս բաժին մեկ անգամվա համար, հաճախ փոխում են, երբ վիրուսը դիմադրողականություն է ձեռք բերում դրանց նկատմամբ:
Որպես այլընտրանք` «Արմենիկում»-ի հեղինակներն առաջարկում են իրենց դեղամիջոցը, որի հիմնական բաղադրիչը յոդն է` վստահեցնելով, որ այն ուժեղացնում է իմունային համակարգը և մարմնին թույլ է տալիս պայքարել վիրուսի դեմ: «Արմենիկում»-ով բուժող բժիշկները պնդում են, որ դեղամիջոցն օտագործող հիվանդների մոտ նկատվել է վիրուսային ծանրաբեռնվածության` մարմնում ՄԻԱՎ վարակի քանակության նվազում, և որ ՄԻԱՎ վարակը երբեք դիմադրողականություն ձեռք չի բերում այդ դեղամիջոցի նկատմամբ:
Խնդիրն այն է, որ այս ընկերության գիտնականները երբևէ նույնիսկ չեն էլ փորձել ապացուցել այս պնդումներից որևէ մեկն, ամեն դեպքում` ոչ համաձայն բժշկական փորձարկումների վերաբերյալ ԱՀԿ չափանիշերի, որոնք բավարարում է ՀՌՎ-ը: Նրանք ընդունում են, որ նույնիսկ պաշտոնական մոնիտորինգ չեն իրականացրել «Արմենիկում»-ով բուժվող 250 հիվանդների շրջանում վերջին չորս տարիների ընթացքում, թեև վստահեցնում են, որ «շատերը» դեղամիջոցի շնորհիվ ապրել են տասը տարի:
«Այն դեռ փորձարկման փուլում է»,- նշում է Երևանում «Արմենիկում» բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: – Բայց երբ մենք պատրաստ լինենք, ցույց կտանք աշխարհին, թե ինչ ունենք»:
Չնայած «Արմենիկում»-ի վերաբերյալ պնդումները հաստատող ապացույցներ չկան, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկներն ասում են, որ «Արմենիկում»-ի բժիշկներին համարում են գործընկերներ` ՁԻԱՀ-ի դեմ պայքարում և սատարում են առանձին դեպքերի վրա հիմնված պնդումները, թե իրենց հիվանդների մի մասը դրական է արձագանքնել բուժմանը:
«Մենք անընդհատ համագործակցում ենք և միշտ քննարկում ենք յուրաքանչյուր դեպք` լավագույն լուծումը գտնելու համար»,- նշում է ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի Համաճարակաբանության բաժնի ղեկավար Արշակ Պապոյանը:
Սակայն դժվար է գտնել ՄԻԱՎ վարակակրի բուժող որևէ բժիշկ, որը հրապարակավ հայտարարած լինի, թե դեղամիջոցը չի ներգործում: Պատճառն, ինչպես ոմանք են նշում, այն է, որ հայկական արտադրության դեղամիջոցն առաջ տանելու համար գործադրվող ճնշումն այնքան մեծ է, որ քննադատությունն արգելված է:
«Ես կլինիկայում աշխատող շատ բժիշկներ գիտեմ, ովքեր «Արմենիկում»-ին չեն հավատում, բայց նրանց արգելված է այդ մասին խոսել»,- ասել է ՄԻԱՎ-ի բուժման գործընթացում ներգրավված բժիշկներից մեկը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:
Նույնիսկ եթե «Արմենիկում»-ի հարցում դեռ համաձայնություն չկա, «Ուորլդ Վիժնի» և Համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչներն ասում են` ամենակարևորն այն է, որ ՄԻԱՎ վարակակիրները բուժման մեթոդների մասին տեղեկացված ընտրության հնարավորություն ունենան:
«Մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ ՀՌՎ-ները հասանելի են,- ասում է Քելին: -Ամենակարևորն այն է, որ ՄԻԱՎ-ով տառապող յուրաքանչյուր մարդ ՀՌՎ-ով բուժվելու հնարավորություն ունենա, եթե ցանկանում է դա»:
Խմբագրի կողմից. Սառա Խոջոյանը Երևանում գործող ArmeniaNow.com-ի թղթակից է: Լի Քոլենբերգը լրագրող է, թրեյներ և «This Monthե-ի խմբագիրը` հայ լրագրողների հոդվածների ամենամսյա ժողովածու, որը տպագրվում է IREX-ի Զանգվածային լրատվամիջոցների աջակցման ծրագրի կողմից: