- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Սխալ ազդանշան

«Վաշինգթոն Թայմս», 26 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (The Washington Times)
Ջեյմս Մորիսոն (James Morrison)

Կոնգրեսում մարդու իրավունքների հարցերով փորձագիտական խմբի ղեկավարներն Ադրբեջանի նախագահին զգուշացրել են, որ վերջինս` ԱՄՆ ռադիոլուրերի հեռարձակումները դադարեցնելու իր պլաններով, Օբամայի գալիք վարչակազմն իր դեմ տրամադրելու ռիսկին է դիմում:

«Քանի որ Դուք սկսում եք Ձեր պաշտոնավարման երկրորդ շրջանը և նախատեսում եք բարիդրացիական աշխատանքային հարաբերություններ հաստատել ընտրված նախագահ Բարակ Օբամայի հետ` նպատակ ունենալով ամրապնդել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները, մենք կարծում ենք, որ FM հաճախականությամբ հեռարձակվող՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» (RFE/RL) և «Ամերիկայի ձայն» (VOA) ռադիոկայանների հեռարձակումների կասեցումը միանգամայն հակառակ ազդանշան կլինի այդ առումով, նախագահ Իլհամ Ալիևին այս շաբաթ հղած իրենց նամակում գրել են Ներկայացուցիչների պալատի անդամ, Ֆլորիդայից դեմոկրատ Ալսի Հասթինգսը և Մերիլենդից դեմոկրատ Սենատոր Բենջամին Լ. Քարդինը:

Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ պրն Հասթինգսը և փոխնախագահ պրն. Քարդինը պնդում են, որ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող ամերիկյան ռադիոկայաններն` իրենց մատուցած «թարմ» և «օբյեկտիվ» տեղեկատվությամբ, օրինակ են ծառայում ադրբեջանցի լրագրողների համար:

«Ավելին, քանի որ Ադրբեջանն արագորեն շարժվում է արևմուտքին ինտեգրվելու ուղղությամբ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանները ներկայացնում են արհեսատավարժ լրատվության մոդել, ինչպես նաև` անաչառ ու նորարարական կարգի հաղորդումներ, որոնց կարիքն Ադրբեջանի քաղաքացիներն ունեն` տեղեկացված, մասնակից և մրցունակ մնալու համար»,- գրված է նամակում:

Արտասահմանյան ռադիո և հեռուստատեսային հեռարձակումների ապագայի շուրջ այս վիճահարույց հարցը ծագեց պրն Ալիևի` հոկտեմբերի կեսին վերընտրվելուց կարճ ժամանակ անց։ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհրդի տնօրեն Նուշիրավան Մահարամլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հեռարձակումները կդադարեն հաջորդ տարի, երբ լրանան կառավարության հետ կնքած նրանց պայմանագրերի ժամկետները։

«Ազգային հաճախականությունները պատկանում են ազգային մարմիններին»,- հայտարարել է նա։

Պետքարտուղարությունը հավատում է, որ խնդիրը կլուծվի նախքան պայմանագրի վերջնաժամկետը։ Պետքարտուղարի` ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնական Դեյվիդ Ջ. Քրամերը խնդիրը քննարկելու նպատակով անցած շաբաթ հանդիպել է պրն Ալիևին։

Պրն Ալիևը նախկին նախագահ Հեյդար Ալիևի որդին է, իսկ Պետքարտուղարությունը քննադատել է վերջինիս գլխավորած կառավարությանը` մարդու իրավունքների ոտնահարումների պատճառով: