- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայաստանի և Թուրքիայի փորձնական բանակցությունները

«Ֆայնենշլ Թայմս», 25 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը`(Financial Times)
Դելֆին Շտրաուս (Delphine Strauss)

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները, ուժգնացող ճնշման ներքո, երկուշաբթի օրը հանդիպել են Ստամբուլում` լուծելու Կովկասի խրթին քաղաքականության ամենադժվարին խնդիրներից մեկը:

Երկու երկրներն էլ աշխատում են բարելավել հարաբերությունները` տասնամյակներ տևած փոխադարձ անվստահությունից հետո։ Նրանք չունեն պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, իսկ Թուրքիան 1993թ.-ին փակեց Հայասանի հետ իր սահմանն՝ աջակցելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի հարցում։

Աբդուլա Գյուլն առաջին թուրք նախագահն էր, որ սեպտեմբերին այցելեց Հայաստան` ներկա գտնվելու ֆուտբոլի ազգային հավաքականների միջև խաղին։ Հավանական է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան այցը` 2009 թ.-ի հոկտեմբերին տեղի ունենալիք հաջորդ խաղին:

«Ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից ի վեր, մեծ ժեստերը ճանապարհ հարթեցին առավել զուսպ շփումների համար. Ալի Բաբաջանն ու իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանը երկուշաբթի օրը հանդիպեցին տարածաշրջանային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված ընթրիքին։

Սակայն, երկու զարգացումներ առավել հրատապ դարձրին իրավիճակի կարգավորման խնդիրը` իրավիճակ, որն ահռելի վնասներ է պատճառում Հայաստանի տնտեսությանը և դժվարություններ ստեղծում Թուրքիայի համար` միջազգային հանրության կողմից լիարժեք ընդունվելու հարցում։

Առաջին, ամռանը տեղի ունեցած վրացական հակամարտությունը Թուրքիային դրդեց առավել նշանակալի դիվանագիտական դեր փնտրել Կովկասում, որտեղ էներգակիրների տարանցիկ ուղիներն այժմ ավելի խոցելի են թվում, իսկ Հայաստանը որոշ ժամանակ կարողանում էր առևտուր անել միայն Իրանի հետ ունեցած իր սահմանով։

Երկրորդ, թուրք դիվանագետները մտավախություն ունեն, որ Բարաք Օբաման կիրականացնի իր նախընտրական խոստումները և 1915թ.-ին Օսմանյան կայսրության տիրապետության ներքո հայերի զանգվածային ջարդերը կճանաչի որպես ցեղասպանություն, կամ չի կարողանա արգելք դնել այս հարցի վերաբերյալ Կոնգրեսի բանաձևին:

Անկարան պնդում է, որ զոհվել են նաև հազարավոր թուրքեր, և որ զոհերը պատերազմի, քաղցի և տեղահանության արդյունք էին և ոչ թե` սիստեմատիկ ծրագրման։ Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացման սպառնալիքը հրամայական է դարձնում Երևանի հետ առավել ջերմ հարաբերությունների կառուցումը:

Պրն. Նալբանդյանը երկուշաբթի օրը Թուրքիային կոչ արեց բացել սահմանը՝ լրագրողներին հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել հարաբերություններն «առանց նախապայմանների»։ Այդուհանդերձ, առաջընթացի համար խոչնդոտները հսկայական են։

Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ այնպիսի քայլ, որով կօտարի Ադրբեջանին` էներգակիրների մատակարարման շուրջ բանակցությունների վճռական փուլում: Այն կարող է փոքր ժեստ անել. «Թրքիշ էյրլայնզ»-ը` ազգային ավիակիր, որի չվերթները սովորաբար հաստատում է արտգործնախարարությունը, երկուշաբթի օրը հաստատել է, որ քննարկում է դեպի Երևան չարտերային չվերթներ սկսելու հարցը։

Երևանն, իր կողմից, ավելի բաց է դարձել ցեղասպանության հարցին պատմական հանձնաժողովի միջոցով անդրադառնալու Թուրքիայի առաջարկի նկատմամբ, սակայն ըստ արևմտյան մի դիվանագետի` հայկական սփյուռքի ճնշումները, որ հաճախ ավելի անզիջում են, քան ազգային գործիչներինը, արգելակեցին վերջին նախաձեռնությունը։

Ելնելով այս դժվարություններից` Թուրքիայի արտգործնախարարությունը հակված չէր մեծ նշանակություն տալու այս հանդիպման խորհրդանշական դերին: «Դա մեծ իրադարձություն չէր»,- նշում է խոսնակ Բուրաք Օզուգերգին: «Պատմական էր մեր երկու-զրո հաղթանակը Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ… Այժմ գործ անելու ժամանակն է»: