Dec 15 2008

Հայկական աջակցություն Գյունային

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ենի չաղ» օրաթերթ, 22 նոյեմբերի 2008թ.
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Իր հեղինակած «Կապույտ գիրք» աշխատությամբ, այսպես կոչված` ցեղասպանության ճանաչման համար քարոզչություն ծավալող Արա Սարաֆյանը թիկունք կանգնեց մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային, որովհետեւ վերջինը պատրաստակամություն էր հայտնել բացելու Բիթլիսում ավազակաբարո հայ ընտանիքի զավակ, գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը:

Սարաֆյանը նամակով պատրաստակամության առթիվ շնորհակալություն է հայտնել Գյունային: Նամակում Սարաֆյանը հիշեցրել է, որ Սարոյանի նախնիները ծագումով Բիթլիսից են, տուն-թանգարանի գաղափարը կարեւոր նշանակություն ունի սփյուռքահայության համար, ապա եւ ավելացրել է. «Ակնկալում եմ, որ Ձեր նախաձեռնությունը կնպաստի Անատոլիայում հայկական մշակութային ժառանգությանն ու հայերի անատոլիական արմատներին առնչվող հարցերի ավելի ջերմ զգացումով արծարծմանը երկրում»: Նամակում Սարաֆյանը առաջ է քաշում Անատոլիայի հայկական գերեզմանների կողոպտման վարկածը, ապա եւ պահանջում է, որ թանգարանը Սարոյաններին պատկանող տան փոխարեն բացել Բիթլիսի հայկական եկեղեցիներից մեկում:

«Եկեղեցին ավելի նախընտրելի է»

Այդ առումով Սարաֆյանը նշում է. «Տարիներ շարունակ որպես պահեստ օգտագործված եկեղեցին այսօր լքված վիճակում է: Ներկա վիճակով միանգամայն անվայել է շինությունը կոչել Թուրքիայի մշակութային հարստություն: Գուցե մշակույթի նախարարությունը, տալով որեւէ ընկերության հետ պայմանավորվելու հնարավորություն, եկեղեցին կփրկի հետագա ավերումից, եւ դա որպես մշակութային գանձ կվերականգնվի ի հիշատակ Վիլյամ Սարոյանի»:

«Բիթլիսում Սարոյանները ահաբեկչություն են ծավալել»

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բիթլիսում հայ հրոսակախմբերի կոտորածներից տուժածների» միության գործադիր խորհրդի նախագահ Սերդար Թորեհանը բուռն հակազդեցությամբ արձագանքեց՝ Բիթլիսում հայ գրող Վիլյամ Սարոյանի ծնողներին պատկանող տունը թանգարանի վերածելու մասին Էրթուղրուլ Գյունայի հայտարարությանը: Սարոյան ընտանիքի մասին Թորեհանն ասաց. «Վիլյամ Սարոյանի բուն անունն Արամ Կարաօղլանյան է: Նա 1905-ին Բիթլիսից Ամերիկա գաղթած հայ Կարաօղլանյան ընտանիքի անդրանիկ զավակն էր: Նրա գերդաստանը հայտնի է Կարաօղլանյան ազգանունով: Հակառակ պնդումների` այս ընտանիքը ոչ թե արտաքսվել է, այլ տեղահանությունից 10 տարի առաջ, ինքնակամ Բիթլիսից գաղթել է Ամերիկա: Սարոյան ավագի ազգականները, որոնք մնացել էին Բիթլիսում, հայ ավազակախմբերի ու ռուսների կողմից քաղաքի գրավումից առաջ եւ հետո ղեկավարել են հայկական ապստամբությունները: Վիլյամ Սարոյանի ընտանիքը բոլորովին անմեղ չէ, ինչպես վերջին շրջանում թերթերն են գրում: Այդ անձնավորությունն ուներ ամերիկյան քաղաքացիություն, ինչո՞ւ նրա տուն-թանգարանը կառուցել Բիթլիսում, այլ ոչ թե ԱՄՆ-ում, թե՞ փորձ է արվում Վանում եւ Բիթլիսում իրականացնել այն, ինչ իր հուշերում պատմել է հանգուցյալ Ալի Ֆուադ Ջեբեսոյը»:

One response so far

1 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 15 Դեկտեմբեր 2008թ.-ին, ժամը 06:28

    «Վիլյամ Սարոյանի ազգականները գլխավորում էին հայ ավազակախմբերին, որոնք 68 հազար մահմեդականի սպանության պատճառ դարձան Բիթլիսում»

    Այս հայտարարությունը «Ջումհուրիեթ» թերթի էջերում արել է Բիթլիսից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Վահիթ Քիլերը: Դրա համար առիթ է ծառայել Բիթլիսում Վիլյամ Սարոյանի ծնողներին պատկանող տունը վերանորոգելու եւ այնտեղ գրադարան հիմնելու Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի նախաձեռնությունը: «Ջումհուրիեթը» Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափողն է, իսկ Վահիթ Քիլերը՝ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր:

    Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, մեղադրելով վերջինին «երկրում իսլամական կարգեր հաստատելու համար Թուրքիայի աշխարհիկ-հանրապետական հիմքերը խարխլելու եւ Աթաթուրքի սկզբունքներն անտեսելու» մեջ, նրա դեմ պայքարում ապավինում է «քեմալականության երաշխավոր» բանակի վրա, իսկ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը փոխադարձաբար «երկրի ներքաղաքական կյանքը զինվորական հեղաշրջման քարոզչությամբ հետեւողականորեն ապակայունացնելու» մեղադրանքներ է ներկայացնում Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը եւ որպես քարոզչության միջոց մատնացույց է անում «Ջումհուրիեթ» թերթը:

    Այլ կերպ ասած՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիեթն» ու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը քաղաքական հակադիր դիրքերում են: Նույնը պետք է ասել նաեւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության խոսափող «Ենի չաղ» թերթի մասին: Սակայն դա չի խանգարում «Ենի չաղին», որ Սարոյանների տունը թանգարանի վերածելու նախաձեռնության համար նախարար Գյունային դատապարտելու հարցում համերաշխորեն միանա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Քիլերին: Ընդ որում՝ որպես գրող, Վիլյամ Սարոյանը ոչ թե հայաստանցի է, այլ` համաշխարհային գրականության դասական:

    Այս ամենը նշանակում է, որ Թուրքիայում հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը միավորում է քաղաքական հակառակորդներներին, հայկական դավադրության որոնումները հարթում են նրանց հակասությունները, անհանդուրժողականության եւ որոնումների ընդհանրության պայմաններում նրանք դառնում են համերաշխ: Քաղաքական հակառակորդների` հայերի նկատմամբ անհանդուրժողականության հիմքում այլ ժողովուրդների պատմական հայրենի տարածքներում թուրքական ազգային պետություն ստեղծելու քեմալիզմի հակասականությունն է, իսկ որոնումները պայմանավորված են բազմազգ Թուրքիայի Հանրապետության ունիտար կառուցվածքն ու միասնականությունը պահպանելու համար երկրում ոչ թուրք ժողովուրդների հետքը հնարավորինս ջնջելու նկրտումներով:

    Նախարար Գյունայի վերոհիշյալ նախաձեռնության դեմ հակազդեցությունը այդ նկրտումների ցայտուն դրսեւորումներն են: Դրանց մասին որոշակի պատկերացում տալու համար, մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք «Ենի չաղի» եւ «Ջումհուրիեթի» հրապարալումները: Ի դեպ, «Ենի չաղն» ունի ավելի քան 57 հազար, իսկ «Ջումհուրիեթը»՝ 79 հազար տպաքանակ: