- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ո՛վ Անի, որտե՞ղ է քո նախնական տերը

«Ռադիկալ», 26 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը` (www.radikal.com.tr)
«anideermeniyoktur.gov.tr» («Անիում հայ չկա» կայքէջը)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ստամբուլ. Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը Անիի ավերակների վերաբերյալ կայքէջ է բացել: Ավելին, նախարարությունից հայտնել են, որ կայքէջեր են պատրաստվում նաեւ պատմական այլ բնակավայրերի համար եւ այս նախաձեռնությունը հիմնավորվում է «ավերված բնակավայրերի մասին հավաստի եւ գիտականորեն ապացուցված տվյալներն այցելուներին մատչելի դարձնելու» անհրաժեշտությամբ: Սակայն դա չի խանգարել Անիի բոլոր աղբյուրներում հիշատակվող եւ բոլորին հայտնի հայկական անցյալի խնամքով քողարկումը այս քաղաքի համար պատրաստված «www.ani.gov.tr» կայքէջում, որն առաջինն է բացվել:

Այս կայքէջում ներկայացվում են Կարսի մոտակայքում գտնվող Անիի միջնադարյան ճարտարապետական փառահեղ հուշարձանները, անդրադարձ է կատարվում քաղաքի պատմական անցյալին: Անիի` մինչեւ նախնադարյան շրջան ձգվող հնամենի անցյալին կատարված անդրադարձից հետո, ահա թե ինչպես է նկարագրվում քաղաքի հիմնադրումը. «964 թվին Աշոտ Բագրատունի արքան ձեռնամուխ եղավ ավերակների ճակատային պարսպի կառուցմանը, իսկ 978-ին Սմբատ 3-րդ թագավորը դա ամրացրեց իր կառուցած 2-րդ պարսպով: 1064թ. Ալփ Արսլանը գրավեց Անին եւ քաղաքը հաղորդակից եղավ սելջուկյան մշակույթին»:

Իմանալու համար, որ այստեղ հիշատակվող «Բագրատունիների թագավորությունը» մեկն էր հայկական այն թագավորություններից, որոնք տվյալ ժամանակաշրջանում գերիշխանություն էին հաստատել այդ տարածքում, պետք է դիմել այլ կայքէջերի եւ հանրագիտարանների օգնությանը: Օրինակ, «Մայր Բրիտանիկան» նշում է. «9-13-րդ դարերում Արեւելյան Անատոլիայի պատմության մեջ նշանակալի դերակատարություն ունեցող Անին, 10-րդ դարում հայկական բնակության կարեւոր կենտրոն էր»: Dictionnaire Larouse-ում եւ Hacete հանրագիտարանային բառարանում քաղաքը բնութագրվում է որպես «Բագրատունիների հայկական թագավորութան մայրաքաղաք», իսկ Meydan հանրագիտարանն ավերակների առնչությամբ գրում է. «Իր վրա կրում է ասորական, պարսկական, հայկական, արաբական, թուրքական ազդեցությունների ուշագրավ հատկանիշները»: «Իսլամական» հանրագիտարանը, որ 3 էջ է հատկացրել Անիին, քաղաքի Բագրատունյաց տիրակալներին համարում է «Հայաստանի թագավորներ»:

961-1045թթ. Անին, Բագրատունիների դինաստիայի տիրապետության տարիներին, համանուն թագավորության մայրաքաղաքն էր: Աշոտ 3-րդ թագավորը արքունիքը Կարսից փոխադրել էր Անի: Գագիկ 1-ի օրոք, հատկապես 990-ից հետո, քաղաքը մեծ առաջընթաց է ապրում: Հենց այդ շրջանում է կառուցվում առ այսօր քաղաքի խորհրդանիշը հանդիսացող Մայր տաճարը: Առեւտրային ճանապարհների խաչմերուկում գտնվող քաղաքը բարձր պարիսպներով, բազմաթիվ եկեղեցիներով, որոշ աղբյուրների համաձայն` 100 հազարի հասնող բնակչությամբ, դառնում է տարածաշրջանի կարեւոր կենտրոններից մեկը: Գիտենք, որ Անին կոչվել է «1001 եկեղեցիների» քաղաք: 1064-ին սելջուկները գրավում են Անին: Երկար ժամանակ մնում է Շադդատյանների տիրապետության տակ, իսկ 12-րդ դարի վերջին քաղաքում հաստատվում է վրացիների գերիշխանությունը: 1239-ին մոնղոլական արշավանքների ականատեսը դարձած քաղաքը, 14-րդ դարում, մեծ երկրաշարժի հետեւանքով, հիմնահատակ ավերվում է: Առեւտրային ճանապարհների նշանակության կորստի եւ երկրաշարժի պատճառով անկում ապրող քաղաքն ակկոյունլու եւ կարակոյունլուների տիրապետությունից հետո, 1534-ին միանում է Օսմանյան կայսրությանը:

Հազարամյա եկեղեցիներ
Քաղաքի միջնադարյան փառահեղ անցյալի վկայությունը հանդիսացող շինությունները մեծամասամբ եկեղեցիներ են: Մեծ է Հայաստան-Թուրքիա սահմանին հարակից այս քաղաքի զբաղեցրած տեղը հայ պատմագրության մեջ: Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքէջից զգացվում է, որ դա պատրաստվել է հատկապես հայ պատմագրությանը հակազդելու մղումով: «Անատոլու» գործակալության տվյալներով` կայքէջը պատրաստվել է «ավերակներն աշխարհին առողջ դատողությամբ եւ ճիշտ ներկայացնելու» առաջադրանքով, առաջին կայքէջը Անիի վերաբերյալ պատրաստելիս նախարարությունը հիմք է ընդունել քաղաքին առնչվող որոնման համացանցերում առկա բացասական տեղեկատվության եւ 1915-ի իրադարձությունների մասին ակնարկող սխալ գիտելիքների վերացման անհրաժեշտությունը: Մշակութային արժեքների եւ թանգարանների վարչության գլխավոր տնօրեն Օրհան Դյուզգունը ուշադրություն է հրավիրում ճիշտ եւ սխալ գիտելիքների միասնաբար տեղադրման պատճառով ինտերնետում առաջացած գիտելիքի աղտոտվածության վրա: Նա Անիի ավերակներին վերաբերող կայքէջի առնչությամբ ասում է. «Բազմաթիվ մարդկանց են հետաքրքրում մեր երկրի պատմական եւ մշակութային արժեքները: Դրանցից մեկն էլ Անին է: Սակայն ինտերնետով իրարից բոլորովին տարբերվող գիտելիքներ է մատուցվում Անիի ավերակների մասին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է դարձել, գիտական ուսումնասիրությունների լույսի ներքո, պաշտոնական կայքէջի միջոցով գիտելիքի աղտոտվածության մաքրումը: Միաժամանակ Անիի ավերակները մեր երկրի պատմական արժեքների կարեւոր մասն են, ուստի դրանց ճանաչողությունը կարեւոր առաջադրանք է մեզ համար: Դրանից ելնելով` մենք էլ գլխավոր վարչության գիտելիքների տեխնոլոգիաների բաժնում բացեցինք այս կայքէջը»: