- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Պատերազմի սպասումո՞վ

«Վոեննո Պրոմիշլեննի Կուրիեր», 14-20 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (“Военно-промышленный курьер“)
Ռուսիմ Մամեդով (Русим Мамедов)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները` (1) , (2) , (3)

ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ

2008 թվականի օգոստոսին Անդրկովկասում ծավալված դրամատիկ իրադարձություններից հետո, երբ Ռուսաստանն օգնեց Հարավային Օսիային հետ մղել Վրաստանի հարձակումը, եւ ճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, հետխորհրդային Հարավային Կովկասում վերսկսվեցին խոսակցությունները նոր պատերազմի սանձազերծման հնարավորության մասին։ Այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղի համար:

Թվում էր, Ռուսաստանի միջնորդությամբ, Մոսկվայում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներն ստորագրեցին, այսպես կոչված, Մայնդորֆյան հռչակագիրը (փաստաթուղթն ստորագրվել էր մերձմոսկովյան Մայնդորֆ նստավայրում)` պարտավորվելով ղարաբաղյան խնդիրը լուծել միջազգային սկզբունքների հիման վրա, այսինքն՝ քաղաքակիրթ եղանակներով։ Սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, թե Մոսկովյան հռչակագիրը չի բացառում այդ խնդրի նաեւ ռազմական լուծման հնարավորությունը։ Այդ մտադրությունները իրապես հաստատվում են երկրի ռազմական բյուջեի աճով՝ մինչեւ 2,2 մլրդ ԱՄՆ դոլլար, այսինքն, 2006 թվի համեմատ` աճ ավելի քան երեք անգամ:

Ընդ որում, Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը, եւ գրեթե ամբողջ Լեռնային Ղարաբաղը (ԼՂՀ), ուր այժմ բնակվում են միայն հայեր, համարեցին, որ Մայնդորֆյան հռչակագիրը բացառում է ԼՂՀ-ն հակամարտող կողմ ճանաչելու հնարավորությունը, եւ ուրեմն, այդ չճանաչված հանրապետության ներկայացուցիչները չեն կարողանա ողջ թափով իրագործել իրենց շահերը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մոսկվայում հաստատված բանաձեւը հիմնված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Շատ հայերի համար դա անընդունելի է։ Այդ ֆոնին, հայկական եւ ադրբեջանական կողմերի շփման գծում սաստկացան ռազմական բախումներն ու հրաձգությունները։ Իսկ հակամարտության կարգավորման գործընթացին միացավ Թուրքիան, որը ցանկանում է Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, գործուն տնտեսական հարաբերություններ ծավալել եւ բացել սահմանները։
Ակնհայտ է, որ ղարաբաղյան խնդրի վրացական սցենար չի լինելու, քանի որ Հայաստանը փաստացի ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, իսկ Ռուսաստանը` նրա դաշնակիցը, մտադրություն չունի հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ` մի երկրի, որն ավելի քան հավատարմորեն եւ, գլխավորը, առայժմ կանխատեսելիորեն է վերաբերվում Մոսկվային։ Սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ չեն կարող ծավալվել բացահայտ ռազմական գործողություններ։ Եւ դա հնարավոր կդառնա, եթե քաղաքական իրադրության հետագա սրում լինի ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում եւ չճանաչված ԼՂՀ-ում։ Այդ դեպքում հնարավոր է սցենար, երբ իրականություն դառնա Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ ճանաչելու մասին հայկական ընդդիմության պահանջների բավարարումը, այսինքն` նրա անկախ պետական կարգավիճակի ճանաչումը, ինչպես դա ժամանակին արեց Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ։
Հայկական խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը պարզապես համարում է, որ «Հայաստանը պետք է հրամայաբար առաջ քաշի պայման եւ պահանջի, որ այս հակամարտությունում բանակցային կողմ ճանաչվի Լեռնային Ղարաբաղը»։ Նա համարում է, որ դա կլինի այն դեպքում, երբ ընդդիմությունը Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն կազմի։ Եւ Սաֆարյանը չի բացառում, որ «փաստորեն Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար մնացել է մեկ սցենար` եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա»։ Կարճ ասած, մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի համար նոր պատերազմի հնարավորությունը չեն բացառում բազմաթիվ իրական քաղաքական ուժեր ինչպե՛ս Բաքվում, այնպե՛ս էլ՝ Երեւանում։

«ՎՊԿ»-ի ՏԵՂԵԿԱՆՔԸ
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ առավ, 1988 թվականին, առավելապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի(Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում այն ժամանակ բնակվող ադրբեջանցիների թիվը 23%-ից պակաս էր)՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին դիմումով։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացավ հանրաքվե, ուր 99,89%-ը արտահայտվեցին հոգուտ Ադրբեջանից լիակատար անկախության: (Այն ժամանակ Ղարաբաղից փախած ադրբեջանական գրեթե ողջ բնակչությունը չէր քվեարկել)։ Դրանից հետո սկսված ռազմական լայնածավալ գործողությունները հանգեցրին Լեռնային Ղարաբաղի եւ հարակից յոթ շրջանների նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության կորստին։ 1994 թվականի մայիսի 12-ից` հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնության ուժի մեջ մտնելուց հետո, դադարեցված են ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմերից զոհվել են մոտավորապես 25—30 հազար մարդ, եւ մի քանի հարյուր հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները։

Այստեղ մի շարք հարցեր են առաջանում։ Այն է` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների սկսման դեպքում ո՞ւմ կողմը կլինի Մոսկվան։ Այդ դեպքում ի՞նչ քաղաքականություն պետք է նա վարի Հարավային Կովկասում իր շահերը պաշտպանելու համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմական գործողություններին ինչպե՞ս կվերաբերեն ՆԱՏՕ-ի երկրները, ու նախ եւ առաջ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ այլն։ Մոսկվան ի՞նչ կերպ հարաբերություններ կկառուցի նրանց հետ։
Չնայած դրանց ամբողջովին վարկածային եւ սադրիչ բնույթին, այդ հարցերի պատասխանները պետք է ստացվեն արդեն հիմա, որպեսզի ԼՂՀ-ում հնարավոր ռազմական գործողությունները Մոսկվային հանկարծակիի չբերեն, եւ ամենակարեւորը՝ որպեսզի ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների ռազմա-դիվանագիտական շրջանները, եւ ռազմական ուժերը կարողանան կազմակերպել եւ անցկացնել կանխիչ միջոցառումներ։
Բոլորովին ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական ճակատում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ՌԴ-ն իրավունք ունի պահանջել հրադադարի հաստատում եւ խաղաղ բանակցությունների սկսում։ Հազիվ թե ճիշտ լինի ռազմական օգնության ցուցաբերումը Հայաստանին (նույնիսկ քողարկված)՝ Գյումրիում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի կողմից։ Բաքվին չգրգռելու համար ռուսական զորքերը պիտի պահպանեն կոշտ չեզոքություն, ընդ որում` ՌԴ ԱԳՆ դիվանագիտական շրջանները պիտի թույլ չտան, որ ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները խառնվեն հակամարտությանը։
Հակամարտության գոտում Մոսկվայի շահերը պաշտպանելու ամենանպաստավոր միջոցը կլինի պահանջել` ռուսական «երկնագույն սաղավարտների», ինչպես նաեւ, հնարավոր է, Ռուսաստանին հավատարիմ ԱՊՀ երկրներից՝ Ղազախստանից, Բելառուսից, Ղրղզստանից եւ Տաջիկստանից խաղաղարարների տեղակայում տարանջատման գծում, բայց ոչ մի դեպքում Եւրոպայից, ինչն էլ, հավանաբար, կլինի «հայկական լոբբիի» պահանջը։
Թվում է, թե ղարաբաղյան հակամարտության պարագայում Ռուսաստանի խաղաղարար գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ թե Երեւանին աջակցելուն, այլ հակամարտող բոլոր կողմերի շահերը հաշվի առնելուն, այդ թվում` ադրբեջանցիների, քրդերի եւ 1990-1993 թվականներին բռնությամբ Լեռնային Ղարաբաղից հեռացված այլ ժողովուրդների՝ ԼՂՀ վերադառնալու համար պայմաններ ստեղծելուն: