- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ծավալապաշտությամբ տառապող լեռնցիները [*]

«Նյու Սթեյթսման», 6 նոյեմբերի 2008թ.
Աղբյուրը`Newstatesman1
Նորման Սթոուն (Norman Stone)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունները ( 1 ) ( 2 )

Գտնվելով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի միջև` Կովկասն աշխարհի ամենաբազմազան տարածաշրջաններից է, և ինչպես Հարավային Օսիայում ու Աբխազիայում տեղի ունեցած վերջին կռիվները ցույց տվեցին, այն դեռ եռում է էթնիկ լարվածություններով: Նորման Սթոունը քննում է այդ տարածաշրջանի պատմությունը, որը լույս է սփռում ներկա բարդ իրավիճակի վրա:

Ազատության ուրվականը. Կովկասի պատմություն
Չարլզ Քինգ

Վրացի մի պրոֆեսոր մի քանի տարի առաջ իմ (թուրքական) համալսարան կատարած այցի ժամանակ ասաց. «Լեռներում ապրող մարդիկ հիմար են»: Կովկասում հավանաբար բավական հաճախ եք լսում նման արտահայտություններ, սակայն հազիվ թե ակնկալում եք այսպիսի որակումներ լսել պրոֆեսորից: Ինչևէ, դրանում երևի մի բան կա. դա հաստատում են նաև 1745-ի Յակոբինյան լեռնցիներն` իրենց խենթ լոյալիզմով, կամ, այդ նույն առումով` Նավարացի Կառլիստները` քաջ ու ռոմանտիկ, անշուշտ` իրենց սեփական պատվո վարքականոններով, սակայն` ոչ շատ խելացի:

Ֆրանսիացի սոցիոլոգ Անդրե Զիգֆրիդն այս թեման զարգացրել է մեկ դար առաջ, քանզի նկատել էր, որ քվեարկելու ձևերը կախված են տեղանքի աշխարհագրական բարձրությունից. հովիտներում մարդիկ նորմալ կյանք էին վարում, սակայն պատկերը փոխվում էր, որքան վեր էիր բարձրանում: Սնունդը շատ աղքատիկ էր, տնտեսությունը ոչխարագողությունն էր կամ մաքսանենգությունը, ցասումը եռում էր հովիտների բնակիչների հանդեպ, և իշխող կրոնն ուներ վայրի բնույթ: Կովկասը համապատասխանում է Զիգֆրիդի սահմանած օրինաչափությանը, այն տարբերությամբ, որ որքան բարձրանում ես, այնքան ավելի անհասկանալի լեզուների ես հանդիպում: Չարլզ Քինգի խոսքով` «Հյուսիս-արևելքը նախյան (նախոդաղստանյան) լեզուների 2 հանգրվանն է… ինչպես նաև` միմյանցից տարբեր լեզուների մի խառը տրցակի, որ ներառում է ավարերենը, դարգիերենն ու լեզգիերենը»:
Նա մոռացել էր թաթերին, որոնք լեռնային հրեաներ են, և գթասրտորեն մոռացել էր նաև մի շարք այլ բաներ, որովհետև ամբողջ տարածաշրջանը մի գեղադիտակ է, իսկ հնագույն պատմությունը` շատ խճճված. Իբերիայի և Աղվանքի (Albania) հեղհեղուկ գոյությունը, օսերը` որոնց մասին աշխարհը վերջերս շատ լսեց, անկասկած սերել են ալաններից` այն բարբարոս ցեղերից, որոնք սրընթաց կտրեցին-անցան Հռոմեական կայսրությունը, վերջինիս ուշ շրջանում` կանգ առնելով հյուսիսային Աֆրիկայում:

Չարլզ Քինգի մեծ արժանիքն այն է, որ նա շատ հմտորեն է պարզեցումներ ու բացթողումներ անում. նա լավ է գրում և կարողանում է կարդալ կարևոր լեզուներով (որոշ պատճառներով, բազմաթիվ կարևոր աղբյուներ գերմաներենով են. գերմանացիները հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում Կովկասի նկատմամբ, իսկ 1918 թվականին նույնիսկ ծրագրում էին սուզանավեր (U-boats) տեղակայել Կասպից ծովի ավազանում): Բոլոր կարևոր թեմաներն այստեղ են` որոշ հետաքրքիր լրացումներով:

Քինգը կենտրոնացել է Կովկասի ժամանակակից պատմության վրա, մոտավորապես 1700 թվականից սկսած, երբ Ռուսաստանը սկսեց Պարսկաստանից և Օսմանյան կայսրությունից վերցնել գերիշխանությունը: 1801 թվականին նա բռնակցեց Վրաստանի մեծ մասը: Դա համեմատաբար դյուրին էր իրականացնել, քանի որ այն շատ մասնատված երկիր էր (իսկ լեզուն՝ ինքնին ենթախմբերի բաժանված, այնքան դժվար է, որ նույնիսկ Ռոբերտ Քոնքուեստը, գրելով Ստալինի կենսագրությունը, անհնար համարեց այն սովորելը): Այն նաև քրիստոնյա երկիր էր, ազնվականությունն, ընդհանուր առմամբ, ուրախ էր համաձայնության գալ ցարի հետ, և այնտեղ հեշտությամբ կարելի էր հասնել ծովով, մինչդեռ Կովկասի այլ հատվածներ շատ ավելի դժվարանցանելի էին` հաշվի առնելով լեռնային և անտառապատ տեղանքը: Հյուսիսային Կովկասի տարատեսակ մահմեդական բնիկները հայտնի էին որպես «չերքեզներ» (ներկայիս չեչեններն առնչվում են նրանց) և նրանք արտակարգ դիմադրություն էին ցուցաբերում ռուսական ներխուժմանը:

19-րդ դարի ընթացքում ի հայտ եկան կոզակները, կառուցվեց ամրաշինությունների գիծ, սակայն լեգենդար Շեյխ Շամիլի գլխավորությամբ հասունացավ կատաղի ցեղային-կրոնական ապստամբություն: Խորհրդավոր-կրոնական ներշնչանքը զուգակցելով չափազանց խելացի պարտիզանական մարտավարության հետ` Շամիլը կասեցրեց ռուսների առաջխաղացումը մի ամբողջ սերնդի համար: (Քինգի մատենագիտությունը շատ հիմնավոր է և օգտակար, սակայն նա կարող էր հիշատակել մի դասական գիրք այս մասին` Լեսլի Բլանչի «Դրախտի թրերը», նույն հեղինակը հետո գրեց նաև էրոտիկ Արևելքի մասին «Սիրո առավել վայրի ափերը»):

Ռուսները չերքեզների հարցը «լուծեցին» զանգվածային արտաքսումով: Շուրջ 1.250.000 մարդու վտարեցին. Քինգը շատ լավ է նկարագրել նրանց ճակատագիրը, քանզի արտաքսվածների մեկ երրորդը մահացավ հիվանդություններից կամ սովից ու բնաջնջումից, իսկ մյուսները ցրվեցին Առաջավոր Ասիայում և Մերձավոր Արևելքում: Հաստատվելով արևելյան Անատոլիայում` նրանք հանդիպեցին հայերին, և դաժան հակամարտություն ծավալվեց: Մեկ սերունդ հետո, գրեթե նույն ճակատագիրը բաժին հասավ արևելյան Թուրքիայի հայերին: Քինգը բավական ճիշտ զուգահեռներ է անցկացրել:
Շամիլին ի վերջո բռնեցին, սակայն ռուսները նրան լավ վերաբերվեցին, իսկ նրա ընտանիքի մի մասը ձուլվեց ցարական արիստոկրատիայում: Սա թերևս հարցերի այն հարթությունն է` Ռուսաստան-իսլամ հարաբերությունները, որ Քինգը կարող էր հետազոտել: Նա մի աշխատություն է գրել այն մասին, թե ինչպես է Կովկասը պատկերված ռուսական գրականության մեջ (hատկապես` Լերմոնտովի և Տոլստոյի մոտ), սակայն և՛ Պուշկինը, և՛ Դոստոևսկին հիացած են եղել իսլամով, իսկ Ռուսաստանը` ցարական թե կոմունիստ (և նույնիսկ` մեր օրերում), բավականին վարպետորեն է զբաղվել մահմեդականներով: Թաթարները թերևս շահեկան գործոն դարձան. Նուրիևն ու Բարիշնիկովը, որոնց անունները թուրքերենով նշանակում են «լույս» և «խաղաղություն», դրա վառ օրինակն են:

19-րդ դարի ընթացքում Կովկասը բացվեց, և մահմեդականներից շատերը դարձան ցարի հավատարիմ հպատակներ: Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսը (և ինչու՞ ենք մենք գործածում թշվառ «Թբիլիսի»-ներ կամ «Վիլնյուս»-ներ տեղանունները պատմական քարտեզի վրա այդքան լավ նշված վայրերի համար), որ փոխարքայի նստավայրն էր, ձգվում էր Կարսից` արևելյան Անատոլիայում, դեպի Կասպից ծովի ավազան, այնտեղով անցնում էին երկաթգծերը կամ ռազմական ճանապարհները: Կասպիական ավազանից նավթ էին արդյունահանում, իսկ ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն դառնում էր ծաղկող քաղաք, որի ճարտարապետության մեծ մասը ուշ-վիկտորիանական շրջանի ոճի էր: Հսկա առանձնատներից մեկը տպավորիչ կերպով վերականգնվեց որպես պատմական թանգարան:

Մինչև այսօր էլ տպավորիչ է այժմ արևելյան Թուրքիայում գտնվող Կարս քաղաքի ուրույն ճարտարապետությունը, ու թեև քաղաքը Սառը պատերազմի տարիներին շատ վատ ժամանակներ է ապրել, այսօր այն ավելի լավ վիճակում է, քանզի այնտեղով է անցնում Բաքվից եկող նավթամուղը, և վերականգնվել են հին երկաթգծի հանգույցները: Նույնիսկ հիմա` չնայած սոսկալի կլիմային, Կարսի բնակիչները նկատելիորեն ավելի խելացի են ու ավելի կրթված, քան Տրապիզոնի կամ Էրզրումի բնակիչները, որոնք մնացել էին Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Համաձայն Օրհան Փամուկի «Ձյունը» գրքի (որն այդ քաղաքի մասին է)` Կարսը շատ լավ թատրոն ուներ, սակայն եթե մահմեդական կնոջ հագուստի կարիք ունեիր, պետք է հասնեիր Էրզրում, որը գավառական-բարեպաշտ քաղաք էր (հիմա էլ այդպես է. աղոթքի կանչերը հաճախակի են ու խլացնող): Իր ոճով, Կարսը մանրակերտ պատկերն է մինչ 1914 թվականն ընկած ժամանակաշրջանի, որը կարող էր լինել Ռուսաստանի պատմության հզոր շրջանը. 1914 թվականն ընդհատեց բարգավաճման ընթացքը, թերևս նույնիսկ` բուրժուական հեղափոխությունը: 1917 թվականի հեղափոխությունը վերջ դրեց այս ամենին:

Մի պաթետիկ դրվագ կա, երբ Անդրկովկասի երեք երկրները` Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը հռչակեցին հեղհեղուկ անկախություն, թեև այդ ժողովուրդները միախառնված էին (որոշ չափով այդպես է նաև հիմա): Բաքվում և Թիֆլիսում մեծաքանակ հայ բնակչություն կար, իսկ Երևանն` այսօրվա Հայաստանի տարածքում, մոտավորապես կիսով չափ մահմեդականներով էր բնակեցված` ադրբեջանցի կամ քուրդ: Այնուհետև տեղի ունեցան «Էթնիկ զտումներ». հատկապես հայերը, դրսևորելով ծավալապաշտական մղումներ, և նույնիսկ, որպես անկախության շրջանի առաջին գործողություն, 1918 թվականին, Սուրբ Ծննդյան օրը ներխուժեցին Վրաստան: Մինչ այսօր հայկական սփյուռքի մեծ մասը, թվում է, այդպես էլ չի ներել արևմուտքին` իրենց դատին չաջակցելու համար` ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու այդ տարօրինակ ու համառ պահանջներին: Հնարավոր է, դա ցեղասպանություն էր, սակայն ինչպես Քինգն է ցույց տալիս, հայերը միակ զոհը չէին, ոչ մի դեպքում, ու թերևս ի պատիվ չերքեզների (և այլոց) հետնորդների է, որ վերջիններս ցեղասպանության նույնպիսի ճանաչում չեն պահանջում Կոնգրեսից, կամ Ազգային Ասամբլեայից, կամ Քարդիֆի քաղաքային խորհրդից կամ էլ Էդինբուրգի Ծերակույտից:

Այնուհետև տեղի ունեցավ Կովկասի խորհրդայնացումը. հիմա արդեն կոմունիստների հերթն էր պարզելու, թե որքան բարդ են լինելու ազգային հարցերը, որ արդյունքում կործանեցին նրանց: Նախ և առաջ` կոմունիզմը շատ հրապուրիչ էր ազգային հարցերի լուծման առումով. ո՞վ լիներ, որ նայեր Կովկասին (ինչպես որ Հարավսլավիային) ու հուսահատ միջոցներ չփնտրեր` կանգնեցնելու այդ զազրելի ազգայնականության աճը:

Բազմաթիվ ազդեցիկ կոմունիստներ, սկսած հենց Ստալինից, ծագումով Կովկասից էին, և Ստալինը վերջում դիմեց (չեչենների և շատ ու շատ այլ ժողովուրդների) արտաքսման` որպես հարցի միակ լուծում: Դա հակադարձ ատելություններ առաջացրեց, որ հետ-խորհրդային կյանքը դարձրին այդքան դժվարին: Հայերը կրկնեցին 1918 թվականի իրենց երևակայական արկածախնդրությունը և ներխուժեցին հարևան Ադրբեջան` երևակայական արկածախնդրության հետևից: Նրանք հաղթականորեն ծածանեցին իրենց դրոշները Ղարաբաղի վրա, որը ստիպում է շատ սփյուռքահայերի կրծքեր հպարտությունից ուռչել: Այս քայլը և արդյունքում` նրանց մեկուսացումը, արդեն իսկ աղքատ, առանց ծովի փոքրիկ այս տարածքին տնտեսական խնդիրներից բացի ուրիշ ոչինչ չեն տվել, իսկ բնակչության թիվն, արտագաղթի արդյունքում, նախկին 3 միլիոնից նվազեց 2 միլիոնի սահմանագծից էլ ցած. անկախությունն, այլ կերպ ասած, ավելի մեծ վնաս պատճառեց, քան երբևէ թուրքերն են պատճառել:

18-րդ դարում վրացիները մի տիրակալ են ունեցել, որն ինքն իրեն բնութագրում էր որպես «Ամենաբարձրյալ Արքա` Մեր Տիրոջ Կամոք, աբխազների, քարթվելների, կախեթների և հայերի Տիրակալ Արքայից Արքա և Ողջ Արևմուտքի ու Արևելքի Տիրակալ». Այլ կերպ ասած` մեկ այլ ծավալապաշտական դրսևորում` իր ժամանակների հնչեղությամբ: Չարլզ Քինգը շատ ուսուցողական և հետաքրքիր գիրք է գրել այս ամենի մասին:

—————

[*] Այստեղ կիրառված ստույգ եզրը մեծամոլությունն է (megalomania), սակայն ռասիստական ու ցինիկ կեցվածքով այս հեղինակը` Ն. Ստոունը, խոսում է տարածքային նկրտումների մասին` ի նկատի ունենալով հատկապես հայերին: Հետևաբար այս դեպքում առավել ճշգրիտ է ոչ թե մեծամոլությամբ, այլ ծավալապաշտությամբ տառապող թարգմանելը («Արարատ» ՌԿ խմբ.)։

  1. «Նյու Սթեյթսմեն»-ը (New Statesman) բրիտանական «ձախակողմյան» քաղաքական ամսագիր է, հրատարակվում է Լոնդոնում: Ներկայիս խմբագիրը` Ջեյսոն Քոլեյն է: Ամսագիրը ստեղծվել է 1913թ.-ին: Հիմնադիրներն են Սիդնեյ եւ Բեատրիս Ուեբերները` Բերնարդ Շոուի եւ Ֆաբիանների Ընկերության (Fabian Society) հետ միասին:
  2. Այս լեզուները պատկանում են փոքրիկ մի լեզվաընտանիքի, որով խոսում են հիմնականում Ռուսաստանում` չեչեններն ու ինգուշները, իսկ Վրաստանում՝ ծովաթուշերը (Bats) («Արարատ» ՌԿ խմբ.)։