- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Նոր` վատ ցնցումներ. թուրքական և հրեական պետությունների միջև հատուկ հարաբերությունները վտանգված են

«Էկոնոմիստ», 29 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (The Economist)

Գազայի վրա Իսրայելի հարձակման դեմ համատարած վրդովմունքը կտրուկ կոշտացրել է հրեական պետության հանդեպ թուրք ժողովրդի և կառավարության խոսելաոճը: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտեց Իսրայելին` պաղեստինցիների դեմ վերջինիս իրականացրած հարձակումների պատճառով: Մինչև հիմա նա դիմակայում էր Իսրայելի հետ կապերը սահմանափակելու կամ նույնիսկ` սառեցնելու ներքին պահանջներին: Բայց երկու երկրների միջև ռազմավարական բարեկամության ջատագովներից ոմանք մտավախություն ունեն, որ այդ բարեկամությունը կարող է վտանգված լինել:

Հանրության աչքից հեռու, թուրք պետական գործիչները, հատկապես` բանակի ներկայացուցիչները, դեռ թանկ են գնահատում Իսրայելի հետ իրենց հարաբերությունները: Այս շաբաթ ելույթ ունենալով Շվեյցարիայում` պրն Էրդողանը, կարծես ձգտում էր վերջ դնել այս վեճին: Նա բացատրեց, որ Գազայի պատերազմն իրեն վրդովեցրել է հատկապես այն պատճառով, որ իր անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ Իսրայելն ու Սիրիան արդեն մոտ էին Գոլանի բարձունքների հարցում համաձայնության հասնելուն: Նա նշեց, որ փորձել է նաև համաձայնության գալ Համասի հետ` բանտարկյալների փոխանակման, այդ թվում` առևանգված իսրայելցի կապրալի ազատ արձակման շուրջ:

Նմանատիպ վիճաբանություններ նախկինում էլ են եղել: 2004թ., երբ Իսրայելը Համասի հիմնադիր Շեյխ Ահմեդ Յասինին սպանեց Գազայում` մզկիթից դուրս գալիս, Թուրքիան Իսրայելին ահաբեկչական պետություն անվանեց, ինչը կատաղեցրել էր վերջինիս: Այնուհետև պրն Էրդողանը Խալեդ Մեշաալին` Համասի ներկա առաջնորդին, հրավիրեց Թուրքիա: Սակայն Միացյալ Նահանգների միջամտությամբ` իսրայելա-թուրքական հարաբերությունները նորոգվեցին: Ռազմական համագործակցությունը շարունակվեց: Հանուն այդ ռազմավարական կապերի` Իսրայելն անբեկանելի որոշում է կայացրել` անտեսել Թուրքիայի` երբեմն շատ կոշտ հայտարարությունները: Փորձելով մեղմել հրեաների և իսրայելցիների բարկությունը` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանը Համասին հորդորեց որոշել` այն ուզում է զինված խմբավորու՞մ լինել, թե՞ քաղաքական շարժում:

Բայց այս անգամ պրն Էրդողանի բարկությունն ավելի մեծ էր: Իսրայելը, դժգոհում էր նա, «մարդկության դեմ հանցանք է իրականացնում… Աշխարհը չպետք է աչք փակի Իսրայելի վայրագության վրա… Ինչպե՞ս կարելի է այսպիսի երկրին, որը բացարձակապես անտեսում է և չի իրականացնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, ՄԱԿ-ի դարպասներից ներս թողնել»:

Իսրայելին հատկապես բարկացրեց կրթության նախարարության շրջաբերականը, որը դպրոցականներին կարգադրում էր մեկ րոպե լռություն պահպանել` ի նշան պաղեստինցի երեխաների հետ համերաշխության: Իսրայելցիները թուրքերին համոզեցին հրաժարվել շարադրության և նկարչության մրցույթից, որտեղ դպրոցականները պետք է արտահայտեին Իսրայելի նկատմամբ իրենց ատելությունը: Իսրայելի պաշտոնյաներն ակհայտորեն պատրաստ էին պատասխանել դրան` առաջարկելով Առաջին աշխարհամարտի ընթացքում թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը քննարկելու նպատակով Իսրայելի դպրոցներում հատուկ ծրագիր մտցնել:

Ամեն դեպքում, Գազայի դեմ ռազմական գործողությունների օրերին Թուրքիայի փողոցներում հակաիսրայելական վրդովմունք բարձրացավ: Երկրով մեկ անցկացվող ցույցերի մասնակիցները վանկարկում էին. «Մարդասպա՛ն Իսրայել: Ֆաշիստակա՛ն Իսրայել: Թուրքական զորքեր, առա՛ջ դեպի Երուսաղեմ»: Իսրայելական ապրանքները բոյկոտելու և ռազմական համագործակցությունից հրաժարվելու կոչերն ավելի ու ավելի էին ուժգնանում:

Հերթական անգամ գլուխ բարձրացրեց հակասեմիտիզմը: Արևմտյան Էսկիսեհիր քաղաքում ազգայնական խմբավորումը ծածանում էր պաստառներ, որոնց վրա գրված էր. «Մուտքը միայն շների համար. ոչ մի հայ կամ հրեա»: Թուրքիայի 25,000-անոց հրեական համայնքի վրդովմունքը, ինչպես նաև արտգործնախարարության ճնշումը տեղի դատախազներից մեկին ստիպեց հետաքննություն սկսել: Թուրքիայի հրեական համայնքը տարածեց մի բացառիկ հայտարարություն, որում ասվում էր. «Մենք` Թուրքիայի հրեաներս Թուրքիայի հանրապետության անբաժանելի մասն ենք և խորը վիշտ ենք ապրում վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում հայտնվող մեկնաբանությունների առնչությամբ, որոնք ստորացնում և վիրավորում են մեր կրոնը` դարձնելով մեզ թիրախ»:

Հինավուրց դաշինք
Թուրքերը հերքում են հակասեմիտիստական մեղադրանքները, նշելով, որ 500 տարի առաջ օսմանյան սուլթանները բացել են դռները Իսպանիայում քրիստոնյաների հետապնդումներից խույս տված հրեաների առջև: 1948թ. Թուրքիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Իսրայելը: 1996թ. կնքված ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն` իսրայելցի օդաչուները զորավարժվում են Թուրքիայի երկնքում: 2007թ. երկկողմ առևտրի ծավալը հասավ $2.7 միլիարդի: 2006-ից 2007թթ. Թուրքիա այցելած իսրայելցիների թիվը 362,000-ից հասավ 511,400-ի (Իսրայելի բնակչության ավելի քան 7 տոկոսը): Թուրքիան նաև ամերիկացիների գովասանքին է արժանացել` վերջին շրջանում Սիրիայի և Իսրայելի միջև իր միջնորդական ջանքերի համար:

Սակայն հակասեմիտիզմը հաճախ ընդհանուր` հակաքրիստոնեական և հակաարևմտյան տրամադրությունների մաս է կազմում: «Հրեա» և «հայ» բառերը հաճախ օգտագործվում են որպես անպատվություն: Անցյալ տարի «Փյու Գլոբլ Աթիթյուդս» (Pew Global Attitudes) ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Թուրքիայում աճել են հակահրեական տրամադրությունները. 76%-ը նշել է, որ բացասաբար է վերաբերվում հրեաներին, և միայն 7%-ն է ասել, որ լավ է վերաբերվում նրանց:

Հակասեմիտիզմն ակնհայտ էր նաև իսրայելցի ֆինանսիստ Սեմի Օֆերի դեմ արշավի ընթացքում: Նա ծրագրում էր պատմական Գալաթա շրջանը և Ոսկե եղջյուրի մոտ գտնվող դրա նավահանգիստը վերակառուցելու նպատակով թուրք գործընկերոջ հետ համատեղ ներդրումներ կատարել: Համատարած պնդումները, թե դա անազնիվ գործարք է, և «հրեական կապիտալը» փորձում է զավթել իրենց երկիրը, ստիպեցին չեղյալ հայտարարել մրցույթը:

Արմատական թուրք իսլամիստները երկար ժամանակ փորձում են հակասեմիտիզմ հրահրել: Նրանք ծաղրում են ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, աշխարհիկ Քեմալ Աթաթուրքին` պնդելով, թե նա «իրականում հրեա» էր: Վերջին տարիներին որոշ ձախակողմյան ուժերի ներկայացուցիչներ ու քեմալականներ են միացել հակահրեական «խմբերգին», ինչը հաճախ ուղեկցվում է Միացյալ Նահանգների հանդեպ թշնամանքով: ԱՄՆ-ը հաճախ մեղադրվում է Իսրայելի հետ Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետություն ստեղծելու դավադիր ծրագրեր բանսարկելում, ինչի արդյունքում Թուրքիան վերջիվերջո կզրկվի իր հարավարևելյան տարածքի մի մեծ կտորից:

Հնարավոր է, որ թուրք, ամերիկացի և եվրոպական անդրկուլիսյան լոբբին է պրն Էրդողանին համոզել մեղմել իր տոնը: Վերջերս Թուրքիայի խորհրդարանում նա հայտարարեց. «Ես, որպես առաջնորդ, ասել եմ, որ հակասեմիտիզմը մարդկության դեմ հանցանք է»: Բայց եթե հակահրեական հայտարարությունները Թուրքիայում շարունակվեն, ԱՄՆ-ում իսրայելական լոբբին կարող է պատասխան հարված տալ` թուրքերի կողմից իրականացված շուրջ 1մլն հայերի զանգվածային կոտորածները «ցեղասպանություն» անվանող Կոնգրեսի բանաձևին սատարելով: Մինչև հիմա Ամերիկայի ազդեցիկ հրեական լոբբին օգնել է արգելափակել այս բանաձևը, չնայած Բարաք Օբաման և նրա փոխնախագահ Ջո Բայդենը նախկինում օգտագործել են «ցեղասպանություն» բառը և պարտավորվել են սատարել օրինագծի ընդունմանը:

Ամերիկայում հայկական սփյուռքի լոբբիի որոշ անդամներ կտրականապես դեմ են դիվանագիտական կապեր հաստատելու և սահմանը վերաբացելու նպատակով Թուրքիայի և Հայաստանի միջև գաղտնի բանակցություններին: Ամերիկացի հրեաները երկար ժամանակ դժկամությամբ են պաշտպանել Թուրքիային հայերի ջարդերի հարցում: Մինչև հիմա հաղթել է իրապաշտությունը, և նրանք թուրքերի կողմն են բռնել: Բայց եթե պրն Էրդողանը շարունակի դատապարտել Իսրայելին, նրանք կարող են փոխել իրենց միտքը: