- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայրը դատական գործ է հարուցել Թուրքիայի կրթության նախարարության դեմ` Հայոց «ցեղասպանության» մասին տեսանյութի համար

«Թայմս», 28 փետրվարի, 2009թ.
Աղբյուրը`The Times
Սունա Էրդեմ (Suna Erdem)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Մի հայր ծնող դատի է տվել Թուրքիայի կրթության նախարարությանն այն պատճառով, որ իր 11-ամյա դստերը ստիպել են դիտել «ռասիստական» և «ցնցող» կինոնկար, որը հակադարձում է 1915 թվականին հայերի դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության մասին պնդումները և պարունակում է իբր թուրքերի նկատմամբ հայերի գործած դաժանությունների գրաֆիկական պատկերներ:

Այս դեպքը վառ օրինակ է այն բանի, ինչը մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներն անվանում են Թուրքիայի դպրոցականների ուղեղների լվացման (ռասիստական հալածախտի (paranoia) հասցնող) պետական ռազմամոլ քաղաքականություն, որի միջոցով Թուրքիան ձգտում է պահպանել ազգայնականության ներկա մակարդակը` մի բան, որ քննադատել է Եվրամիությունը, որին փափագում է անդամակցել Թուրքիան:

«Աղջիկս շատ վշտացած էր ու վախեցած այդ վավերագրական կինոնկարից և անընդհատ հացնում էր` արդյո՞ք հայերը մեզ մորթել են»,- պատմում է էթնիկ թուրք բժիշկ Սերդար Քայան, որը դատական գործ է հարուցել նախարարության ու երեխայի դպրոցի դեմ` ռասիստական ատելություն հրահրելու համար:

«Ֆիլմում բազմաթիվ զանգվածային գերեզմաններ, ոսկորներ ու գանգեր են ցուցադրվում: Հարցազրույցներ են վարել կարեկցանք ու հավատ ներշնչող ծեր պապիկների հետ: Երբ նման խոսքեր են ասվում, թե` «կտրել են նրա գլուխը» և «օգտագործել այն վառելափայտի փոխարեն», դրանք անպայմանորեն մնալու են երեխաների գիտակցության մեջ»,- հայկական «Ակոս» թերթին ասել է հոգեբան Սերդար Դեգիրմենիչօղլուն, երբ առաջին անգամ հայտնի դարձավ, որ վավերագրական ֆիլմը ցուցադրվում է տարրական դասարանների երեխաներին` ներառյալ ծագումով հայ թուրքերին:

Կրթության նախարարությունը հայտնել է, որ դադարեցրել է հայկական ժողովրդական մի երգի անունը կրող` «Շիկահեր հարսնացուն» (Sari Gelin) վավերագրական ֆիլմի տարածումը: Սակայն ֆիլմը փաստորեն հետ չեն հավաքել, և քննադատներն ասում են, որ այն շարունակում է ուսումնական ծրագրի մաս կազմել:

Որոշ պատգամավորներ այս հարցը բարձրացրել են խորհրդարանում: «Էգիթիմ-Սեն» կրթական միությունը դատապարտել է ֆիլմը, իսկ Պատմության հիմնադրամն այն որակել է որպես անհիմն քարոզչություն:

Մեկ այլ դատական հայց է ներկայացրել թուրքահայ սպանված լրագրող Հրանտ Դինքի հիշատակին ստեղծված հիմնադրամը: «Ակոսի» նախկին խմբագիրը սպանվեց 2007 թվականին, մի երիտասարդ ազգայնականի կողմից, և այժմ հետաքննվում են վերջինիս կապերը անվտանգության ուժերում և պետական ապարատում գործող` «Էրգենեկոն» ծածկանվամբ ծայրահեղ ազգայնական խմբավորման հետ: «Վավերագրական ֆիլմի ողջ ընթացքում «հայ» բառն օգտագործվում է հազարավոր անգամներ և միայն բացասական երանգավորմամբ»,- հայտնում են Հիմնադրամից:

Պրն. Դինքն այն մի քանի հայտնի մտավորականներից էր (դրանց թվում նաև` Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը և բեսթսելլերների հեղինակ Էլիֆ Շաֆակը), որի դեմ ազգայնական փաստաբանները դատական գործ էին հարուցել` հայերի զանգվածային սպանությունների մասին ակնարկող մեկնաբանությունների ու նամակների համար: «Ակնհայտ է, որ այդ բոլոր դատական հայցերը մեքենայությունների ծրագրի մաս են կազմում… Թուրքական հասարակության մեջ կա մի հիվանդ, աննորմալ հյուսվածք, որին թունավորում են ազգայնական, ռասիստական վարակով»,- նշում է անկախ պատգամավոր Ուֆուք Ուրասը, որը պաշտպանում է պրն Քայայի գործը:

Շատ պատմաբաններ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են որակում, սակայն նույնիսկ նրանք, ովքեր մերժում են այդ եզրը, ընդունում են, որ հարյուր հազարավոր հայեր մահացել են, երբ օսմանյան թուրքերը արտաքսել են նրանց արևելյան Անատոլիայից: Ըստ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի` զոհերի քանակը «միլիոնից ավել» է եղել:

«Դու գնում-սպանում ես ավելի քան մեկ միլիոն հայ, Անատոլիայից ջնջում ես հայերի հետքերն, առևանգում ես նրանց սեփականությունը և հետո երեխաներին ցուցադրում ես տեսաժապավեններ, թե` «Ինչ են մեզ արել հայերը»… Մենք մեկուսացնում ենք այս երեխաներին աշխարհից»,- նշում է «Թարաֆ» անկախ թերթի խմբագիր Ահմետ Ալթանը: