- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիան և բանակը. դավադրության տեսություններ

«Էկոնոմիստ», 29 հունվարի, 2009թ.
Աղբյուրը` (The Economist)

«Էրգենեկոն»-ի գործով լրացուցիչ կասկածյալների ձերբակալությունը նոր հարցեր է առաջացնում բանակի և կառավարության միջև հարաբերությունների վերաբերյալ:

Հարավ-արևելյան Սիզիր քաղաքի և Իրաքի սահմանի միջև ինչ-որ տեղ` գետնի տակ հանգչում են մարմիններն բազմաթիվ այն այլախոհ քրդերի, որոնք անհետացան, երբ օրենքից դուրս համարվող Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) 24 տարիների անջատական պայքարը հասավ գագաթնակետին: Նրանք խոշտանգվել ու սպանվել են հակաապստամբական ուժերի կողմից, որոնք գործողությունների լիակատար ազատություն էին ստացել ապստամբների դեմ պայքարում: Այսպիսի պնդումներով է հանդես եկել ՔԲԿ-ի նախկին լրտես Աբդուլքադիր Այգանը, որը սահմռկեցուցիչ մանրամասներով է նկարագրել բազմաթիվ ինքնադատաստան սպանություններ, որոնք ենթադրաբար իրականացվել են բանակի հրամանով. նրա հաղորդած այս տեղեկությունը հայտնվեց այս շաբաթվա լուրերի գլխագրերում: Տեղի դատախազներից մեկը համաձայնել է հետաքննություն սկսել մեղադրանքների առնչությամբ, երբ 47 ընտանիք դիմել են նրան` տարիներ առաջ կորած իրենց բարեկամների մարմինները գտնելու նպատակով փնտրողական աշխատանքներ սկսելու խնդրագրով:

Պարոն Այգանի խոստովանությունը վերջինն է այն աղմկահարույց բացահայտումներից, որ առնչվում են «Էրգենեկոն» (ենթադրյալ գաղտնի կազմակերպություն) անունը կրող գործին: 86 մարդ, այդ թվում` պաշտոնաթող գեներալներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ, ովքեր ենթադրաբար ծրագրում էին մի շարք բարձրաստիճան անձանց սպանություններ իրականացնել, քաոս ստեղծել և ռազմական հեղաշրջում հրահրել Թուրքիայում, դատվել են այս գործով: Ենթադրվում է, որ մեղադրյալներից մի քանիսը կապեր ունեն մաֆիայի և թմրաբիզնեսով զբաղվող հանցավոր խմբերի հետ:

Հունվարի 22-ի վաղ առավոտյան, երկրով մեկ իրականացված շուրջկալի արդյունքում ձերբակալվեց ևս 39 մարդ (որոնցից հինգը` բանակի գործող սպաներ): Այս ձերբակալություններն «Էրգենեկոն»-ը դարձրին, ինչպես շատերն են ասում, Թուրքիայի պատմության ամենանշանակալի քրեական հետաքննությունը: Դատախազներն այժմ փորձում են պարզել կապը 2007թ.-ին պոլսահայ խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ, որին, մահվանից առաջ, սպառնացել էր պաշտոնաթող գեներալ Վելի Քուչուքը: Պրն Քուչուքը, որը ենթադրաբար «Էրգենեկոն»-ի պարագլուխներից է, ձերբակալվեց 2008թ. հունվարին:

Եթե մեղադրող կողմին երբևէ հաջողվի մինչև վերջ բացահայտել գործը, երևան կգան Թուրքիայի ոչ հեռու անցյալի որոշ մութ էջեր: Իսկ Թուրքիայի կողմից դա հսկայական քայլ կլինի` լիարժեք արևմտյան ժողովրդավարություն և Եվրամիության անդամակցության հարմար թեկնածու դառնալու ճանապարհին: Բայց ներկայում «եթե»-ն դեռ շատ մեծ է:

Հոկտեմբերից, երբ սկսվեց դատավարությունը, լուրեր են տարածվել, թե այս գործն իրականում Թուրքիայում իշխող չափավոր իսլամիստների դավադրությունն է, որի նպատակն է հեղինակազրկել բանակը: Գեներալները, որոնք համոզված աշխարհականներ են, երբեք էլ չեն թաքցրել իրենց հակակրանքը` հանդեպ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, որի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որը մեղադրվում էր երկրում կրոնական կարգեր հաստատելու փորձերում, անցած տարի մեծ դժվարությամբ խուսափեց Սահմանադրական դատարանի արգելքից:

Նավատորմի պաշտոնաթող հրամանատարի հրապարակված օրագրերից տեղեկանում ենք, որ նրա մի քանի գործընկեր սպաներ
(որոնցից երկուսն այժմ բանտում են` «Էրգենեկոն»-ի հետ ենթադրյալ կապերի մեղադրանքով) պրն Էրդողանի դեմ ծրագրել էին առնվազն երկու հեղաշրջում, որոնք կանգնեցրել է այն ժամանակ գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքոքը: Բայց բանակի և կառավարության միջև լարվածությունը վերսկսվեց, երբ պաշտոնաթող մի գնդապետ հրազենով ինքնասպան եղավ հունվարի 19-ին, այն բանից հետո, երբ թուրքական մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե նա մեղսակից է քրդերի ինքնադատաստան սպանություններին: Բարձրաստիճան զինվորականությունը նրա հուղարկավորությանը մասնակցեց ամբողջ կազմով, և իր վրդովմունքն արտահայտեց հայտարարությամբ, որում նրա մահվան համար մեղադրում էր լրատվամիջոցներին: Լայն տարածում ունի այն կարծիքը, թե հենց բանակի ճնշման ներքո են հապճեպ ազատ արձակվել երկու պաշտոնաթող գեներալներ, որոնց կալանավորել էին ավելի վաղ` հունվարի 7-ին կայացած շուրջկալի ժամանակ:

«Էրգենեկոն»-ի գործն այնքան ծավալուն ու բարդ է դարձել, իսկ 2,500 էջանոց մեղադրականն` այնքան խճճող, որ շատ մարդիկ վերջնականապես մոլորվել են այս հարցում: Ձերբակալվածներից շատերը դեռ չգիտեն, թե ինչում են իրենց մեղադրում: Այդուհանդերձ, վերջին հարցախույզը ցույց է տվել, որ թուրքերի մոտ 60%-ը հավատում է դավադրությանը: Նույնիսկ որոշ նախկին վարչապետեր են ընդունել անվտանգության ոլորտի հերձվածող աշխատակիցներից ու բյուրոկրատներից կազմված` «խորքային պետություն» կոչվող հայտնի ստվերային ցանցի գոյությունը, որոնք իշխանությունը պահպանելու համար ոչնչի առջև կանգ չեն առնի: Ենթադրվում է, որ նրանց նպատակներից մեկը ԵՄ-ին միանալու Թուրքիայի ջանքերը խափանելն է (թեև այս պահին շատ ջանքեր գործադրելու կարիք էլ չկա. ԵՄ անդամակցության բանակցությունների որոշ մասեր սառեցված են մնում, և պրն Էրդողանը վերջերս Բրյուսել կատարած այցելությունից ձեռնունայն վերադարձավ):

«Էրգենեկոն»-ի հետաքննության ընթացքում հայտնաբերված գաղտնի զենքերի քանակությունը հիմնավոր է դարձնում այն պնդումները, թե հանցախումբը գործնական լուրջ ծրագրեր է ունեցել: Հունվարի սկզբին, Անկարայում, գլխավոր կասկածյալներից մեկի տանը հայտնաբերված քարտեզի օգնությամբ ոստիկանները գտան զենքերի թաքստոց, որտեղ կար 300 փամփուշտ, 700 գրամ պլաստիկ պայթուցիկ նյութ և երկու հակատանկային զենք: Հետագա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են ռումբեր և այլ սարքավորումներ:

Աճող փաստերի քանակը շփոթության է մատնել գեներալներին: Այն նաև երկփեղկել է բանակը` միմյանց դեմ հանելով արևմտատյաց զինվորականներին (ովքեր կողմ են Իրանի և Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերին ու հայտնի են որպես «եվրասիականներ» (Eurasianists)) և նրանց, ովքեր հավատարիմ են Ամերիկայի հետ Թուրքիայի բարեկամությանը և ԵՄ-ին անդամակցությանը: Այս երկրորդ խմբում է նաև գեներալ Իլքեր Բազբուգը, որը ներկայում գլխավոր շտաբի պետն է:

Հենց եվրասիականերին արմատախիլ անելու ցանկությամբ կարելի է բացատրել բանակի լռությունը, որ պահպանվում է ծառայության մեջ գտնվող և «Էրգենեկոն»-ի գործին առնչվող զինվորականների ձերբակալությունների պայմաններում: Թերևս դրանով կարելի է բացատրել նաև պրն Բազբուգի և պրն Էրդողանի միջև կնքված բացահայտ զինադադարը. նրանք վերջերս համաձայնության են եկել ամենշաբաթյա խորհրդակցություններ անցկացնելու շուրջ:

Մտահոգող հարցն այն է, որ բանակի և կառավարության միջև որևէ փոխզիջման գինը կարող է լինել այն, որ դավադրությանը մասնակցելու համար կասկածվող բարձրաստիճան պաշտոնյաները կարող են այևս անվերահսկելի դառնալ: Այդ դեպքում բաց կթողնվեր բանակի նկատմամբ մեկընդմիշտ քաղաքացիական վերահսկողություն սահմանելու հնարավորությունը: Արևմուտքում, հատկապես Բրյուսելում, Թուրքիայի հեղինակության համար շատ բան կախված է հենց այս գործի արդյունքից: