- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

ՅՈՒՆԵՍԿՕ. Թուրքիայում 15 լեզու է վտանգված

«Բիանետ», Փարիզ, 22 փետրվարի 2009թ.
Աղբյուրը` bianet.org
Թոլգա Քորքութ (Tolga KORKUT)

Համաձայն «Աշխարհի վտանգված լեզուների քարտեզագրքի», որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն տպագրել էր մինչև փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի Միջազգային օրը, Թուրքիայում 15 լեզու է վտանգված, և Թուրքիան ոչինչ չի անում դրանք փրկելու համար:
Փետրվարի 21-ը` Մայրենի լեզվի միջազգային օրը, նշանավորվել է «Աշխարհի վտանգված լեզուների քարտեզագրքի» նոր տպագրությամբ: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՈ) հրատարակել է ինտերակտիվ թվային քարտեզագիրք` հիմնված 30 լեզվաբանների հավաքած տեղեկությունների վրա:
Լեզուներին սպառնացող վտանգը դասվել է հինգ տարբեր կարգերում
• անապահով
• անկհայտորեն վտանգված
• խիստ վտանգված
• ծայրահեղ վտանգված
• մեռած

Շատ լեզուներ են վնասված
Այսօր վնասված է ընդհանուր առմամբ 2500 լեզու, ինչն ապշեցուցիչ մեծ տոկոս է կազմում աշխարհում կիրառվող 6700 լեզուների թվում: 1950-ից ի վեր այս 2500 լեզուներից 230-ը այլևս գոյություն չունեն: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ քարտեզագրքի, այնտեղ վտանգված է 15 լեզու, ևս երեքը մեռած են:

Տասնհինգ վտանգված և երեք մեռած լեզու` Թուրքիայում
Թուրքիայում անապահով է համարվել չորս լեզու` զազաերենը, աբխազերենը, ադիգեյան լեզուն և կարբարդինա-չերքեզերենը:
Անկհայտորեն վտանգված են աբազերենը, համշեներենը, լազյան լեզուն, պոնտական հունարենը, ռումինական գնչուների լեզուն, շուրեթը (ասորերենի նման լեզու է) և արևմտահայերենը:
Խիստ վտանգված է երեք լեզու`գագաուզերենը, որով մեծ մասամբ խոսում են Մոլդովայում և Թուրքիայում բնակվող սփյուռքում, ասորերենը և լադինոն, որով Թուրքիայում խոսում է սեֆարդյան հրեա հանրությունը:
Ծայրահեղ վտանգված է ևս մեկ լեզու` հերթավիներենը, որը կիրառվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սհերթ գավառում: 1999թ.-ին հերթավիներեն խոսող 1000 մարդ էր մնացել:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտեզագրքի` Թուրքիայում այսօր մեռած է համարվում երեք լեզու: Կապադովկյան հունարենը Թուրքիայում դասվում է այլևս գոյություն չունեցող լեզուների շարքում, իսկ աշխարհում` ծայրահեղ վտանգվածների: Մլաշո կոչվող լեզուն, որը խոսվում էր Դիարբեքիրի Լիս շրջանում, մեռած դարձավ, երբ 1995թ. մահացավ մլաշոյի վերջին լեզվակիրը: Գրանցված վերջին լեզվակրի հետ յուբիխ կոչվող լեզուն գոյություն չունի 1992թ.-ից:

Լեզվի կենսունականության վրա ազդող գործոնները
Լեզվի վտանգվածության աստիճանը որոշելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինը չափորոշիչ է օգտագործում`
• Լեզվակիրների բացարձակ թվաքանակը
• Լեզվի միջսերնդային փոխանցումը
• Հանրության անդամների վերաբերմունքն իրենց լեզվի նկատմամբ
• Լեզվի կիրառության բնագավառների փոփոխությունները
• Լեզվի նկատմամբ կառավարական և ինստիտուցիոնալ վերաբերմունքը և ռազմավարությունը, այդ թվում` լեզվի պաշտոնական կարգավիճակն ու կիրառությունը
• Փաստաթղթային շրջանառության տեսակն ու որակը
• Նոր բնագավառների և միջավայրի նկատմամբ արձագանքը
• Լեզվական կրթության և գրագիտության համար նախատեսված նյութերի առկայությունը
• Ընդհանուր բնակչության մեջ լեզվակիրների տեսակարար կշիռը
ՅՈՒՆԵՍԿՕ-ն տարբեր երկրներում լեզուների պաշտպանության նախագծեր է իրականացնում` աշխատելով ուժեղացնել լեզուների կիրառությունը մշակույթի, կրթության, հաղորդակցության և գիտության ասպարեզում: Մինչդեռ Թուրքիայում լեզուների պաշտպանության նման ծրագրեր չեն իրականացվում:

Ինչպես կարելի է կանխել լեզվի անհետացումը
Ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիչիրո Մացուուրան ընդգծեց, «լեզվի մահը հանգեցնում է մշակութային անշոշափելի ժառանգության շատ ձևերի, մասնավորապես, ավանդույթների և այդ լեզվով խոսող հանրության բանավոր արտահայտչամիջոցների անգնահատելի ժառանգության (սկսած բանաստեղծություններից և լեգենդներից մինչև ասացվածքներ և կատակներ) անհետացմանը: Լեզուների կորուստը վնասակար է մարդկության` կենսաբազմազանության ընկալման համար, քանի որ լեզուները շատ գիտելիք են փոխանցում բնության և տիեզերքի մասին»:
Այնպես որ, լեզուների պաշտպանությունը կարևոր է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջի համաձայն`
«Լեզուն անհետանալուց փրկելու համար ամենակարևոր բանը, որ կարելի է անել, տվյալ լեզվով խոսողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, որպեսզի նրանք խոսեն այդ լեզվով և սովորեցնեն այն իրենց երեխաներին: Հաճախ դա պահանջում է ազգային ռազմավարություն, որը ճանաչում և պաշտպանում է փոքրամասնությունների լեզուները, կրթական համակարգեր, որոնք խթանում են մայրենի լեզվով ուսուցումը, ինչպես նաև ստեղծագործ համագործակցություն հանրության անդամների և լեզվաբանների միջև, որպեսզի մշակվի գրավոր համակարգ և ներմուծվի լեզվի պաշտոնական ուսուցում»:

«Քանի որ ամենավճռորոշ գործոնը սեփական լեզվի նկատմամբ տվյալ հանրության անդամի վերաբերմունքն է, կարևոր է ստեղծել սոցիալական և քաղաքական մի միջավայր, որը խրախուսում է բազմալեզվությունն ու փոքրամասնությունների լեզուների նկատմամբ հարգանքը, որպեսզի տվյալ լեզվով խոսելը լինի ավելի շատ ոչ թե պարտավորություն, այլ առավելություն: Որոշ լեզուներ այսօր այնքան քիչ լեզվակիրներ ունեն, որ հնարավոր չէ դրանք պահպանել, սակայն հանրության ցանկության դեպքում լեզվաբանները կարող են տվյալ լեզվով հնարավորին շատ գրառումներ անել, որպեսզի լեզուն չկորի անհետ»: