- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայոց Ցեղասպանություն. ‹‹Թուրքիայում Օբաման դրսևորեց ճարտարություն››

«Լեմոնդ», Ֆրանսիա, 6 ապրիլի 2009թ.
Աղբյուրը` Le Monde
Ռայմոնդ Կևորկյան (Raymond Kevorkian), «Փարիզ VIII» համալսարանում հետազոտությունների ղեկավար, պատմաբան

«Արարատ» ՌԿ-ի ծանոթագրությունը

«Փարիզ VIII» համալսարանում հետազոտությունների ղեկավար, Թուրքիայի և Հայաստանի հարցերով մասնագետ Ռայմոնդ Կևորկյանը քննում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը: Ապրիլի 6-ին Անկարայում պատասխանելով մի լրագրողի հարցի, Բարակ Օբաման նշեց. ‹‹Իմ տեսակետը հայտնի է, և ես այն չեմ փոխել: Այսօր ես չեմ ցանկանում ընդգծել իմ անձնական կարծիքները, այլ կցանկանամ շեշտը դնել թուրք և հայ ժողովուրդների տեսակետների վրա: Եթե նրանք կարողանային առաջ շարժվել, ողջ աշխարհը կքաջալերեր նրանց»: Օբաման նաև կարծում է, որ երկու երկրների միջև երկխոսությունը ‹‹շատ արագ կտա իր պտուղները››:

– Ի՞նչ եք կարծում Ցեղասպանության վերաբերյալ Բարակ Օբամայի Անկարայում հնչած ելույթների մասին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ճարտարություն դրսևորեց: Նախ, նա վկայակոչեց սենատոր և ԱՄՆ-ի նախագահի թեկնածու եղած ժամանակ արտահայտած իր դիրքորոշումները: Այն ժամանակ նա կատարվածը հստակ որակել էր որպես Ցեղասպանություն: Մինչդեռ Ջորջ Բուշը, իր նախորդների նման, դա չէր ընդունում և նույնիսկ 2007 թվականի հոկտեմբերին անձամբ միջամտեց խորհրդարանականների նախաձեռնությանը, երբ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում էր ընդունել այս հարցին վերաբերող մի փաստաթուղթ:

Այսօր, Բարակ Օբաման գտնվելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողքին հասկացրեց, որ իր նախագահ լինելու ժամանակ բարոյական և հոգևոր ըմբռնումները չեն մղվելու երկրորդ պլան: Սակայն, նա չարտասանեց ‹‹Ցեղասպանություն›› բառը: Անկարան պատրաստ է բազմաթիվ զիջումների գնալ, որպեսզի խուսափի Միացյալ Նահանգների կողմից հայոց Ցեղասպանության ճանաչումից, ինչը չարվեց, երբ մի շարք արևմտյան տերություններ ճանաչեցին այդ փաստը:

– Հնարավո՞ր է պատկերացնել, որ ապրիլի 24-ին` Ցեղասպանության տարելիցի օրը, նախագահ Օբաման ավելի հեռուն գնա։

Ավանդաբար, Ամերիկայի նախագահն այդ օրն արտասանում է ‹‹մեծ աղետ››, ‹‹կոտորածներ›› կամ ‹‹մարդկության դեմ իրագործված հանցանք››: Օբաման կգնա՞ ավելի հեռուն: Հարկ է ընդգծել, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրես է մտցվել մարտի կեսին` Ամերիկայի մեկ միլիոնանոց հայ համայնքի շահերը պաշտպանող կոնգրեսականների կողմից: Սակայն չեմ կարծում, որ նախագահ Օբաման հստակ կարտասանի Ցեղասպանություն բառը, որին անկասկած կհետևի Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի հետկանչը: Վաշինգտոնի համար հայոց Ցեղասպանության ընդունումը ներկայում այնքան էլ առաջնային չէ` պայմանավորված համաշխարհային ֆինանսական ճգնաժամով և իրաքյան ու աֆղանական պատերազմով: ԱՄՆ-ն Թուրքիայի օժանդակության կարիքն ունի. Վաշինգտոնն Անկարայից պահանջում է հարթակ տրամադրել` ամերիկյան զորքերը Իրաքից դուրս բերելու համար:

– Պե՞տք է ակնկալել ստատուս-քվո։

Բարակ Օբաման նշեց, որ այժմ առաջնահերթություն է տալիս թուրքերի և հայերի միջև մի քանի ամիս առաջ սկսված երկխոսությանը, ինչի արդյունքում երկու երկրների միջև պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և բացվի սահմանը: Կողմերը մոտ են համաձայնության ձեռք բերմանը: Մինչև հիմա Անկարան առաջ էր քաշում երկու պայման. առաջինը, որ իր փոքր հարևանը հրաժարվի Ցեղասպանության հարցի բարձրացումից և երկրորդը` զիջումների գնա Լեռնային Ղարաբաղի հարցում,* որը մեծամասամբ բնակեցված է հայերով և 1991 թվականին հռչակել է իր անկախությունը` Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի ձեռք բերած հաղթանակի ժամանակ:

Բարակ Օբաման կարող է ազդել Թուրքիայի վրա այս պահանջներին վերջ դնելու համար: Վաշինգտոնն այսպիսով հույս ունի, որ մեկ անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով` Անկարան ու Երևանը ինքնուրույն կկարգավորեն Ցեղասպանության հարցում իրենց տարաձայնությունը: