- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայաստանը հրաժարվեց հողային պահանջից

«Զաման», 15 ապրիլի, 2009թ.
Աղբյուրը՝ zaman.com.tr
Սերվեթ Յանաթմա, Երեւան

Հետզհետե պարզ է դառնում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման առնչությամբ ասված` «Կարգավորումը երբեք այսքան մոտ չի եղել» ¥Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջան¤ խոսքերի բովանդակությունը:

Երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկության համաձայն` հարաբերությունների նորմալացման համար Անկարայի առաջադրած երկու նախապայմանի շուրջ արձանագրվել է առաջընթաց: Երկու երկրների միջեւ շարունակվող գաղտնի բանակցություններում Հայաստանը երաշխիքներ է տվել, որ Թուրքիային հողային պահանջ չի ներկայացնի: Հենց այս տեսանկյունից է գնահատվում Հայաստանի դրական մոտեցումը 1915-ի իրադարձությունների առնչությամբ պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: Եթե նույնիսկ [Հայաստանը] չհրաժարվի այսպես կոչված` ցեղասպանության պնդումներից, պատմաբանների հանձնաժողովում հարցի քննարկումն ինքնին բավարար հիմք է տալու, որ դա այլեւս չդիտարկվի որպես քաղաքական եւ իրավաբանական խնդիր: Հարաբերությունների նորմալացման համար Անկարայի ու Երեւանի միջեւ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունն արվելու է երրորդ երկրում: Երեւանյան աղբյուրները այդ երկրի դերում հավանական են համարում Շվեյցարիայի թեկնածությունը, որքան էլ դեռ հարցը վերջնականապես որոշված չլինի:

Ըստ երեւանյան աղբյուրներից ստացած տեղեկությունների` բանակցային գործընթացին Թուրքիայի կառուցողական մասնակցությունն անհիմն չէ: Թուրքական կողմի համար հանգստացուցիչ ամենագլխավոր զարգացումը գաղտնի բանակցություններում հայ պատասխանատուների` Թուրքիային հողային պահանջ չներկայացնելու մասին հավաստիացումն է, որովհետեւ դա Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար Անկարայի առաջադրած երեք նախապայմաններից մեկն էր: Մյուս երկուսը՝ «ցեղասպանության ճանաչումը Թուրքիային պարտադրելու» քաղաքականությունից Հայաստանի հրաժարվելն է, Ղարաբաղի հողերն ազատելն ու Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտությանը մնայուն լուծում առաջադրելը: «Հայաստանը ճանաչո՞ւմ է Կարսի պայմանագիրը» հարցին վերոհիշյալ աղբյուրներն ուղղակի չեն պատասխանել: Սակայն «մենք խոսում ենք սահմանի բացման մասին, մի՞թե կարելի է բացել այն սահմանը, որը ճանաչված չէ» արտահայտություններով նրանք բացահայտեցին Երեւանի մոտեցումը: «Զամանին» իրազեկ աղբյուրների վկայությամբ` կողմերի միջեւ ստորագրվելիք համաձայնագրում նշվելու է, որ երկու երկրները հարգելու են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:

Հայտարարությունն արվելու է երրորդ երկրում:

Սահմանների բացման եւ ցածր մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերում կողմերը համաձայնագրում հանգել են ընդհանուր եզրակացության: Միաժամանակ, 1915-ի իրադարձությունների առնչությամբ Երեւանին հանգստացնելու միջանկյալ տարբերակ է գտնվել: Հանձնաժողովը վերանվանվելու է միջկառավարական: Այս հանձնաժողովը կազմված է լինելու տարբեր կոմիտեներից: Դրանցից մեկն էլ լինելու է պատմության կոմիտեն: Կողմերի ընդհանուր կարծիքի համաձայն` այս կոմիտեն հազիվ թե մոտ ժամանակներում արդյունքի հանգի: Կոմիտեի ձեւավորումը, նիստերի գումարումն ու աշխատանքների ծավալումը տարիներ են տեւելու: Սակայն Երեւանը, հավանություն տալով այս կոմիտեին, ակամա ընդունելու է, որ 1915-ի իրադարձությունները ոչ թե քաղաքական եւ իրավաբանական, այլ` պատմական խնդիր է: Թեեւ շարունակվում են համաձայնագրի հրապարակման շուրջ բանավեճերը, հայտնի է սակայն, որ դա արվելու է երրորդ երկրում: Քանի որ գաղտնի շփումները ծավալվել են Շվեյցարիայում, ուստի ներկա պահին հայտարարության համար հավանական է համարվում այս երկիրը: Երեւանյան աղբյուրները նույնպես հաստատեցին, որ այդ համաձայնագիրը ուշադրություն է դարձնելու Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Սակայն կարգավորման համար համաձայնագրով որեւէ ժամկետ չի նշանակվելու, ոչ էլ առաջարկ է արվելու: