- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիան փորձում է մեղմել ադրբեջանցիների անհանգստությունը` Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների առնչությամբ

«Ռոյթերս», 13 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Աֆեթ Մեհթիևա (Afet Mehtiyeva)

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Չորեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը խոստացավ մահմեդական դաշնակից Ադրբեջանին, որ Անկարան չի բացի Հայաստանի հետ իր սահմանը, մինչև Հայաստանը չդադարեցնի իր ազդեցիկ դերակատարումը Լեռնային Ղարաբաղի անկլավի համար վեճում:

Էրդողանը Բաքու էր այցելել` մեղմելու Թուրքիայի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող թշնամանքին վերջ դնելուն ուղղված հաշտեցման քայլերի շուրջ Ադրբեջանի անհանգստությունները: Դրանք խուճապ են առաջացրել Ադրբեջանում, որը ցանկանում է նախ լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` տարածք, որի համար 1990-ականներին պատերազմել է էթնիկ հայ անջատականների դեմ:

Թուրքիան հույս է հայտնել, որ Հայաստանի (որն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հայկական վարչակազմին) հետ հարաբերությունները բարելավելու քայլերը չեն վնասի Ադրբեջանի հետ ծրագրած էներգետիկ նախագծերին:

Դրանց թվում է Եվրամիության կողմից հովանավորվող Նաբուկո գազատարի ծրագիրը, որի նպատակը Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կրճատելն է:

«Այստեղ պատճառահետևանքային կապ կա: Ղարաբաղի բռնազավթումը պատճառն է, իսկ սահմանի փակումը` դրա հետևանքը: Մենք անհնար ենք համարում սահմանի բացումը, մինչև չվերացվի բռնազավթումը»,- հայտնել է Էրդողանը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Սա Էրդողանի առաջին այցն էր Ադրբեջանի մայրաքաղաք` անցյալ ամիս Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու նպատակով «ճանապարհային քարտեզի» մասին համատեղ հայտարարությունից հետո: Այդ «Ճանապարհային քարտեզի» մաս կարող է կազմել 1993 թվականին փակված սահմանի վերաբացումը:

Անկարան և Երևանը մի քանի ամիս ներգրավված էին բարձր մակարդակի բանակցություններում` այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն անցյալ տարի դարձավ Հայաստան այցելած առաջին թուրք պաշտոնյան:

Երկարատև վեճ

Ձնհալը երկու հարևանների հարաբերություններում, հարևաններ, որոնց միջև վեճը վերագրվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային կոտորածներին, կնպաստեր Կովկասում կայունության հաստատմանը: Թուրքերը նշում են, որ սպանվել են նաև մեծ թվով մահմեդականներ և հերքում են ցեղասպանությունը:

Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանն` ի նշան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանի հետ համերաշխության: Ադրբեջանը լեզվական և մշակութային կապեր ունի Թուրքիայի հետ և անհանգստանում է, որ սահմանի վերաբացումը կարող է թուլացնել իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

Էրդողանը հորդորել է այսպես կոչված Մինսկի խմբին, որը ստեղծվել է 1992 թվականին և որի համանախագահներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, նոր լիցքեր հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրենց ջանքերին:

Էրդողանը, որ Բաքու էր այցելել Էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզի և այլ նախարարների ուղեկցությամբ, հայտնել է, որ երկու երկրների պաշտոնյաները քննարկելու են Ադրբեջանից գնվող բնական գազի գինը:

2007 թվականին, Ադրբեջանի Շահ-Դենիզ հանքավայրից սկիզբ առնող գազատարի շահագործումից ի վեր, Թուրքիան տարեկան շուրջ 6 միլիարդ կուբամետր բնական գազ է գնում Կասպիական ավազանից: Այդ գազի որոշ մասը, որ Թուրքիան գնում է զեղչով, հոսում է դեպի Հունաստան: Թուրքիան ցանկանում է ևս 8 միլիարդ կուբամետր գազ ստանալ Ադրբեջանից:

7,9 միլիարդ եվրո արժեցող Նաբուկո նախագծի գործընկերները, որոնց նպատակն է կրճատել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից, ցանկանում են, որ 2013 թվականին, Նաբուկոյի բացվելուց հետո, ադրբեջանական գազը հոսի այդ խողովակով:

Ի վերջո, Նաբուկոն Կասպիական ավազանից և Մերձավոր Արևելքից կփոխադրի շուրջ 30 միլիարդ կուբամետր գազ, որը կբավարարի Եվրոպայի գազի պահանջարկի շուրջ 5 տոկոսը: