- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև

«Նեզավիսիմայա Գազետա», 28 ապրիլի, 2008թ.
Աղբյուրը` (НГ.ру)
Ալեքսանդր Ռուսեցկի (Александр Русецкий)

Վրաստանն ընտրում է Հյուսիսատլանտյան դաշինքը Աբխազիայի և Հարավային Օսիայի պատճառով
Միխայիլ Սահակաշվիլին տեսնում է, որ Վրաստանի ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքը գալիս է Մոսկվայից:

Թբիլիսիում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացն այսօր դիտվում է որպես ազգային անվտանգության նախապայման, պետության փլուզումը կանխարգելող և ռուսական նեոիմպերիալիզմի դեմ ուղղված պայքարի միջոց: Ըստ Ռուսաստանի փորձագետների, պաշտպանության հենց նման մեթոդն է, որ կարող է ճակատագրական լինել, քանի որ այն ինքնին (սույն մեկնաբանությամբ, նման կիրառմամբ և ուժերի նման դասավորվածությամբ) ակնհայտ սպառնալիք է Վրաստանի ամբողջականության համար: Ու նախ և առաջ Ռուսաստանի կողմից, որի դիվանագետները բացեիբաց հայտարարում են այդ մասին:

Վրաստանի քաղաքականության Հյուսիսատլանտյան ուղղությունը
Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակվեց Գելա Բեժուաշվիլին` Միխայիլ Սահակաշվիլու այսպես կոչված «կիևյան խմբի» ընկերներից մեկը (Վրաստանի նախագահը բարձրագույն կրթություն է ստացել  Կիևում):
Վրաստանի արտաքին քաղաքականության զարգացման համար նա ներկայացրել է հետևյալ երեք ուղղությունները` կողմնորոշում դեպի ՆԱՏՕ, Եվրամիություն և Սևծովյան համագործակցություն: Վերջին բաղադրիչը նորարարություն է և դիտվում է հարավկովկասյան տարածաշրջանային համագործակցության ձևաչափի այլընտրանք, որն Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական հակամարտության պատճառով հայտնվել է կախյալ վիճակում:
Աշխարհաքաղաքական գործընթացները նախադրյալներ ստեղծեցին Ռումինիայի և Բուլղարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որի հետևանքով ընդարձակվեցին ռազմա-քաղաքական այս դաշինքի սահմանները: Այդ պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև սահմանն անցնում է Ուկրաինայի և Վրաստանի սևծովյան ափամերձ տարածքով: Դեպի ՆԱՏՕ այս պետությունների ղեկավարների ձգտումը Ռուսաստանն ընկալում է որպես Սև ծովի ավազանում վերջինիս ռազմավարական հնարավորությունների լիակատար տեղայնացում:
Վերոնշյալ երեք ռազմավարական նպատակներից Վրաստանի հեղափոխական կառավարությունն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթ առավել լուծելի մարտավարական խնդիր է համարում ՆԱՏՕ-ին ինտեգրվելը: Սրա համեմատ Եվրախորհրդին ինտեգրվելը դադարել է առաջնային լինելուց և դարձել «հարավկովկասյան եռյակի» միջև դիմակայությունների խորացմանը նպաստող հերթական քայլը: Երեք պետությունները միաժամանակ խրախուսում էին ԵԽ ինտեգրման գործընթացը, որն էլ կարող էր իրական հարթակ դառնալ տարածաշրջանային համագործակցության համար:

Ինչո՞ւ է Վրաստանը ձգտում դեպի ՆԱՏՕ
Վրաց փորձագետների կարծիքով, աշխարհաքաղաքական ուժերի նման բաշխվածության պայմաններում Ռուսաստանը չի կարող անվտանգության երաշխավոր լինել Վրաստանի համար: Ավելին, Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Վրաստանի համար  դիտվում է որպես սպառնալիք:
Ռուսական փորձառու դիվանագիտությունը վերջին քսան տարիների ընթացքում Կովկասում շոշափելի անհաջողությունների է մատնվել: Այդ ամենի հետեւանքով այն չի կարողացել պահպանել Հարավային Կովկասի տարածքային հակամարտությունները կարգավորող միջնորդի դերը և դարձել է հակամարտության կողմ: Եվ կարևոր չէ` ցանկանում են դա ընդունել ռուսական վերլուծաբաններն ու քաղաքագետները թե ոչ: Միաժամանակ այդ հակամարտություններում Ռուսաստանը ներկայացված է իր տարբեր սուբյեկտներով, ինչպես նաև պաշտոնական և ոչ պաշտոնական սոցիալական հաստատություններով: Դրա փայլուն օրինակն է, մասնավորապես, Մոսկվայի քաղաքապետարանը, որը պատրաստակամորեն սատարում է անջատողական վարչակարգերին. ժամանակակից միջազգային հարաբերություններին հատուկ բացառիկ երևույթ: Այսպես ՌԴ ԱԳՆն հաճախ հայտնվում է գործընթացի զոհի կարգավիճակում: Յուրաքանչյուր կառույց անում է այն, ինչ խելքին փչում է, ինչ տվյալ կառույցի կամ համակարգերը ղեկավարող անհատների հետաքրքրության շրջանակի մեջ է` հաճախ անգամ ի հեճուկս ռուսական պետության ռազմավարական շահերի:
Ուստի վրացական քաղաքական վերնախավը չի կարող հարաբերությունների բարելավման հեռանկարի հույս ունենալ Վրաստանի տարածքում անջատողական դրսևորումները պաշտոնապես օժանդակող հարևան պետության հետ:
Նման իրավիճակում Վրաստանը համարում է, որ ռուսական քաղաքականությունը ներկայացնում է երկու մակարդակի վտանգ: Առաջին` տարածքային ամբողջականության կորուստ (նվազագույնը` Աբխազիան և Հարավային Օսիան), ապա` ամբողջ Վրաստանի անցումը Մոսկվայի հսկողության տակ:
Վրաց քաղաքագետները գնահատում են ռուս գործընկերների գործողությունները որպես վրացական տարածքների դանդաղ բռնակցում, այդ պատճառով էլ Մոսկվայի գործողությունները բնորոշում են անբարյացակամ:

Հնարավոր տարբերակներ
Վերոնշյալի հիման վրա կարելի է պատկերացնել դեպքերի երկու հնարավոր զարգացում:
1. Վրացական պետության տրոհումը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի (ավելի շուտ` ԱՄՆ-ի) ազդեցության գոտիների: Հնարավոր է, որ այս գործընթացը շարունակվի և, հետևաբար  դրան մասնակցեն նաև Վրաստանի հարևան երկրները. այս դեպքում Վրաստանին սպասվում է Սերբիայի ճակատագիրը:  Պատասխանատվությունն ամենից առաջ կկրեն վրացական «թավշե միլոշևիչները», որոնք հարցի միակ լուծումը տեսել են բարդ քաղաքական հասարակությունը էթնիկ միատարրության վիճակին բերելու մեջ: Հենց նրանք իրենց աբխազ և օս «համախոհների» հետ, դրսի ակտիվ օժանդակությամբ երկրում իրականացրել են Էթնիկ անջատողականության քաղաքականություն:  Վրաստանի ինտելեկտուալ և քաղաքական վերնախավը ցայսօր չի կարողացել մշակել այնպիսի ազգային ծրագիր, որը բխեր բնակչության հիմնական խմբերի և միջազգային հանրության շահերից:
2. Աբխազիայի և Հարավային Օսիայի անցումը Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի համատեղ հսկողության ներքո, ներառյալ Թբիլիսիի քաղաքականության չեզոքացումը, հավասարակշռության պահպանումն այս բևեռների միջև, հետևաբար, հարաբերական անկախության պահպանումը: Դրան պետք է հետևի Էթնիկ ազգայնականության գաղափարախոսությունից, նեոմենշևիզմից ու նեոբոլշևիզմից հրաժարվելը և ժամանակակից քաղաքացիական հասարակության ու քաղաքացիական ազգի փուլային ձևավորումը: Այդ պայմանը պետք է բավարարվի ողջ Վրաստանում` ներառյալ Աբխազիան և նախկին Հարավ-Օսական ինքնավար մարզի տարածքը:
Անշուշտ, հնարավոր են նաև այլ զարգացումներ: Սակայն սույն նյութի նպատակն է ընթերցողի ուշադրությունը կենտրոնացնել հենց այս տարբերակների վրա, քանի որ դրանցից յուրաքանչյուրը` հատկապես առաջինը, կարող է շատ ցավալի լինել ողջ միջազգային հանրության համար:
Ռուս-վրացական հարաբերությունների արմատական սրումը տեղի է ունենում երկու կարևոր քաղաքական իրադարձությունների շեմին. 2008թ. մայիսին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններ և մի քանի տնտեսական պատժամիջոցների դադարեցում: Այնպես որ ստիպված ենք սեփական մաշկի վրա զգալ կառավարման հին` «յուղել-դաղել» մեթոդի ազդեցությունը:

Հեղինակի մասին.
Ալեքսանդր Ռուսեցկի`
Տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն