- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Վարչապետ Էրդողանը վերջապես ընդունում է, որ Թուրքիան էթնիկ զտումներ է իրականացրել

«Կալիֆոռնիա Կուրիեր», 28 մայիսի 2009թ.
Աղբյուրը` The California Courier
Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա Կուրիեր»-ի հրատարակիչ
(Harut Sassounian, Publisher, The California Courier)

Իր խիզախ հայտարարության մեջ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ընդունեց, որ անցյալ դարում տասնյակ հազարավոր էթնիկ հույների արտաքսումը Թուրքիայից «ֆաշիստական գործողություն է», հաղորդել է Ռոյթերս գործակալությունը:

Որոշ մեկնաբաններ Էրդողանի արտահայտությունները դիտարկել են որպես 1923 թվականին Թուրքիայից Հունաստան 1,5 միլիոն էթնիկ հույների վտարման վկայակոչում: Բնակչության զանգվածային փոխանակումը երկու երկրների միջև ներառել է նաև ավելի քան 500 հազար էթնիկ թուրքերի տեղափոխումը Հունաստանից Թուրքիա:

Այլ մեկնաբանների կարծիքով, Էրդողանն անդրադարձել է 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում թուրք խուժանի կողմից հունական հազարավոր խանութների և տների թալանի ու կողոպուտի դեպքերին, որոնք հետևեցին Սալոնիկում գտնվող Աթաթուրքի տան հրկիզման մասին կեղծ հաղորդագրությանը:

Հույների արտաքսումից բացի, Էրդողանն անուղղակի անդրադարձել է նաև Թուրքիայում այլ էթնիկ խմբերի, ինչպես օրինակ հայերի ողբերգական ճակատագրին: «Տարիներ շարունակ, տարբեր ինքնություն ունեցողներին վռնդել են մեր երկրից… Դրանք ողջամիտ արարքներ չէին: Սա իրականացվել է ֆաշիստական մոտեցմամբ», հայտարարել է Էրդողանը մայիսի 23-ին արևմտյան Դյուշե նահանգում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության տարեկան համաժողովի ժամանակ:

«Բազում տարիներ այս երկրում զանազան փաստեր են արձանագրվել ի վնաս էթնիկ փոքրամասնությունների, որոնք բնակվում են այստեղ: Նրանք էթնիկ զտումների են ենթարկվել, որովհետև ունեցել են տարբեր էթնիկ մշակութային ինքնություն: Ժամանակն է ինքներս մեզ հարցնենք, թե ինչու՞ է դա տեղի ունեցել և ի՞նչ ենք մենք սովորել դրանից: Մինչ այժմ այս հարցով որևէ վերլուծություն չի կատարվել: Իրականում, նման պահվածքը ֆաշիստական գաղափարախոսության արդյունք է: Մենք նույնպես կատարել ենք այս լուրջ սխալը»:

Թուրքիայի վարչապետի անկեղծ դիտողություններն արժանացել են ընդդիմադիր կուսակցությունների սուր քննադատությանը: Գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական Ժողովրդական» կուսակցության (Republican People’s Party-CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը հայտնել է, որ ճիշտ չէ զուգորդումներ անցկացնել ասեկոսեների վրա հիմնված Թուրքիայի պատմության և այնպիսի եզրերի միջև` ինչպիսին «ֆաշիզմն» է: Նա նաև նշել է, որ Թուրքիայի ոչ մի քաղաքացի երբևէ չի արտաքսվել իր էթնիկ պատկանելիության պատճառով:

Ընդդիմադիր «Ազգայնական Շարժում» կուսակցությունից (Nationalist Movement Party- MHP) Օքթայ Վուրալն ավելացրել է. «Էրդողանի բառերն անարգում են թուրք ազգը»: Իսկ թուրք լիբերալ մեկնաբանները, ճիշտ հակառակը, գովաբանել են Էրդողանին իր հաշտարար խոսքերի համար. «Առաջին անգամ դուք ունեք վարչապետ, ով ցանկանում է ընդունել կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կատարված սխալները: Սա պատմական երևույթ է», «Միլիյեթ» թերթում գրել է լրագրող Սամի Քոհենը: «Մնում է տեսնել՝ արդյո՞ք այս քարոզչությունը կուղեկցվի գործողություններով»: «Հյուրիեթ Դեյլի Նյուզը» գրում է. «Էրդողանի ելույթը պատմական էր. առաջին անգամն է, որ բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է, որ անցյալում փոքրամասնությունների նկամամբ տեղի են ունեցել անօրինական և հակաժողովրդավարական գործողություններ»:

Նման տեսակետ է հայտնել նաև պրոֆեսոր Հալիլ Բերքթայը «Վաթան» պարբերականում. «Սա Էրդողանի կողմից երբևէ արված ամենախիզախ հայտարարությունն էր»: Իր լիբերալ հայացքներով քաջ հայտնի մեկ այլ գիտնական Բասքին Օրանը «Սթար» թերթին հայտնել է, «որ հպարտ է այն վարչապետով, ով դատապարտում է էթնիկ և կրոնական զտումները»:

«Սի Էն Էն Թուրք Նյուզ»-ի տնօրեն Ռիդվան Ակարն ավելի թերահավատ է Էրդողանի իրական մտադրությունների վերաբերյալ: Նա «Վաթան»-ում գրել է. «Փոքրամասնությունների, ինչպես նաև կրոնական հաստատություններին պատկանողների իրավունքները կառուցվածքային խնդիր են Թուրքիայում: Իհարկե, այս հայտարարությամբ Էրդողանը քայլ է անում ճիշտ ուղղությամբ: Սակայն նրա խոսքերի անկեղծությունը կախված կլինի այդ խոսքերը հաստատող փաստերից, ինչպես օրինակ` տարագիրների իրավունքների վերականգնելուց, բռնազավթած սեփականությունը վերադարձնելուց կամ փոխհատուցելուց»:

Վարչապետ Էրդողանի հայտարարությունը խոստումնալից է, եթե այն ենթադրում է, որ Թուրքիայի ղեկավարները վերջապես որոշել են ընդունել իրենց երկրի պատմության այլանդակ էջերը:

Ինչևէ, սխալ կլինի չափազանց լավատեսական եզրակացություններ անել այս միակ հայտարարությունից. Էրդողանը նմանատիպ արտահայտություններ արել է Թուրքիայում բնակվող քրդերի վերաբերյալ, սակայն այնուհետև խորտակել է նրանց հույսերը` անսպասելի պատժիչ գործողություններ կիրառելով նրանց դեմ:

Փաստն այն է, որ Էրդողանն իր երկրի քաղաքական դաշտի տերը չէ: «Ֆաշիստները», որոնց վրա նա հարձակվում է, թաղված չեն Օսմանյան պատմական գերեզմանում, այլ կենդանի են և ընդունված թուրք հասարակության կողմից ու գրավում են ռազմական և իրավական բարձրագույն պաշտոններ:

Էրդողանը քաղաքականապես բավական ուշիմ է` գիտակցելու համար, որ ֆաշիզմի դատապարտումն արձագանք կունենա ինչպես Թուրքիայում, այնպես էլ արևմուտքում` արժանանալով դրվատանքի և շահելով աջակցություն` երկրի ներսում իր ազդեցիկ հակառակորդների դեմ պայքարելու գործում:

Էրդողանի պայքարը Թուրքիայի անցյալի ուրվականների դեմ, փաստորեն, պայքար է իր քաղաքական գոյատևման համար ու նրանց դեմ, ովքեր այսօրվա Թուրքիայում խորը կասկածանքով են վերաբերում իրեն և իր Իսլամական կուսակցությանը, ու վճռական են հակադրվելու նրա յուրաքանչյուր քայլին` վերջնանպատակ ունենալով իշխանությունից նրա հեռացումը: