- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ի՞նչ է Ադրբեջանը Թուրքիայի համար

«Թդեյս Զաման», 22 մայիսի 2009թ.
Աղբյուրը` Today’s Zaman
Մյումթազեր Թյուրքյոնե (Mümtaz’er Türköne)

Սա նույնն է, թե Մեջնունին հարցնեն Լեյլայի մասին: Ադրբեջանի հանդեպ սերն այնքան բնական ու խորն է Թուրքիայում, որ յուրաքանչյուր մարդ խիստ կզարմանա, երբ նման հարց տրվի: Ինչպես օդը, որ շնչում ես, հնարավոր չէ բացատրել սիրո պատճառները:

Այս սերը չի կարող կասկածի տակ առնվել: Այս սերը կհաղթահարի ցանկացած փորձություն: Այս սիրուն չի կարելի թերահավատորեն մոտենալ: Թուրքիայի համար` սա է պատճառը, որ Թուրքիան և Ադրբեջանը բնորոշվում են որպես «մեկ ազգ, երկու պետություն»: Բաքվում կամ Մինգեչաուրում ապրող ադրբեջանցի թուրքը և Ստամբուլում կամ Տրապիզոնում ապրող Թուրքիայի թուրքը մեկ ազգի ներկայացուցիչներ են:

Նույն ազգի ներկայացուցիչները չեն կարող տարբեր շահեր ունենալ: Հիրավի, այս մեկ ազգը այս երկու պետությունների տարամիտված քաղաքական ուղիները մեկ ուղեգծի վրա կդնի: Պետության ղեկը ստանձնորղները կգան ու կգնան, սակայն ժողովուրդները դեպի հավերժություն կճամփորդեն միասին:

Արդյո՞ք փոխվել է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը

Կարո՞ղ է արդյոք փոխվել Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որը սեպի նման խրվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Կարո՞ղ է Թուրքիան մերձենալ Հայաստանի հետ` անտեսելով Ադրբեջանի շահերը: Եկեք անդրադառնանք որոշ առանձնահատուկ հարցերի: Կարո՞ղ է արդյոք վերաբացվել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, որ փակվել էր` ի պատասխան Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթման:

Բոլոր այս հարցերին կարելի է պատասխանել հետևյալ կերպ. Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը կարող է փոխվել, սակայն Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունն ամենևին չի փոխվի: Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը ձևավորում է` պայմանավորված առաջին հերթին Ղարաբաղյան հարցով, ինչպես նաև` Ադրբեջանի շահերով: Եթե իր քաղաքականության մեջ Թուրքիան որևէ փոփոխություն կատարի, դա միտված կլինի օգուտներ բերելու նաև Ադրբեջանին:

Վերջին շրջանում ընթացող քննարկումները պետք է գնահատել այս տեսանկյունից: Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով Թուրքիան նոր նախաձեռնություններ է սկսել: Դրանք իրականացվում են` ելնելով շատ կարևոր ենթադրություններից. Թուրքիան գտնում է, որ Կովկասում այժմ առկա ստատուս քվոն վնասակար է բոլոր երեք երկրների` Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի համար: Այդ ստատուս քվոյի պահպանումը չի ծառայում այդ երկրներից որևէ մեկի շահերին: Խելամիտ չէ պահպանել այս իրավիճակը, որը կորստաբեր է բոլոր երեք երկրների համար:

Այսօր չկա գեթ մեկ հարց, որ հնարավոր լինի լուծել Թուրքիայի և Հայաստանի, կամ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմով: Մինչդեռ բոլոր երեք երկրները վնասներ են կրում հարաբերությունների ներկա վիճակից: Պետք է ընդունել, որ ամենամեծ վնասները կրում են հայերը: Հայկական սփյուռքի ձեռքում խաղալիքի վերածվելը լավ օրեր չի խոստանում Հայաստանի բնակչությանը: Հայերն արդեն վաղուց ապրում են վախի, աղքատության և հուսահատության մեջ ու փոփոխությունների խիստ մեծ կարիք են զգում: Մյուս կողմից, Ադրբեջանը չի կարող ազատել Լեռնային Ղարաբաղը բռնազավթումից և չի կարող ապահովել փախստականների վերադարձն իրենց հայրենիք: Ջարդերից փրկված և ներկայում տարագրության մեջ ապրող մարդկանց վերադառնալու, ինչպես նաև` այդ բռնազավթմանը վերջ դնելու հույսերն օրեցօր նվազում են: Իսկ Թուրքիան պայքարում է ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների, որոնք խոչընդոտում են երկրի առաջընթացը դեպի Եվրամիություն և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին: Սակայն Հայոց ցեղասպանության մասին օրենքների ընդունումը Հայաստանին ոչ մի լավ բան չի տա: Հայերը, որ շարունակում են բռնազավթած պահել Ղարաբաղը, ճկվում են ծանր բեռի տակ: Այս խնդիրը ստեղծում է վակում, որի մեջ սկսում է ներքաշվել Ռուսաստանը:

Ուրեմն, պետք է ինչ որ բան անել` ստատուս քվոն փոխելու համար: Դա հենց այն էր, ինչ Աբդուլա Գյուլն արեց` կազմակերպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Պրահայում:

Թուրքիայի հանրային դիվանագիտությունը

Նուրի Փաշան, որ 1918 թվականին գծեց Ադրբեջանի ներկա սահմանները, կիրառում էր այն, ինչ սովորել էր Հուսեինզադե Ալիից և Մեհմետ Էմին Ռեսուլզադեից: Ոչ միայն Հուսեինզադե Ալին և Մեհմետ Էմին Ռեսուլզադեն, այլ նաև Անատոլիայի թուրքերն ազգ դառնալու հարցում շատ բան են սովորել ադրբեջանցի մտավորականներից: Այդ ժամանակ ռուսական իշխանության ներքո գտնվող Ադրբեջանի թուրքերի ազգային զարթոնքն ի չիք արեց Թուրքիայում տիրող տարակուսանքները, որոնք կայսերական ժամանակաշրջանի ժառանգության հետևանք էին: Կայսրության գոյատևումն ապահովելու իրենց որոնումներում, Ստամբուլի մտավորականները` [երկրի – ԱՌԿ խմբ.] հնարավոր փլուզումամբ մտահոգված, փորձում էին քողարկել իրենց ազգային առանձնահատկությունները, սակայն ադրբեջանցի մտավորականներն անհրաժեշտ ներշնչանք հաղորդեցին նրանց` անկում ապրող կայսրությունից ազգ ստեղծելու համար:

Այս մեկ ազգն ունի երկու տարբեր ավանդույթներ: Այդ ավանդույթների հիմքում երկու հասարակությունների կենսափորձի տարբերությունն է: Ադրբեջանցիների կենսափորձը որպես ազգ ավելի մեծ է ու ամուր, քան Անատոլիայի ժողովրդինը: Մյուս կողմից, Անատոլիայի թուրքերն ունեն պետականության ավելի հին և ամրապնդված կենսափորձ: Եթե այս երկու կենսափորձերը միացվեն, արդյունքը հրաշալի կլինի:

Ի տարբերություն Ադրբեջանի մեր քույրերի և եղբայրների` մենք նորեկներ ենք այն հողում, որն այսօր կոչում ենք հայրենիք: Այստեղ հաստատվելուց հետո` մենք հիմնեցինք ամենաերկարակյաց և ամենահզոր պետությունները: Եվ դա այն բանի շնորհիվ, որ մենք այս տարածքներ չէինք եկել որպես աննպատակ թափառող գաղթականներ, այլ որպես կազմակերպված հասարակություն` Ալփերենսի և վետերան դերվիշների առաջնորդությամբ: Անատոլիայում կրոնական բոլոր կազմակերպություններն, ըստ էության, հասարակական կազմակերպություններ են: Դա չի փոխվել այս տարածքներում առաջին թուրքերի ոտք դնելուց ի վեր: Ըստ այդմ, կրոնական առաջնորդն է նախաձեռնում և ստանձնում հասարակությանը կազմակերպելու գործը` սահմանելով օրենքներ ու սկբունքներ, և դա անում է` հնարավոր դարձնելու, որպեսզի հասարակությունը շարժվի այն նույն ուղղությամբ, ինչ` պետությունը: Այս պատճառով կրոնական համայնքները առանձնահատուկ կազմակերպված և վճռական քաղաքացիական ուժ են Անատոլիայի թուրքերի համար: Նրանք, ովքեր աջակցություն են ցուցաբերում այդ համայնքներին, իրականում ծառայում են ավելի շատ` հասարակական, քան` կրոնական նպատակների: Համայնքի հոգևոր առաջնորդի պարտականությունը այդ միասնական նպատակի հանդեպ վստահություն ապահովելն է: Փաստը, որ Ադրբեջանի հետ մերձեցմանը նպաստել են հենց այդ համայնքները, նշված պատմական կենսափորձի արդյունքն է: Ադրբեջանցիները պետք է գիտակցեն, որ Թուրքիայից Ադրբեջան գնացած և այնտեղ հաստատված համայնքները չեն կարող դիտարկվել լոկ որպես կրոնական կազմակերպություններ: Այս համայնքները նման են լոկոմոտիվների: Նրանք ոչ միայն սահմանում են ուղղությունն ու հարթում ուղին, այլ նաև ազգային ուժերին տանում են իրենց հետեևից` դեպի նշանակետ:

Երբ աշխարհն այլևս երկբևեռ չէր, ի հայտ եկավ դիվանագիտության նոր ձև` «հանրային դիվանագիտություն»: Ամերիկացիների ստեղծած դիվանագիտության այս տեսակը ենթադրում է, որ հասարակության ազդեցությունն ու աջակցությունը պետք է միավորել արտաքին քաղաքականության հետ: Դիվանագիտությունն այլևս չի ձևավորվում փակ դռների հետևում կամ կլոր սեղանների շուրջ, որտեղ սակարկում են երկու երկրների ղեկավարները: Այդ երկրների բնակիչներն ընդգրկվում են բանաձևի մեջ: Նրանք դիվանագիտական պահանջներ են դնում: Նրանք ազդում են իրենց պետությունների որոշումների վրա:

Թուրքիայի հանրային դիվանագիտությունը զգալիորեն զարգացել է ժամանակի ընթացքում: Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերի աճը, մեծ առումով, այդ քաղաքականության արդյունքն է: Շնորհիվ իր հանրային դիվանագիտության` Թուրքիան մեծ առաջընթաց է գրանցել նաև Բալկաններում: Պետք է հաշվի առնել հանրության ուժը, որն աջակցում է Հայաստանի հանդեպ ներկայում զարգացող դիվանագիտությանը:

Թուրքիայի հանրային դիվանագիտության խթանիչ ուժը համայնքներն են: Սա նույն ուժն է, որ թուրք ձեռներեցներին դրդում է տարածվել աշխարհով մեկ: Այսօր Մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած իր դիրքի համար Թուրքիան պարտական է իր տնտեսական ուժին և շարժունակ հասարակությանն ավելի` քան իր ռազմական ուժին: Սա վերաբերում է նաև Կովկասին:

Երբ Կովկասը դիտարկվում է հանրային դիվանագիտության տեսանկյունից, տեսադաշտում միայն մեկ այլընտրանք է: Թուրքիայի տնտեսական և սոցիալական հզորությունը պատրաստ է ներթափանցելու յուրաքանչյուր բաց ճեղքից, որ հնարավոր կլինի գտնել: Մի՞թե Ադրբեջանը Թուրքիայի նոր հզորությանը չպետք է վերաբերվի որպես իրենը` մեկ ազգի սկզբունքից ելնելով:

Ներդաշնակ լինելով իր պետության ու ժողովրդի հետ` Թուրքիան գործի անցավ փոխելու ստատուս քվոն, որը Կովկասում ձեռնտու չէ ոչ մեկին: Շուտով պարզվեց, որ Հայաստանը պատրաստ է նահանջել Ղարաբաղյան հարցում: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ նախագահ Աբդուլա Գյուլը ճիշտ քայլեր է ձեռնարկում: Ադրբեջանում Թուրքիայի քաղաքացիական հասարակության ուժը` կրոնական համայնքերը, Ադրբեջանին շատ լավ են հասկանում: Այդ համայնքներն են, որ միշտ զգոն են` շտկելու համար Թուրքիայի պետության յուրաքանչյուր սխալ քայլը:

Մեկ ազգ լինելը երկու ժողովուրդների միջև մերձեցման ուղղակի հետևանքն է և համընդհանուր ազգային շահերը պաշտպանելու կամքը, այդպես չէ՞: