- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիայի` սիրո և ատելության փոխհարաբերությունը Եվրամիության հետ

«Հուրիյեթ», 5 հունիսի, 2009թ.
Աղբյուրը` Hurriyet DailyNews.com

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի վերջերս անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերի մի մեծ մասի կարծիքով` Եվրամիությունը ցանկանում է մասնատել Թուրքիան: Այդուհանդերձ, թուրքերի առնվազ կեսը ցանկանում է Թուրքիան տեսնել 27 պետություններից կազմված այդ դաշինքում: 34 քաղաքներում անցկացված հարցումը նաև պարզել է, որ հակաամերիկյան տրամադրություններն առկա են հասարակության բոլոր շերտերում:

Չնայած թուրքերի երեք քառորդը կարծում է, որ Եվրամիությունը ցանկանում է մասնատել Թուրքիան, այնուամենայնիվ, համաձայն նոր հարցման արդյունքների` բնակչության շուրջ կեսը դեռևս ցանկանում է, որ երկիրը դառնա 27 պետություններից կազմված այդ դաշինքի անդամ:

Ստամբուլի Բահջեսեհիր համալսարանի անցկացրած ուսումնասիրությունը, որի նպատակն էր պարզել Թուրքիայում բազմազանության, հանդուրժողականության ու ծայրահեղականության հանդեպ հանրության վերաբերմունքը, ցույց է տվել, որ թուրքերը տեղեկացված չեն Եվրամիության մասին, և որ երկրի ներսում միության հանդեպ վերաբերմունքը հակասական է:

Բահջեսեհիրի համասարանի պրոֆեսոր Յիլմազ Էսմերի գլխավորությամբ և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության հետ համատեղ արված հետազոտության արդյունքների համաձայն` թուրքերի մեկ քառորդը չգիտի` Թուրքիան ԵՄ անդամ է, թե` ոչ: 28 տոկոսն ասել է, որ իր կարծիքով ԵՄ-ն «հաստատ նպատակ ունի» մասնատել Թուրքիան, մինչդեռ 48 տոկոսի կարծիքով` Թուրքիան մասնատելը ԵՄ նպատակներից մեկն է: 44 տոկոսն ասել է, որ ԵՄ-ն քրիստոնեություն տարածելու նպատակ է հետապնդում, մինչդեռ 28 տոկոսն ասել է, որ ԵՄ-ն հաստատ քրիստոնեություն տարածելու նպատակ է հետապնդում:

Միաժամանակ, 48 տոկոսն ասել է, որ ԵՄ-ը նպատակը բռնատիրական երկրներում ժողովրդավարություն հաստատելն է, իսկ 28 տոկոսի կարծիքով` ԵՄ-ն հաստատ նպատակ ունի ժողովրդավարություն հաստատել բռնատիրական երկրներում:

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
41 տոկոսն ասել է, թե ցանկանում է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, իսկ 16 տոկոսն ասել է, թե շատ է ցանկանում Թուրքիան տեսնել ԵՄ կազմում: Այդուհանդերձ, հարցվածների 80 տոկոսի կարծիքով` ինչ էլ որ Թուրքիան անի, ԵՄ-ն նրան անդամակցություն չի շնորհի: Մյուսներն էլ կարծում են, որ եթե Թուրքիան ենթարկվի ԵՄ կանոններին և փոփոխություններ իրականացնի` այդ կանոններին համապատասխանելու համար, այդ դեպքում ԵՄ-ն կընդունի Թուրքիային որպես իր անդամ: 78 տոկոսի կարծիքով` փաստը, որ Թուրքիան գերազանցապես մահմեդական երկիր է, բացասաբար է ազդում երկրի մասին ԵՄ կարծիքի վրա:

Ուսումնասիրության ցնցող արդյունքներից մեկն այն է, թե հակաամերիկյան տրամադրություններն որքան տարածված են թուրք հասարակության տարբեր գաղափարական ու տարիքային խմբերում: «ԱՄՆ-ին գոնե հաջողվել է աշխարհիկ և հոգևոր շրջանակներին համաձայնության բերել մեկ հարցում»,- ասում է Էսմերը` ավելացնելով, որ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» և հիմնական ընդդիմադիր «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» տարակարծիք են շատ հարցերում` բացառությամբ հակաամերիկանիզմի, ինչում նրանք հավասարապես ուժեղ հակաամերիկյան տեսակետներ ունեն:

ԱՄՆ-ը համարվում է աշխարհի հիմնական խնդիրների համար առաջին պատասխանատուն: Թուրքերի մի մեծ մասն ասել է, որ իրենց կարծիքով` Թուրքիան մասնատելն ԱՄՆ-ի նպատակներից մեկն է: Հանրության 2/3-ը ծայրահեղ իսլամիստական շարժումները սպառնալիք է համարում ինչպես Թուրքիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Սակայն ճնշող մեծամասնությունը` 80 տոկոսը, կարծում է նաև, որ աշխարհում իսլամին սպառացող լուրջ վտանգներ կան: Միաժամանակ, յուրաքանչյուր 10 հարցվածներից 9-ն ասել է, որ իր կարծիքով` հնարավոր է գտնել Արևմուտքի կողմից մահմեդականների իրավունքներն ու ինքնությունն ընդունելու խաղաղ ճանապարհներ: Հարցվածների 82 տոկոսն ասել է, որ օրենքից դուրս համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» կամ PKK-ն լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիային, մինչդեռ միայն 8 տոկոսն է ասել, որ PKK-ն սպառնալիք չէ: 81 տոկոսի կարծիքով` հակաժողովրդավարական նախաձեռնությունները վտանգավոր են:

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ
Հարցման արդյունքների համաձայն` Ադրբեջանն ու Պաղեստինը Թուրքիայի կողմից ամենաշատ համակրանք վայելող երկրներն են: Ամենահակակրելի երկրների շարքում առաջինը Իսրայելն է, ապա` Հայաստանը: Երրորդ տեղում Միացյալ Նահանգներն է, ապա` Հունաստանը և Ֆրանսիան: Վեցերորդ տեղում Միացյալ Թագավորությունն է: Ուսումնասիրության արդյունքները քնարկվեցին շաբաթ օրը կայացած համաժողովում: Անկարայում բրիտանական առաքելության փոխդեսպան Գիլ Պորտմանն իր զարմանքը հայտնեց թուրք ազգի մեջ առկա հակաբրիտանական տրամադրությունների առնչությամբ: «Մեծ Բրիտանիան Թուրքիայի ԵՄ անդամակցության առավել ուժեղ ջատագովներից է,- ասել է նա: Բայց մենք չենք կարող անվերապահորեն վստահել այս ուսումնասիրության արդյունքներին, քանի որ դրանում առկա են որոշ հակասական կարծիքներ»: