Մայ 16 2008

ՀՆԱՐԱՎՈՐ ՄԵՐՁԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Յուրեյժիա դեյլի մոնիթոր», 9 մայիսի , 2008
Աղբյուրը` (Eurasia Daily Monitor)
Ջոն Ս.Կ. Դալի (John C. K. Daly)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

1991թվականի դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից ի վեր չլուծված «սառեցված հակամարտություններից» ամենաապշեցուցիչը թերևս 1988-1994թթ. Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է, որի հետևանքով Հայաստանի տնտեսությունը ցայսօր կաղում է, մինչդեռ Ադրբեջանը լող է տալիս նավթի արտահանման եկամուտների մակընթացային ալիքի վրա` ապահովելով թռիչքային աճ:

Լեռնային Ղարաբաղի շուրջ Երևանի և Բաքվի առճակատման դիվանագիտական անցանկալի հետևանքներից մեկն այն էր, որ 1993թ. Թուրքիան որոշեց փակել իր և Հայաստանի միջև 204 մղոն երկարությամբ սահմանը` ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Թուրքիան Հայաստանի հետ չուներ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, սակայն որքան էլ զավեշտալի թվա, նախորդ տարի (իմա` 1992 – «Արարատ» ՌԿ խմբ.) վարչապետ Սուլեյման Դեմիրելը բացել էր Հայաստանի հետ սահմանը մարդասիրական օգնության համար, որի պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունները կնճռոտվեցին, թեև վերջինս Լեռնային Ղարաբաղի հարցում ադրբեջանական կողմին էր աջակցում Միացյալ Ազգերի Կազմակերպությունում («Հուրիեթ», Նոյեմբեր 13, 24, 25, 27, 1992)։

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը վերջերս ձիթենու ճյուղ մեկնեց Թուրքիային՝ անկասկած տնտեսական նկատառումներից ելնելով։ Մայիսի 6-ին Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնարդ Քուշների հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանն ասաց. «Երևանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ սկսել Անկարայի հետ: Դրանից կշահեն մեր երկու ժողովուրդներն ու տարածաշրջանի բոլոր երկրները» («Ինտերֆաքս», 6 մայիսի)։ Նա փաստորեն կրկնեց Հայաստանի իշխանությունների նախկինում արած պաշտոնական հայտարարությունները։ 2005 թվականի հունիսի 5-ին Երկխոսության և Գործընկերության Սևծովյան համաժողովում իր ելույթում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար շարունակել երկխոսությունը Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիայի հետ` հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների» (www.panarmenian.net, հունիս 5, 2005)։ Անցյալ տարվա հունիսին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը և Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպեցին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գագաթաժողովի շրջանակներում: Օսկանյանը Գյուլին ասաց, որ Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և որ դրան կարող է նպաստել սահմանի վերաբացումը։ Գյուլը պատասխանեց, որ առաջին հերթին Հայաստանը պետք է փորձի լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի հետ։ («Դեյլի սթար», 26 հունիսի, 2007թ.)։

Եթե Հայաստանի վեճերն Ադրբեջանի հետ սկսվել են Խորհրդային Միության մայրամուտին [1], ապա Թուրքիայի հետ խնդիրները մոտ մեկ դարի պատմություն ունեն` կապված առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արևելյան Անատոլիայում (իմա` Արևմտյան Հայաստանի- «Արարատ» ՌԿ խմբ.) տեղի ունեցած ողբերգությունների հետ։ Հայաստանը հարյուր հազարավոր հայերի մահը բնորոշում է ցեղասպանություն, մեղադրանք, որը Թուրքիան կտրականապես ժխտում է։ Հայկական կողմի պնդումները պաշտպանողները տարիներ շարունակ հորդորում են ԱՄՆ-ի կառավարությանն այդ իրադարձությունները ընդունել որպես ցեղասպանություն` լարվածություն մտցնելով Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում։

Բաքվի և Անկարայի հանդեպ վարած արտաքին քաղաքականության հետևանքը եղավ Երևանի դիվանագիտական մեկուսացումը, որն իր հերթին դանդաղեցրեց տնտեսության հնարավոր աճի տեմպերը և ավերիչ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա։

Ըստ Կենտրոնական հետախուզության վարչության տվյալների` 2007թ. Հայաստանում ՀՆԱ-ի աճը կազմել է 13,7%, Ադրբեջանում` 31%, իսկ Թուրքիայում` 5,1%։ ԿՀՎ-ի եզրահանգմամբ. «Իր տնտեսական մրցունակությունը բարելավելու համար Հայաստանը ստիպված կլինի լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնել, որպեսզի կարողանա շարունակել հաղթահարել աղքատությունն ու գործազրկությունը` հատկապես հաշվի առնելով իր տնտեսական մեկուսացումը երկու անմիջական հարևանների կողմից»։ («Հայաստան», «Ադրբեջան», «Թուրքիա», 2008, ԿՀՎ Վորլդ Ֆաքթբուք)։

Հայաստանի համար դառը ճշմարտությունն այն է, որ, ունենալով նավթ արտահանող անմիջական հարևան, ստիպված է իր էներգիայի մեծ մասն արտադրել Ռուսաստանից ներկրված վառելիքով` ներառյալ գազը և Մեծամորի ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը: Հայաստանի էներգիայի արտադրության ներքին հիմնական աղբյուրը հիդրոէլեկտրակայաններն են։

Երևանի դիվանագիտական մեկուսացումը բերեց նրան, որ Հայաստանը դուրս մնաց 3,6 մլրդ արժողությամբ և 1,092 մղոն երկարությամբ Բաքու—Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի ծրագրից: Ադրբեջանն էլ իր հերթին, ստիպված էր վճարել բանակցել չցանկանալու համար, քանի որ ԲԹՋ—ն երկար շրջանցում է Հայաստանը` այդպիսով էապես ավելացնելով ծրագրի ծախսերը և ձգձգելով շինարարությունը: Հայաստանը շարունակում է դուրս մնալ տարածաշրջանային զարգացման ծրագրերից, ինչպիսին է օրինակ` Կարս—Թբիլիսի—Բաքու երկաթգծի շինարարությունը, որը նախատեսված է ավարտին հասցնել 2010 թվականին։

Մինչ Թուրքիան հետևողականորեն պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը նախապայման է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, Անկարան փորձել է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին` կազմակերպելով Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումները (բոլորն էլ անօգուտ) 2002-ին Ռեյկյավիկում և 2004-ին՝ Ստամբուլում։ Այդ փակուղային խնդրի լուծմամբ շահագրգռված` Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վարչակարգը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի միջև դիվանագիտական գագաթաժողով նախաձեռնեց, որը տեղի ունեցավ 2001թ. ապրիլին Քի Ուեսթում, սակայն դարձյալ ապարդյուն («Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ Քի Վեստում տեղի ունեցած խաղաղության բանակցությունների նկատառումները», քարտուղար Քոլին Լ. Փաուել, Քի Վեստ, Ֆլորիդա, 3 ապրիլի, 2003, www.state.gov )։

Բանակցությունների սեղանի շուրջ կարծես մի ազնիվ միջնորդ է նորից հայտնվել։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հարցի լուծման վերաբերյալ լավատեսության թեթև առիթ է տվել` հայտարարելով, որ «Ֆրանսիան բարեկամաբար է վերաբերվում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին և ունի լիովին անկողմնակալ դիրքորոշում։ Զարգացումներում առաջխաղացում կլիներ, եթե սահմանները բաց լինեին ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ոչ մեկին ձեռնտու չէ իր հարեւանի աղքատությունն ու դժբախտությունը։ Փակ սահմանները արգելք չեն հանդիսանում, որպեսզի հայերը ճամփորդեն Թուրքիա օդային ճանապարհով կամ աշխատեն այնտեղ։ Դա ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերություններն ամբողջությամբ խաթարված չեն։ Հուսով ենք, որ պետությունների միջև բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը։ Այս երկու խնդիրները հնարավոր է լուծել միաժամանակ»։ («ԱզերԹագ» նորությունների գործակալություն, 5 մայիսի)։

Երևանի համար որևէ ընտրություն կատարելը ինչքան դաժան, այնքան էլ տհաճ է: Նա փոխզիջումների պետք է գնա իր հարևանների հետ տարածքային և գաղափարական առճակատումներում, եթե ցանկանում է ստանալ դիվանագիտական աջակցություն` օգտվելու Արևելյան Անատոլիայի և Կասպից ծոցի հարավային ափամերձ շրջանների տնտեսական առաջընթացից։ Եթե վերջին տասնհինգ տարիների իրադարձություններն ինչ—որ բան կարողացան ապացուցել, դա այն է, որ Թուրքիան և Ադրբեջանը հատկապես կարող են ավելի հեշտությամբ ապրել առանց Հայաստանի, քան Հայաստանը կարող է բարգավաճել առանց նրանց` նախապայմաններով թե առանց նախապայմանների։

—————————

[1] Իրականում, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ մեկդարյա պատմություն ունի. այն սկսվել է դեռևս 20-րդ դարի սկզբին՝ հայ-թաթարական կռիվներով։ 1918 թ. քարտեզի վրա առաջին անգամ հայտնվեց Ադրբեջան անունով պետություն, որն էլ, հետևելով իր ավագ եղբայր Թուրքիային և առաջնորդվելով նույն պանթուրքական ծրագրերով , սկսեց իրականացնել հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն ու հայկական տարածքների կլանում: («Արարատ» ՌԿ խմբագրի կողմից)

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. Раффиգրել է 17 Մայիս 2008թ.-ին, ժամը 07:41

    В конечном итоге БОГ поставит все на свои места, и накажет всех виновных. Признают виновники в заимоотнашениях этих государств свою вину ,или нет, не важно , есть на свете БОГ, он пока ждет, но придет и время расплаты!

  2. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 18 Մայիս 2008թ.-ին, ժամը 07:10

    Այս հոդվածը արևմտյան մամուլում հաճախ տպագրվող թուրքամետ-ադրբեջանամետ նյութերի տիպիկ նմուշ է։ Հեղինակը լիովին անտեսում է Հայաստանի անվտանգության տարրական պահանջները, Ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառները, Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը, Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը։Փոխարենը, նա, գրեթե անթաքույց սպառնալով, կոչ է անում Հայաստանին չարդարացված զիջումներ կատարել՝ առանց դույզն ինչ հասկանալու և անհանգստություն հայտնելու այդպիսի զիջումներից հետո Հայաստանի համար ստեղծվելիք անտանելի իրավիճակի մասին։