Մայ 18 2008

ՔԲԿ-ն տեղափոխվում է Ղարաբաղ. արդյոք կհարվածի՞ Թուրքիան

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Ենի շաֆաք» օրաթերթ, 14 մայիսի, 2008

Աղբյուրը` (Yeni Safak)
Իբրահիմ Կարագյուլ

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Լիբանանում ԱՄՆ-ը ձգտում է չեզոքացնել «Հզբոլլահին»: Իրանը պատերազմում է PKK-ի իրանական թեւը հանդիսացող PJAK-ի դեմ: ԱՄՆ-ն աջակցում է PJAK-ին եւ այն ծառայեցնում Իրանի ապակայունացման նպատակին: Իրանը «Հզբոլլահի» միջոցով ԱՄՆ-ի դեմ կռիվներ է մղում Լիբանանում: PKK-ի չեզոքացման համար` ինչպես ԱՄՆ-ի ու Իսրայելի, այնպես էլ Իրանի եւ Սիրիայի հետ համագործակցող Թուրքիան աջակցում է ե՛ւ «Հզբոլլահի», ե՛ւ PJAK-ի դեմ մղվող պայքարին: PKK-ի դեմ պայքարում Թուրքիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի և Իսրայելի, Իրանի ու Սիրիայի հետ, որոնք էլ իրենց հերթին քրդական այս կազմակերպությունների միջոցով միմյանց են շոշափում, այդպիսով էլ տարածաշրջանային պատերազմով հղի վտանգավոր խաղեր խաղում:

Թուրքիան մի կողմից ջանում է հակառակորդ ուժերին ներգրավել թշնամական PKK-ի դեմ պայքարում, իսկ մյուս կողմից, ստանձնելով միջնորդի դեր Սիրիայի ու Իսրայելի միջեւ, նպաստավոր քայլեր է կատարում տարածաշրջանի խաղաղության համար:
Ականատես ենք լինում վերին աստիճանի խրթին իրավիճակում՝ չափազանց զգայուն տարածքում, ծավալվող դիվանագիտական ձեռնարկումներին: ԱՄՆ-ը, Իսրայելը, Սիրիան, Իրանը, Բաղդադի եւ Հյուսիսային Իրաքի վարչակարգերը նպաստում են այն գործընթացին, որը ձեւավորվել է սպառնալիքի թուրքական ըմբռնումներին համապատասխան: Ներկա փուլում Անկարան ոչ միայն հետախուզության բնագավառում է համագործակցում Իրանի եւ Սիրիայի հետ, այլեւ ռազմական գործողությունների համակարգումը դարձնում է ակնհայտ: Մասուդ Բարզանիի նահանջը, Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչների երկրորդ գործուղումը Բաղդադ վկայում են վերոհիշյալ համակարգված ջանքերի բարեհաջող ընթացքի մասին:

Թուրքիային պետք է ողջունել ոչ միայն ահաբեկչության դեմ հաջող պայքար ծավալելու, այլեւ տարածաշրջանի բոլոր դերակատարներին միեւնույն թիրախի դեմ ուղղելու կարողության համար: Սա լուրջ հաջողություն է և երկարաժամկետ հեռանկարում կունենա դրական ազդեցություն: Մինչև հյուսիսային Իրաքում ռազմական գործողությունների իրականացումը Արեւմուտքում դիվանագիտական բուռն գործունեություն ծավալվեց: Թերեւս այդ գործունեության շնորհիվ էր, որ հնարավոր եղավ կանխել Արեւմուտքի հնարավոր հակազդեցությունը Թուրքիայի ռազմական գործողություններին: Նույնը կատարվեց տարածաշրջանի երկրներում: Ահա այս գործընթացի արդյունքում PKK-ն կաթվածահար արվեց: Դրան հետեւեցին ռազմական գործողությունները հյուսիսային Իրաքում:
Գործողություններին առնչվող վերջին տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ PKK-ն, իր ղեկավար կազմով հանդերձ, կազմալուծման շեմին է. իր գոյությունը պահպանելու համար այն կանգնել է արմատական որոշումներ կայացնելու հրամայականի առջեւ: Կազմակերպության ղեկավարները լքել են Կանդիլը, անդամների զգալի մասը հեռացել է զբաղեցրած դիրքերից եւ ցրվել հյուսիսային Իրաքով մեկ, ոմանք անցել են Իրան:

PKK-ի առաջնորդները հազիվ թե կարողանան ապաստանել Իրանում, իսկ հյուսիսային Իրաքում փոխվել է նրանց աջակցող ուժերի դիրքորոշումը: Ավելին, Թուրքիայի եւ հյուսիսային Իրաքի միջեւ զգացվում է գարնանային եղանակի ազդեցությունը:
Ներկա պայմաններում պայքարի հաջորդ փուլում PKK-ի ռազմական կարողությունները չեզոքացվելու են: Ավելի կարեւոր է կոտրել քրդերի վրա այդ կազմակերպության ազդեցությունը: Դրա ականատեսը կլինենք քաղաքական այն ծրագրերի միջոցով, որոնք կշրջանառվեն ռազմական գործողությունների ավարտին:

Սակայն կա ուշադրությունից վրիպող մեկ այլ հանգամանք. ստացած տեղեկությունների համաձայն, հունվարին PKK-ի ղեկավար կազմը հյուսիսային Իրաքում մնալու անհնարինության պատճառաբանությամբ Հայաստանի օկուպացման տակ գտնվող Ղարաբաղում հաստատվելու պատրաստություն է տեսել: Նրանք որոշել են Կանդիլի հենակետերը տեղափոխել Ղարաբաղ, որոշում, որն ընդունվել էր դեռեւս 2007թ. նոյեմբերին: Պարզվել է, որ կազմակերպության կենտրոնակայանը ամրանալու է Լաչինի եւ Ֆիզուլու շրջաններում: Փորձ է արվել Լաչինի շրջանում, ինչպես նաև քրդաբնակ Քելբաջարում, դիմել ժողովրդի աջակցությանն ու այդ ուղղությամբ բանակցություններ են ծավալվել:
Կասկածից վեր է, որ Կանդիլից փախածները չեն կարող տեղակայվել PJAK-ի հետ պատերազմող Իրանում: Եթե նարանք շարունակեն մնալ Իրանի եւ Սիրիայի տարածքում, ապա նրանց կհանձնեն Թուրքիային: Ստեղծված իրավիճակում միայնգամայն հնարավոր է, որ կազմակերպության առանցքային գործիչները տեղափոխվեն Ղարաբաղ: Այդ դեպքում հայ-ադրբեջանական հակամարտությունը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունները, ԱՄՆ-Ռուսաստան պայքարը Կովկասում կստանան բոլորովին այլ բովանդակություն:

Անդրադառնանք Վրաստան-Աբխազիա լարվածությանը, որը սրվեց Կոսովոյի անկախացումով: Դա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հանուն ազդեցության ծավալվող պայքարի անդրադարձն է Կովկասում: Եթե PKK-ն տեղափոխվի Ղարաբաղ, ապա կվերածվի միջանկյալ կազմակերպության, իսկ Թուրքիան իր հայացքը հյուսիսային Իրաքի փոխարեն կուղղի դեպի Ղարաբաղ: Դրա հետեւանքով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ կառաջանա նոր եւ լուրջ լարվածություն: Ստեղծված իրավիճակը կօրինականացնի Թուրքիայի` Ղարաբաղին միջամտելու իրավունքը, իսկ ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունը հնարավորություն կտա ամրապնդել իր դիրքերը, ինչպես տեղի ունեցավ հյուսիսային Իրաքում: Իհարկե, այդ ժամանակ գլուխ կբարձրացնի Թուրքիա-Ռուսաստան ճգնաժամը:

PKK-ի տարանջատումը քրդական հարցից և տեղափոխումը Ղարաբաղ նշանակելու է, որ այդ կազմակերպությունն ստանալու է տարածաշրջանային խաղաթուղթ օգտագործման մեկ այլ դրսեւորում: Մի պահ պատկերացրեք, որ Ղարաբաղը դառնում է ներկայումս Հյուսիսային Իրաքին հասցվող օդային հարվածների թիրախ: Թվում է, թե դրա հավանականությունը գրեթե անհնար է: Սակայն չպետք է մոռանալ, որ տարիներ շարունակ անհասկանալի էր «անվտանգության գոտու» իմաստը, ինչպես նաև Աբդուլլա Օջալանի հանձնումը Թուրքիային:

Այս իրավիճակը Թուրքիայի տեսանկյունից կնշանակի պատմության վերսկսում:

One response so far

1 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 18 Մայիս 2008թ.-ին, ժամը 07:45

    Հայաստանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ ՔԲԿ-ի (PKK) միջև իբր գոյութույն ունեցող կապերի մասին թուրքական ու արդեն նաև ադրբեջանական աղբյուրների տարածած ստապատիր տեղեկատվության նպատակների մասին բազմիցս ենք գրել ու նշել դրա վտանգը (տե՛ս, մասնավորապես, http://www.regnum.ru/news/929158.html ; http://www.regnum.ru/english/929158.html ; http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=23209&Itemid=37 ):

    «Ենի շաֆաքը» կառավարամետ թերթ է: Այն կատարում է ոչ պաշտոնական օրգանի դեր Թուրքիայում միանձնյա իշխող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն և բարգավաճում» կուսակցության համար: Ինչ վերաբերում է հոդվածի հեղինակ Իբրահիմ Կարագյուլին, ապա նա էլ որպես վերլուծաբան հիմնականում կենտրոնանում է տարածաշրջանի հակամարտությունների և քաղաքական զարգացումների վրա:

    Թեև տպաքանակով «Ենի շաֆաքը» զիջում է «Զամանին», «Հուրիեթին», «Միլիեթին», «Սաբահին», սակայն «Հայկական հարցում», թուրքական մոտեցման համաձայն, իր մեջ ներառում է Հայաստանի հետ հարաբերությունները, Հայոց Ցեղասպանության ճանաչման և հայկական սփյուռքի խնդիրներն ու ղարաբաղյան հակամարտությունը: Այն համեմատաբար զուսպ է, խուսափում է ավելորդ սանձարձակություններից, սակայն անկախ դրանից, «Ենի շաֆաքը» նույնպես հետամուտ է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականությանը: Թերևս դրա արձագանքը պետք է համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ՔԲԿ-ի հենակետեր հայտնաբերելու նկրտումը, որը «Ենի շաֆաքը» ծառայեցնում է Հայաստանին սպառնալու և նրա դեմ ճնշման հավելյալ լծակ ստեղծելու նպատակին: