- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայ և թուրք ուսանողների հանդիպումը Նևշեհիրում

«Նուվել դ’Արմենի», 11 մարտի 2009թ.
Աղբյուրը` Nouvelles d’Armènie
(Բնագիրը թուրքական «Հյուրիյեթ»-ում 2009թ. փետրվարի 17-ի «Ուսանողներն օրինակ են ծառայում» հրապարակումն է:)

ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի մեկնաբանությունը

Փորձելով կոտրել երկու երկրների միջև եղած կարծրատիպերը` ուսանողները կազմակերպել են հայ-թուրքական երկխոսության ճամբար Անատոլիայի Նևշեհիր քաղաքում:

Ըստ թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի` ճամբարի նպատակը հայկական և թուրքական համալսարանների ուսանողների մերձեցումն է` երկու ազգերի միջև գոյություն ունեցող նախապաշարումները հաղթահարելու նպատակով: Ութսուն թուրք և քսան հայ ուսանող մեկ շաբաթ անցկացրեցին Ուրգյուպի մի հյուրանոցում. այն Կապադովկիա տարածաշրջանի զբոսաշրջության կարևոր կենտրոն է:

Ծրագիրը նախաձեռնել էր թուրքական Թուրքիայի համալսարանների ուսանողական միություններ (Turkiye Universiteleri Ogrenci Yaklasmalari) կոչվող ասոցիացիան, հովանավորել են Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների թուրքական «TESEV» հիմադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և «Ակոս» օրաթերթը:

Ճամբարում անց են կացվել արվեստագործական հանդիպումներ, համերգներ, ժողով-քննարկումներ: Ճամբարի ավարտին ուսանողներն հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է. «Մենք շփոթված ենք, որ թուրք և հայ համայնքները դարերով ապրել են միասին և իրարից հեռացել ու իրար դեմ են դուրս եկել 1915թ. դեպքերի առնչությամբ, երկու կողմերի վարած քաղաքականության պատճառով»:

«Մենք կարծում ենք, որ երկու քույր ազգերի միջև հարաբերությունները պետք է կառուցվեն խաղաղության և ընկերության, այլ ոչ թե` տեղահանություն թե ցեղասպանություն երկընտրանքի հիման վրա: Միակ հնարավոր ճանապարհը համատեղ ծրագրեր իրականացնել կարողանալն է. ծրագրեր, որոնք, կարծում ենք, արագորեն կզարգանան երիտասարդության ակտիվ մասնակցության շնորհիվ»:

«Թուրք և հայ ուսանողների միջև երկխոսությունը ճանապարհ կհարթի լուծումներ գտնելու համար: Այդ գործընթացում մեր առաջին քայլն այս երկխոսության ճամբարն է»,- եզրափակում է հայտարարությունը: