- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Պանետան փորձում է լուծել լեզվական խնդիրը Կենտրոնական հետախուզական վարչությունում

«Վաշինգտոն Թայմս», 29 մայիսի 2009թ.
Աղբյուրը` The Washington Times
Ժոզեֆ Վեբեր (Joseph Weber)

Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Լեոն Պանետան ուրբաթ օրը հայտնել է, որ վարչությունը դեռ կարիք ունի օտար լեզուների վարժ տիրապետող գործակալների` լրտեսության և այլ կարևոր առաքելությունների համար:

Աշխատակիցներին ուղղված նամակում Պանետան հայտարարել է լեզուների հարցում փորձառու աշխատակիցների թիվը կրկնապատկելու հնգամյա ծրագրի մասին:

«Մեր վարչությունը վերջին տարիներին բարելավել է լեզվական կարողությունները, սակայն մենք կարող ենք անել և պետք է անենք ավելին»,- նշել է նա: «Երբ պաշտոնյան հանդիպում է անցկացնում մի օտար երկրի մայրաքաղաքում, վերլուծում է որևէ օտարերկյա կառավարության ծրագրերը կամ թարգմանում օտարերկյա ԶԼՄ հեռարձակումները…, լեզվական ունակությունները` օտարերկրյա հասարակություններ մուտք գործելու, նրանց կառավարություններին հասկանալու և նրանց գաղտիքները գաղտազերծելու հիմնառանցքն են»:

Պարոն Պանետան արաբերենը, չիներենը, ռուսերենը, փուշտուն, ուրդուն և պարսկերենը որակել է որպես « առաքելության համար խիստ կարևոր» լեզուներ:

Ծրագիրը նաև կոչ է անում կտրուկ փոփոխություններ մտցնել վարչությունում օտար լեզուների ուսուցման մեջ` պարապմունքներում լրիվ դրույքով ընդգրկելով ավելի մեծ թվով գործակալներ:

Վարչության Ազգային գաղտնի ծառայությունում (National Clandestine Service) լրիվ դրույքով ընդգրկված գործակալների թիվը կավելանա 50 տոկոսով, իսկ Հետախուզական բաժնում վերլուծաբանների թիվը կեռապատկվի: «Մենք նոր, կատարելագործված ձևեր կգտնենք` այդ հմտությունները ձեռք բերելու, ուսուցանելու և պահպանելու համար»,- հայտնել է պարոն Պանետան:

Նա ավելացրել է, որ գործակալությունը պետք է աշխատանքի ընդունի ավելի շատ ամերիկացիների, որոնց առաջին լեզուն անգլերենը չէ: «Մենք չենք կարող այս խնդիրը լուծել զուտ ուսուցմամբ»,- նշել է Պանետան:

Տնօրենը նշել է, որ գործակալությունը կարիք ունի քննելու նաև համակարգչային թարգմանությունների ու այլ տեխնոլոգիաների իր ծրագրերը: