- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Պետքարտուղարության պաշտոնյաները պաշտպանում են պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը

«Ամերիկայի հայկական ազգային կոմիտե», 18 հունիսի 2009թ.
Աղբյուրը` Armenian National Committee of America

Ֆիլ Գորդոնը հաստատել է, որ այդ հանձնաժողովը Հայաստանի և Թուրքիայի միջև կնքված «Ճանապարհային քարտեզ»-ի մաս է կազմում

Վաշինգտոն. ԱՄՆ Պետքարտուղարի օգնական (Assistant Secretary of State) Ֆիլ Գորդոնն այսօր ասել է, որ Օբամայի վարչակազմը պաշտպանում է Հայաստանի և Թուրքիայի պատմաբաններից բաղկացած հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը։ Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեն (ANCA), այս վիճահարույց առաջարկը վաղուց ի վեր առաջ է քաշում Թուրքիայի կառավարությունը` Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու և մարդկության դեմ գործած հանցագործության համաշխարհային ճանաչման միջազգային գործընթացի առաջխաղացումը կասեցնելու նպատակով:

ԱՄՆ Ներկայացուցիչների Տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովում ավելի վաղ կայացած լսումների ժամանակ Գորդոնը պատասխանել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Վեքսլերի (Դեմոկրատ կոնգրեսական Ֆլորիդա նահանգից) հարցին` թե ինչպե՞ս է պետքարտուղարությունը մտադիր «ուղղորդել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների գործընթացը, որպեսզի Ադրբեջանը նույնպես հաղթող դուրս գա»: Ի պատասխան Ներկայացուցիչների Տան անդամներից Թուրքիայի բարեկամների խմբակի համանախագահի (Turkish Caucus Co-Chairman) այս հարցին՝ Գորդոնն իր աջակցությունն է հայտնել «ճանապարհային քարտեզ» անվամբ փաստաթղթին, որն ապրիլի 22-ին արժանացել էր Պետքարտուղարության հրապարակային հավանությանը և որտեղ հատկապես նշվում է այս համաձայնագրի շատ վիճահարույց, բազմիցս քննարկված, սակայն նախկինում երբեք պաշտոնապես չբացահայտված այն բաղադրիչը, որը նախատեսում է երկու ազգերի միջև պատմական դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծում:

Ահա Ֆիլ Գորդոնի մեկնաբանություններից մի հատված.
«Դուք ունեք երկու զուգահեռ, սակայն առանձին զարգացող գործընթացներ [Հայաստան-Թուրքիա երկխոսություն և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններ]. Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բնականոնացում-հաշտեցումը, որ մեր կարծիքով` պատմական նշանակություն ունի, երբ այդ երկու երկրները համաձայնվել են հարաբերությունների կարգավորման սկզբունքների շուրջ, որոնք ներառում են սահմանի բացում, որը փակված է չափից դուրս երկար ժամանակ, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաև առանցքային հարցերի, այդ թվում` պատմության շուրջ հանձնաժողովների ստեղծում։ Եվ մենք պաշտպանում ու աջակցում ենք այդ գործընթացը»:

Հայաստանի և Թուրքիայի պատմաբաններից բաղկացած հանձնաժողովի ստեղծումը` միջոց, որով Թուրքիան երկար ժամանակ փորձում է կասկածի ենթարկել Հայոց Ցեղասպանության անհերքելի պատմական փաստը, ակնհայտ հակադրության մեջ է նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահ Օբամայի արած հայտարարությունների հետ: 2008 թվականի ընթացքում տարբեր առիթներով, ներառյալ նոյեմբերյան ընտրությանն անմիջապես նախորդող օրերը, նա ընդգծել է իր «հաստատուն համոզմունքն առ այն, որ Հայոց Ցեղասպանությունն անհիմն պնդում, անձնական կարծիք կամ տեսակետ չէ, այլ` պատմական ծավալուն վկայություններով հաստատված փաստ: Փաստերն անհերքելի են»: Պատմաբանների հանձնաժողովի գաղափարը` որպես ժխտողական մարտավարություն, մերժել են գրեթե բոլորը, ներառյալ Ցեղասպանագետների Միջազգային Ընկերակցությունը: