- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայերն իրենց թուրք են զգում

«Թումգազեթելեր», 15 հունիսի 2009թ.
Աղբյուրը` tumgazeteler.com

Հայերն իրենց թուրք են զգում
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ չհաշված կրոնը, հայերն իրենց թուրք են համարում: Թուրքերի եւ հայերի միջեւ խառն ամուսնությունները, ըստ հետազոտության, 50 տոկոս են կազմում:
Ստամբուլի «Բիլգի» համալսարանի հրատարակած «Հայերը Թուրքիայում» հետազոտությամբ պարզվել է, որ հայ համայնքի անդամները, «կրոնը չհաշված» իրենց թուրքի պես են զգում: Ահա թե ինչու կենցաղում իսլամական «փառք Ալլահին», «Եթե Ալլահը կամենա» արտահայտությունները հաճախակի օգտագործող հայ փոքրամասնությունը «Ռամազանի» մեծ պահքին՝ «իֆթարի»՝ պասը բաց անելու է հրավիրում մահմեդական հարեւաններին եւ կատարում իսլամական արարողությունները, մասնակցելով, օրինակ, թաղման համար մզկիթում նախատեսված նամազին:
Սպանված լրագրող Հրանտ Դինքի հիշատակին նվիրված եւ «Հայերը Թուրքիայում. համայնք-անհատ-քաղաքացի» վերնագիրը կրող այս հետազոտությունը, որի պատրաստմանը մասնակցել են քաղաքագետներ դոց. Գյունայ Գյոքսուն եւ պրոֆ. Ֆյուսուն Ուսթելը, սոցիոլոգ Ֆերհաթ Քենթելն ու հրապարակախոս Կարին Կարաքաշլըն, քննության է ենթարկում Թուրքիայում բնակվող հայերի կենցաղն ու հարաբերությունները թուրքերի հետ:
Թուրքիայի հայության վարքագծի առայսօր անհայտ դրսեւորումները երեւան հանող հետազոտության համար, ստամբուլաբնակների գլխավորությամբ, հարցման են ենթարկվել Անատոլիայի տարբեր վայրերում բնակվող հայերը, որոնց ինքնությունը գաղտնի է պահվում:

Մահմեդականության կանոններն իմանալը նորմալ է

Հետազոտությունը պարզել է, որ առօրյա կյանքում հայերը հաճախակի են հարաբերվում մահմեդականների հետ, իսկ օգտագործվող լեզվի ընդհանրությունը հստակ պատկերացում է տալիս այդ հարաբերության մակարդակի մասին: Հետազոտության մեջ միաժամանակ մատնացույց է արվում, թե առօրյա կյանքում «փառք Ալլահին», «Եթե Ալլահը կամենա» արտահայտությունները մշտապես օգտագործող հայերը «Ռամազանի» առթիվ ինչպես են «իֆթարի» հրավիրում իրենց մահմեդական հարեւաններին: Հետազոտությունը միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն հանհամանքի վրա, որ հայերի մեջ մեծամասնություն են կազմում նրանք, ովքեր «նորմալ են համարում թաղման օրվա նամազին մասնակցելու համար մզկիթ գնալն ու իսլամի կանոններն իմանալը»:
Տեղ է տրվում նաեւ հարցման որոշ մասնակիցների հետեւյալ տեսակետներին. «Ամեն ինչում մենք վարվում ենք թուրքի պես: Ճաշատեսակները ընդհանուր են: Գիտակցության մեջ մի քիչ հայություն ունենք: Սակայն, մեզանից շատերը հայկական երաժշտություն չի լսում, հայերեն գիրք չի կարդում: Չհաշված կրոնը: թուրքի պես ենք: Անիմաստ են կրոնի, դավանանքի, ռասսայի տարբերակումները, որոնք ընդամենը խթանում են թշնամանքը»:

Մորեղբայրս ծառայելիս զոհվեց եւ «շահիդ» դարձավ

Հետազոտության մեջ, թերեւս, ամենաուշագրավը «լինե՞լ թուրքի նման, թե՞ թուրքիացի» հարցին հայերի տված հետեւյալ պատասխանն է. «Մեծացել ենք թուրքական հասարակության ավանդույթներով: Դրանք մեզ ավելի հոգեհարազատ են, քան յուրաքանչյուր թուրքին: Մորեղբայրս բանակում ծառայելիս դարձել է «շահիդ» (ամենայն հավանականությամբ նահատակվել է PKK-ի հետ կռիվներում՝ ԱՌԿ-ի խմբ.): Եթե ես կարեւորում եմ այս երկրի հիմնախնդիրները, կնշանակի թուրք եմ: Մահմեդականներն այնպիսի մեկնաբանություն են տալիս թուրք բառին, կարծես չի կարող թուրք լինել ոչ մահմեդականը: Մինչդեռ քեմալական ազգայնականությունը ներառում է ողջ հայրենիքը: Կարեւորը թուրքիացի լինելն է: Ես սիրում եմ այս երկիրը»:
Ըստ հետազոտության, հայերի 82 տոկոսն իրեն բնութագրում է որպես «հայ», իսկ 64 տոկոսը՝ իբրեւ «Թուրքիայի Հանրապետության քաղաքացի»:
Ուշագրավ է նաեւ հետազոտության հայ քաղաքացիների սոցիալական եւ մշակութային գործունեությանը նվիրված հատվածը, որտեղ նշվում է հայկական բազմաթիվ հասարակական, մշակութային կենտրոնների Թուրքիայում ծավալած գործունեության մասին եւ ընդգծվում, որ նրանց միջոցառումներին մասնակցում է հայերի 84 տոկոսը:

Թուրք-հայ խառն ամուսնությունները 50 տոկոս են կազմում

Հետազոտությունը «Ներհամայնքային ամուսնություն. խառը ամուսնություն» վերնագիրը կրող բաժնում շեշտվում է ներհամայնքային ամուսնությունների առանձնահատուկ տեղը Թուրքիայի հայերի կյանքում, հայկական ինքնությունը պահպանելու եւ դրա հարատեւությունը ապահովելու առումով: Նշվում է նաեւ այն, որ ծնողները դեմ են իրենց զավակների այլազգիների՝ ոչ հայերի հետ ամուսնությանը: Բայցեւայնպես խառն ամուսնությունները, ըստ հետազոտության տվյալների, 50 տոկոսի են հասել համայնքում: Պարզվել է, որ հայ համայնքը հավանություն է տալիս ներհամայնքային ամուսնությանը միայն: Խառն ամուսնությունների պարագայում հայերին գլխավորապես հուզում է «երեխայի դավանանքի» հարցը, թե ո՞ր կրոնի հետեւորդն լինելու: Ըստ հետազոտության, հարցման 898 մասնակիցների 3 տոկոսը կարծում է, որ խառն ամուսնությունից ծնված երեխան հետեւելու է «հոր դավանանքին», 43 տոկոսը՝ «դավանելու է քրիստոնեություն», 26 տոկոսը՝ «մահմեդական է լինելու», 2 տոկոսը՝ «նշանակություն չունի», իսկ 23 տոկոսը նշում է. «Թող ինքը որոշի»: Պատասխանները կարելի է իմաստավորել հետեւյալ կերպ. «Եթե զույգերը կարողանում են վեր կանգնել ազգայնամոլ դրսեւորումներից եւ դառնալ կյանքի ընկեր, ինչո՞ւ չամուսնան: Կարեւորը դժբախտ չլինեն եւ չմոռանան հայերենը»:
Հետազոտության վերջին բաժնում արտահայտվում է հետեւյալ կարծիքը. «Վերջին շրջանում նոր սերունդների կրթության մակարդակի բարձրացմանը զուգընթաց, ձեւափոխվել եւ բարեշրջվել են նաեւ Թուրքիայի հայերը: Դրա վկայությունը, անկախ դժվարություններից, Թուրքիայի հայերի սերտաճումն է թուրք հասարակության հետ եւ նրանց «հայրենակցության» գիտակցության բարձրացումը:

Նախընտրում են թուրքերենը

Շնորհիվ հետազոտության, պարզվել է, որ հայերը թուրքերենին ավելի լավ են տիրապետում, քան հայերենին եւ թուրքերենն են օգտագործում: Հարցման արդյունքներով հայերի 83 տոկոսը կանոնավոր կարդում է թուրքերեն թերթեր եւ հանդեսներ, իսկ հայերեն գիրք կարդացողների տոկոսային ցուցանիշն ընդամենը 30 է: