- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիան կգնի ռուսական «Գիշերային Որսորդներ»

«ՐԻԱ Նովոստի», 15 հունիսի 2009թ.
Աղբյուրը` RIA Novosti
Իլյա Կրամնիկ, «ՐԻԱ Նովոստի» գործակալության ռազմական մեկնաբան
(RIA Novosti military commentator Ilya Kramnik)

Մոսկվա. Թուրքիայից զինվորական պատվիրակություն է ժամանել Ռուսաստան` ՄԻ-28 հարվածային ուղղաթիռների ձեռքբերման հնարավորությունը քննարկելու համար: Առաջին անգամը չէ, որ երկու երկրները համագործակցության նպատակով քննարկումներ են անցկացնում:

1970-ականներին և վաղ 1980-ականներին, Թուրքիան Միացյալ Նահանգներից գնել է 32 օգտագործված ԱՀ-1 Փ/Ս «Կոբրա» (AH-1P/S Cobra) տեսակի մարտական ուղղաթիռներ և հետագայում կատարելագործել դրանք` դարձնելով ԱՀ-1Ֆ (AH-1F) մոդիֆիկացիայի:

23 հատ ԱՀ-1Փ/Ս «Կոբրա»-ներ դեռևս գործածության մեջ են թուրքական բանակում: Սակայն 1990-ականների կեսերին, Թուրքիայի ռազմական իշխանությունները սկսեցին մտածել դրանք այլ տեսակներով փոխարինելու մասին:

Հաջորդ մրցույթի ընթացքում նրանք դիտարկեցին մարտական ուղղաթիռների մի քանի տեսակներ, ներառյալ` Կա-50-2 «Էրդողան» (Ka-50-2 Erdogan) տեսակը` ռուսական Կա-50 «Սև Շնաձուկ» (Ka-50 Black Shark) ուղղաթիռի տարբերակը, որը Ռուսաստանն ու Իսրայելը ստեղծել են Թուրքիայի համար: Ի տարբերություն Կա-50-ի, որտեղ օդաչուները նստում են կողք-կողքի, «Էրդողան»-ում նստատեղերը տեղադրված են իրար հետևից, ինչպես ամերիկյան «Կոբրա» ուղղաթիռում:

Թուրքիան, սակայն, չընտրեց Կամով (Kamov) տեսակի ուղղաթիռը` ելնելով քաղաքական դրդապատճառներից, ինչպիսիք են` ԱՄՆ-ի աճող ազդեցությունը Թուրքիայում, և հակառակը` ռուսական ազդեցության բացակայությունն այնտեղ: Բացի այդ, Ռուսաստանն այդ ժամանակ չէր կարող ժամանակին ապահովել նոր ուղղաթիռների` անհրաժեշտ քանակով արտադրանք կամ հետվաճառքային սպասարկման ծառայություն: Եվ վերջապես, այդ ժամանակ չէր կատարվում ԿԱ-50-ի (Ka-50) զանգվածային արտադրություն նույնիսկ ռուսական բանակի համար:

Նոր զենքերով ու սարքավորումներով արդիականացված «Կոբրա»-ն թուրքական մրցույթի ամենահավանական հաղթողն էր, սակայն պայմանագիրն ի վերջո շնորհվեց եվրոպական արտադրողի` անգլո-իտալական «ԱգուստաՎեսթլենդ»-ին (AgustaWestland), որն իրեն հպարտորեն կոչում է «գերհզոր հողմաթևային ուղղաթիռների մատակարար» (“a total rotorcraft capability provider”)։

«ԱգուստաՎեսթլենդը», որը 2007թ. մարտին դարձավ մրցույթի հաղթող հայտատու, պարտավորվեց Թ129-ի (T129) 50 հատ նախատիպ հավաքել Թուրքիայում: Սակայն առաջին Թ129 (T129) կթողարկվի 2015 թվականին միայն, այնինչ Թուրքիային ուղղաթիռներ անհրաժեշտ են հիմա` քուրդ գրոհայինների դեմ պայքարելու համար:

2008թ.-ին 7 օգտագործված ԱՀ1-1Վ «ՍուպերԿոբրա»-ների (AH-1W SuperCobra) գնումը նույնպես չլուծեց խնդիրը: Մինչև 2015 թվականը Թուրքիային անհրաժեշտ են ժամանակակից գրոհային ուղղաթիռներ, ու նաև դրանից մի քանի տարի հետո ընկած ժամանակահատվածում պակասը լրացնելու համար` մինչ իր օդաչուները կսովորեն վարել Թ129 (T129) ուղղաթիռները:

Արդյունքում, Թուրքիան որոշեց գնել ռուսական ուղղաթիռներ: Նախապատվությունը տրվեց Մի-28Ն «Գիշերային Որսորդ»-ին (Mi-28N Night Hunter), որն, ի տարբերություն Կա-50-ի (Ka-50)` զանգվածաբար արտադրվում է սկսած 1990-ականներից և մատակարարվում է ռուսական զինված ուժերին:

Երկու-երեք տարվա ընթացքում Թուրքիան հավանաբար կգնի 12-ից 32 ուղղաթիռ: Պարզ չէ` արդյոք նա ցանկանում է գնել ուղղաթիռներ` վեր-ականոցային տեղորոշիչով (top-mounted radar), որը չափազանց թանկ տարբերակ է, թե՞` առանց դրա:

Թուրքիայի զինված ուժերը ժամանակին դիտարկել են Մի-24 «Կոկորդիլոս» (Mi-24 Crocodile) տեսակը գնելու տարբերակը. այն մի շարք կառուցվածքային ընդհանրություններ ունի Մի-28-ի (Mi-28) հետ: Մի-17 (Mi-17) բազմանպատակային (multirole helicopters) ուղղաթիռներն այժմ Թուրքիայում օգտագործվում են ռազմական, ոստիականական և քաղաքացիական նպատակներով:

Հատկանշական է, որ Միլ (Mil) ուղղաթիռներն բազմաթիվ տարիներ է, ինչ օգտագործվում են նմանատիպ տեղանքներում` Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Ավելին, Ռուսաստանի ազդեցությունն աճում է, և նրա հարաբերությունները Թուրքիայի հետ կտրուկ զարգանում են. 1990-ականներից սկսած` երկկողմ հարաբերություններում առկա շատ հակասություններ հարթվել են:

Այդ պատճառով, Թուրքիան կարողացավ գնել Մի-28 (Mi-28), որի վերջին 20 տարիների գործունեության բնութագիրն ու մարտական գործածության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ այս բազմահմուտ ուղղաթիռը կարող է օգտագործվել մարտական նպատակներով նույնիսկ հետո` երբ Թուրքիայում սկսեն հավաքել Թ129 (T129) ուղղաթիռները:

Եվ վերջին նրբերանգը. պաշտպանվածության և մարտական ծանրաբեռնվածության առումով Թ129-ը (T129) զիջում է Մի-28-ին (Mi-28):

Հոդվածում արտահայտված կարծիքները հեղինակինն են և պարտադիր չէ, որ համընկնեն «ՌԻԱ Նովոստի»-ի տեսակետների հետ: