- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՆՐԻ ՇՐՋԱՆ. Պանրի պատրաստման գաղտնի դիվանագիտությունը

«Էկոնոմիստ», 22 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Փետրվարյան մի ցուրտ առավոտ մի խումբ հայեր ու թուրքեր հավաքվել էին Կարսի մի հյուրանոցում` թուրքական հետախուզության հսկողության ներքո: Մայիսի 14-ին նրանց գաղտնիքը` մի հսկայական պանրի գլուխ, բացահայտվեց Գյումրիում, փակ սահմանի մոտ, Հայաստանում: «Կովկասյան պանիր» անունով այդ դեղին գունդը խորհրդանշում է հաշտեցում Թուրքիայի և Հայաստանի միջև և ողջ Կովկասում:

«Տարածաշրջանային «խաղաղության» պանրի գաղափարը (ներգրավված են նաև Վրաստանն ու Ադրբեջանը) կասկածանքով ընդունվեց, երբ մեկ տարի առաջ դրվեց քննարկման»,- ասում է Ալին Օզինյանը՝ Թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհրդից: «Մենք չգիտեինք, թե իշխանություններն ինչպես կարձագանքեն»,- ասաց թուրք պանրագործ Զեքի Այդինը, որը տասը ժամ ճանապարհ էր անցել Կարսից Գյումրի՝ Վրաստանի տարածքով: «Մենք ցանկանում ենք, որ մեր սահմանները վերաբացվեն, բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն, ուստի մենք առիթից օգտվեցինք»,- ասում է Իլհան Կոչուլուն` մեկ այլ պանրագործ:

Ադրբեջանցի Վեֆա Ֆերեջովան, որը պայքարում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար, նույնպես այնտեղ էր: «Մեզ ասում են՝ ատել հայերին: Բայց ես չեմ ատի»: Հայաստանն ու Ադրբեջանը վեճի մեջ են Լեռնային Ղարաբաղի համար, մի հողակտոր, որը Հայաստանը խլել է Ադրբեջանից 1990-ականների սկզբին: Սա դրդեց Թուրքիային 1993թ.-ին փակել իր սահմանը (բայց ոչ օդային կապը) Հայաստանի հետ: Ամերիկայի միջնորդությամբ ընթացող բանակցություններն անհաջողության մատնվեցին, և այժմ Ադրբեջանը սպառնում է ուժի դիմել:

Այնուամենայնիվ, հույսի նշույլներ կան, որ Թուրքիան ու Հայաստանը կհաշտվեն: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն առաջիններից էր, որ շնորհավորեց Սերժ Սարգսյանին, որը Հայաստանի նախագահ դարձավ փետրվարին կայացած արատավորված ընտրությունների արդյունքում: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու շուրջ ոչ պաշտոնական բանակցությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի: Իհարկե, օդում հուսահատության շունչ է զգացվում: Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (AK) սահմանադրական դատարանի կողմից փակման սպառնալիքի տակ է` շարիաթի օրենքը երկրում ներդնելու մտադրության համար: AK-ի` Հայաստանի հետ հաշտվելու փորձերը հավանաբար նպատակաուղղված են Արևմուտքի աջակցությունն ստանալուն:

Պարոն Սարգսյանի կառավարությունը տհաճությունների առաջ կկանգնի, երբ այս ձմեռ գազի գինը կրկնապատկվի: Թուրքիայի կողմից շրջափակման վերացումը կարող է սանձահարել ժողովրդական խռովությունները: Սակայն Թուրքիայի և Հայաստանի բազեները կարող են դեռ հույսները դնել Ադրբեջանի վրա:

Մեղադրանքները, թե Հայաստանն ապաստանում է քուրդ ապստամբներին, բարկության ալիք են բարձրացրել Թուրքիայում: Իսկ դրանք որտեղի՞ց հայտնվեցին: «Ադրբեջանական մամուլից»,- փնչացնում է պրն Այդինը: Նույնիսկ ամենալավ պանիրը չի կարող փոխել մարդկանց վերաբերմունքը մի գիշերվա ընթացքում: