- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ադրբեջանի նախագահը դեմ է Ղարաբաղի անկախությանը

«Ռոյթերզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` Reuters
Քեյթ Վեյր (Keith Weir)

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրն ասել է, որ վիճահարույց Լեռնային Ղարաբաղին անկախություն տալու հեռանկարներ չկան:

Ուրբաթ օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցելու նպատակով հանդիպելու են Ռուսաստանում. դիվանագետները հույս ունեն, որ հանդիպումը նոր էջ կբացի այս սառեցված հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում:

Ալիևն ասել է, թե բանակցությունների ընթացքն «ավելի խոստումնալից է», սակայն կոչ է արել դուրս բերել հայկական զինված ուժերն այդ տարածքից, որտեղ շփման գծում տեղակայված երկու կողմերի զորքերն էլ 1990-ական թթ. տեղի ունեցած պատերազմից ի վեր փոխհրաձգության պատճառով կորուստներ են կրում: Այդ պատերազմը խլել է 35,000 մարդու կյանք։

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչվի որպես անկախ երկիր: Դա ակնկալելը պարզապես անհեթեթություն է»,- ասել է Ալիևը Լոնդոնում, «Չաթմ Հաուս» (Chatham House) կազմակերպության արտաքին հարաբերությունների հարցերով փորձագետներին:

«Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղում բնակվողներին շնորհել ամենաբարձր մակարդակի ինքնավարություն` ինքնիշխան Ադրբեջան պետության սահմաններում»,- ասել է նա:

Էթնիկ հայ անջատողականները` Հայաստանի աջակցությամբ, 1990-ականների սկզբին` Խորհրդային Միության փլուզման ժամանակ, պատերազմ մղեցին` Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը տապալելու նպատակով:

Շլացուցիչ գեղեցկությամբ այս տարածքը` Լեռնային Ղարաբաղը, չափազանց կարևոր է և՛ քրիստոնիա հայերի, և՛ մահմեդական ադրբեջանցիների համար: Այն նաև ընկած է Արևելք-Արևմուտք խաչմերուկներում, որտեղ մեծ տերությունները մրցակցության մեջ են եղել դարեր շարունակ, և որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են Կենտրոնական Ասիայից եկող նավթի ու գազի ուղիների վրա վերահսկողություն հաստատելու համար` դժվարացնելով խաղաղության հաստատման ջանքերը:

«Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքները` տարածքի 20%-ը, պետք է ազատվեն հայկական կողմի բռնազավթումից»,- ասել է Ալիևը: «Հայաստանի իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության զոհ դարձած շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի փախստականներն իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,- ավելացրել է նա:

Խաղաղության պայմանագիր երբեք չի կնքվել, իսկ նավթարդյունահանող Ադրբեջանը, որի ռազմական բյուջեն, պատերազմից ի վեր, ուռճացել է Արևմուտքին վաճառվող նավթի ու գազի շնորհիվ, հրաժարվում է բացառել այդ տարածքն ուժով ետ վերցնելու տարբերակը:

«Մենք վաղուց արդեն բանակցությունների գործընթացի մեջ ենք, և դա լավագույնս է արտացոլում մեր քաղաքականությունը»,- ասել է Ալիևը: «Սակայն ես չեմ կարող բացառել ռազմական տարբերակը, քանի որ Ադրբեջանն իրավունք ունի ինքն իրեն պաշտպանելու և վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը»:

«Հենց որ բանակցություններում շրջադարձ գրանցվի, ուժի կիրառումը կբացառվի, բայց եթե դա հիմա արվի (իմա՝ Ադրբեջանը պատերազմ սանձազերծի – ԱՌԿ-ի խմբ.), Հայաստանն ի՞նչ խթան կունենա այլևս»: