- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հիշատակի օր. Ոչ պարզապես ցեղասպանություն

«Լոս Անջելես թայմս», 24 ապրիլի, 2008թ.

Աղբյուրը` (Los Angeles Times)
Կարին Հովհաննիսյան (Garin Hovhannisyan)

Ցեղասպանության տարելիցին հիշե’ք, որ թուրքերի իրականացրած հայերի կոտորածը նաև հայրենիք է ոչնչացրել:

Այսօր մենք նշում ենք Հայոց Ցեղասպանության 93-ամյակը: Անշուք թիվ է 93-ը: Այն լավ թիվ է մոռանալու կամ էլ սպառելու համար հին փաստարկները, հին զուգահեռները և Հիտլերից այն հայտնի մեջբերումը, թե` «Ո՞վ է հիմա հիշում հայերին», երբ նա մտորում էր, թե ինչպես իր իրականացրած հոլոքոսթի տակից դուրս գա:

Սակայն այս ոչ ուշագրավ տարելիցին, խնդրում եմ, թույլ տվեք ինձ` կոտորածը վերապրածների ծոռանը և ցեղասպանության ճանաչման համար ջանք չխնայած հային, խոսել ազատորեն, ձերբազատվել սփյուռքի մեր նախընտրած արտահայտություններից ու կոնգրեսի բանաձևերից և հրաժարվել նույնիսկ այն առանձնահատկությունից, որ մերը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:

Եվ իրոք, այս մի քանի րոպեների ընթացքում եկեք մոռանանք «ցեղասպանություն» տերմինը և վերահաշվարկենք հետևանքները մեր ազգային ողբերգության, որը վերապրածների գրեթե մեծ մասն արդեն մահացել է, և որի զոհերը, եթե կենդանի մնային, այժմ արդեն մահացած կլինեին:

Այն ցեղասպանություն կոչելը բավարար չէ: Այդ բառը գուցե կիրառելի, բայց ոչ արդյունավետ փոխարինող է «մարդասպանության» այնպիսի մի հանցագործության բացատրության համար, որն իրականացվել է և պետք է գրանցվի մեկ առ մեկ` 1,5 մլն անգամ: (Զոհերի անունների ամբողջական ցուցակը կլցնի չորս Աստվածաշնչի էջեր): Սակայն ավելին, ինչը «ցեղասպանություն» բառը չի կարող արտահայտել, դա այն իրականությունն է, որ պատմական Հայաստանում կյանքի կորուստն ուղեկցվում էր հայրենիքի կորստով, որը մերն է եղել ավելի քան 3000 տարի:

Հայոց Ցեղասպանությունն, ամենից առաջ, հայրենիքի սպանություն էր: Օսմանյան Թուրքիայի կառավարությունը լուծեց իր կայսրությանը տանջող քրիստոնյա հայերի խնդիրը ոչ թե մեկ սերնդի համար, այլ լուծեց վերջնականապես: Նրա հանցագործությունը միայն մարդկանց սպանելը չէր, դա արտաքսում էր և բռնի տեղահանություն` հայկական քաղաքակրթությունը և նրա բոլոր զավակներին սպանելու նպատակով:

Բռնի տարագիրների շատ երեխաներ օրհնում են իրենց անցյալը: Աքսորված ռուսների կամ ստրկացված աֆրիկացիների որդիներն ու դուստրերը, որոնք ժամանակի ընթացքում ծայր աղքատությունից հարստության են հասել Միացյալ Նահանգներում, կարող են վերադառնալ հին աշխարհ` ամառային արձակուրդներին կամ իրենց կարոտն առնելու համար:

Իսկ ես չեմ կարող իմ նախապապերի հայրենիքը վերդառնալ: Ես չեմ կարող Կարին վերադառնալ, ուր մի փողոցի անկյունում գտնվող տանը, որն այժմ մի թուրք կին է զբաղեցնում, մի ժամանակ ապրել է իմ տատի հայրը: Ոչ էլ` Խարբերդ, ուր իմ պապի հայրը` 1915թ.-ին դեռահաս մի տղա, ականատես է եղել իր ողջ ընտանիքի կոտորածին:

Ծրագրված բռնի տեղահանությունն այժմ թվում է Օսմանյան Թուրքիայի կատարած հանցագործություններից առավել աննշաններից մեկը, սակայն այն ամենամնայունն է և ցույց է տալիս, որ այսօրվա Թուրքիան իր անցյալի հանցակիցն է: Ժամանակակից Թուրքիայի պետությունը մեղավոր չէ 1915թ. սպանությունների համար, սակայն մեղավոր է Կարին քաղաքն ինձանից խլելու համար, որի անունն ու ինքնությունն իմ անունն ու ինքնությունն են:

Սփյուռքի մեր երեխաներին անվանակոչում են քրիստոնյա սրբերի և հայ գրողների անուններով: Սակայն մեզ անվանում են նաև մեր քաղաքների, ավանների, գետերի ու լեռների անուններով` Տարոն, Վան, Սասուն, Անի, Արաքս, Արարատ, որոնք միասին կազմում են կենդանի քարտեզն այն Հայաստան հայրենիքի, որ կորցրել ենք ցեղասպանության հետևանքով: Ես ինքս տեսել եմ Անին` հազար ու մեկ եկեղեցիների առասպելական քաղաքը: Եկեղեցիները` այժմ փլված ու դատարկ, գտնվում են Թուրքիայի հետ ներկայիս Հայաստանի սահմանի մյուս կողմում:

Այսօր 1915թ.-ին սկսված Հայոց Ցեղասպանությունը հիշելու օրն է: Սակայն այն նաև 2008թ.-ի դրությամբ շարունակվող Հայոց Մեծ Հայրենազրկման ճանաչման օրն է:

Անկասկած, ես հպարտ եմ «ցեղասպանություն» բառի բարոյական հաղթանակի համար: Սակայն ներե’ք ինձ, խնդրում եմ, որ անկարող եմ մոռանալ, որ իմ նախնիների տները, եկեղեցիները, դպրոցներն ու ոսկորները դեռևս թաղված են արևելյան Թուրքիայի հողում, որն արևմտյան Հայաստանն է:

Կարին Հովհաննիսյանը Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ է և բլոգեր` LuckyFrown.com-ում: