- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Չինաստանը պահանջում է Թուրքիայից ետ վերցնել «ցեղասպանություն» բնորոշումը

«ԲիԲիՍի Նյուզ», 14 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` (BBC News )

Չինաստանը պահանջել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հրաժարվել իր այն մեղադրանքից, թե Պեկինը ցեղասպանություն է իրականացրել ույղուրների նկատմամբ։

Էրդողանը նման մեկնաբանություն էր արել մահմեդական ույղուրների կենտրոնական բնակավայր Սինցզյան նահանգում տեղի ունեցած խռովություններից հետո, որի արդյունքում 184 մարդ է զոհվել։ Սինցզյանի մայրաքաղաք Ուրումչին ոստիկանական և ռազմական խիստ վերահսկողության տակ է։

Բրիտանացի վերլուծաբաններն ասում են, որ այդ բռնություններից հետո Ալժիրում «ալ-Քաիդա»-յի հետ կապեր ունեցող զինյալները կոչ են արել չինացի բանվորների նկատմամբ հաշվեհարդար տեսնել:

Էրդողանի հայտարարությունը Չինաստանը մերժեց՝ «Մի՛ աղավաղեք փաստերը» վերնագրով խմբագրական հոդված տպագրելով անգլալեզու «Չայնա Դեյլի» (China Daily) պարբերականում։

«Փաստը, որ հուլիսի 5-ի անհանգստությունների 184 զոհերից 137-ը չինացիներ էին, շատ բան է ասում միջադեպի բնույթի մասին»,- ասվում է հոդվածում։

Էրդողանի մեկնաբանություններն «անպատասխանատու և անհիմն» որակելով` թերթը հորդորել է նրան «ետ վերցնել իր դիտողությունները…, որոնք միջամտություն են Չինաստանի ներքին գործերին»։

Պրն Էրդողանն այդ վիճահարույց մեկնաբանույուններն արել է անցյալ ուրբաթ. նա «ԷնԹիՎի» (NTV) հեռուստատեսությանն ասել է, թե «Չինաստանում տեղի ունեցած դեպքերը պարզապես ցեղասպանություն են։ Այլ կերպ դրանք մեկնաբանելն անհնար է»։

Նա կոչ է արել Չինաստանի իշխանություններին միջամտել` նոր զոհերից խուսափելու համար։

Թուրքիան աշխարհիկ պետություն է, սակայն նրա բնակչությունն առավելապես մահմեդական է և լեզվական ու կրոնական կապեր ունի ույղուրների հետ։

Ռազմական սպառնալիք

Մեծ Բրիտանիայում գործող` համաշխարհային անվտանգության հարցերով հետախուզական մի կազմակերպություն իր զեկույցում նշում է, որ Սինցզյանի իրադարձությունները դրդել են «ալ-Քաիդա»-ի ցանցի ալժիրյան անդամներին չինացի բանվորների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչ անել:

«Ալ-Քաիդան Իսլամական Մաղրիբում»1 (ԱՔՄ) կազմակերպությունը (Al-Qaeda in the Islamic Maghreb – AQM) խոստացել է թիրախ դարձնել Ալժիրում և հյուսիս-արևմտյան Աֆրիկայում աշխատող չինացի բանվորներին»,- նշում է «Սըրլինգ Ասինթ» (Sirling Assynt) կազմակերպությունը։ Այն ասում է, որ ԱՔՄ-ն «ալ-Քաիդա»-ի ցանցից առաջիններից է, որ պաշտոնապես հայտնել է, թե հարվածելու է Չինաստանի շահերին` զգուշացնելով, որ իրենց օրինակին կարող են հետևել նաև մյուսները:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Քին Գանգն հայտնել է, որ Չինաստանը կհամագործակցի համապատասխան երկրների հետ` «արտերկրում չինական հաստատությունների և Չինաստանի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու նպատակով»։

Նա կոչ է արել մահմեդական աշխարհին` ըմբռնումով մոտենալ իրավիճակին: Քինն ասել է. «Եթե նրանք հստակ պատկերացնեն միջադեպի իրական բնույթը, ապա կհասկանան կրոնի և կրոնական հարցերի նկատմամբ Չինաստանի քաղաքականությունը և մեր կիրառած միջոցները»։

————

  1. Մաղրիբ (արաբ. Արևմուտք) է անվանվում Հյուսիսային Աֆրիկայի այն հատվածը, որն հիմնականում ընդգրկում է Ալժիրը, Մարոկկոն և Թունիսը: – ԱՌԿ խմբ.