- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Լարվածություն Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ

«Գլոբըլ փոլիթիշըն»1 11 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (Globalpolitician.com)
Աբդուլ Ռուֆ (Abdul Ruff)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ծնող կամ գաղութատեր ուժերի կողմից անցյալում բռնակցման ենթարկված ազգերի ազատության և անկախության ձգտումը և դրա համար պայքարը ժամանակակից քաղաքակրթության կանոն է դարձել, և գլոբալիզացիան այսօր խթանում է իմաստավորված կերպով անկախություն ձեռք բերելու այս դրական գործընթացը: Թեև օկուպացնող ուժերը դիմադրում են իրենց «ենթակաների» կողմից ներկայացվող ազատության հայտերին, շատ երկրներ աջակցում են այս շարժմանը: Շատ ազգեր արդեն ձեռք են բերել անկախություն, սակայն մյուսները դեռ պայքարում են ազատության համար: Եվ վաղ թե ուշ, պատմության բնականոն ընթացքի արդյունքում, նրանց օրինական պահանջները նույնպես կբավարարվեն: Վերջերս Կոսովոն հռչակեց իր անկախությունը Սերբիայից` Հարավսլավիայի իրավահաջորդ պետությունից, որը Խորհրդային Միության կողմից ղեկավարվող Վարշավայի պայմանագրի կազմակերպության փլուզումից հետո մի քանի փոքր պետությունների մասնատվեց:

Լեռնային Ղարաբաղի շրջանը, որը գտնվում է Ադրբեջանի (1989թ.-ին անկախացած` նախկին Խորհրդային Միության հանրապետություն) Կովկասյան լեռներում, անկախության էր ձգտում` աջակցություն ստանալով մեկ այլ նախկին խորհրդային հանրապետության` հարևան Հայաստանի կողմից, ակնհայտորեն կրոնական պատճառներով: Այդ ձգտումը սակայն մերժվեց «ծնող» Ադրբեջանի կողմից: Չնայած Ադրբեջանը խոչընդոտում է այդ մարզի անկախությանը, Լեռնային Ղարաբաղն իրեն արդեն Ադրբեջանից անկախ է հռչակել: Թեև մարզը հռչակել է իր անկախությունն Ադրբեջանից, այս հանգամանքը չի ճանաչվել որևէ պետության կողմից: Մարզի ազգությամբ հայ ղեկավարները կամ, այսպես կոչված, «անջատականներն» ինքնուրույն վարում են իրենց գործերը` Հայաստանի աջակցությամբ, ինչին, սակայն, ընդդիմանում է Ադրբեջանը:

Ապրիլի 29-ին Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, թե Ադրբեջանը պետք է ընդունի այն փաստը, որ իրենից անջատված Լեռնային Ղարաբաղի շրջանն անկախ հանրապետություն է, որը երբեք չի վերադառնա Ադրբեջանի վերահսկողության տակ: Խորհրդային Միության փլուզման ընթացքում Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից, որի հետևանքով բռնկված պատերազմում սպանվել է շուրջ 35,000 մարդ: 1994թ. կնքվել է հրադադարի համաձայնագիր, սակայն տևական խաղաղություն հաստատելու գործընթացը կանգ է առել: «Ադրբեջանը պետք է ընդունի այն պարզ իրողությունը, որ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության փաստն անշրջելի է»,- ասել է Ս. Սարգսյանը, որը նախագահական երդում է տվել այս ամիս:

Ադրբեջանն ասում է, որ Հայաստանն ապօրինի զավթել է Լեռնային Ղարաբաղը և նրան հարակից մի շարք ադրբեջանական շրջաններ: Բաքուն, որն այս ամիս հայտարարել է իր ռազմական ծախսերը 53 տոկոսով ավելացնելու մասին, ասում է, թե կողմ է խաղաղ բանակցություններին, սակայն չի բացառում ուժի կիրառումը այդ տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու համար:

Այսօր Լեռնային Ղարաբաղը փաստացի անկախ պետություն է և իրեն անվանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այն սերտորեն կապված է Հայաստանի Հանրապետության հետ և օգտագործում է միևնույն դրամանիշը՝ դրամը: Ըստ Human Rights Watch կազմակերպության` «ղարաբաղյան հակամարտության սկզբից Հայաստանը տրամադրել է օգնություն, զենք և կամավորներ»: Հայաստանն ավելի է ներգրավվել ղարաբաղյան հակամարտության մեջ 1993թ. դեկտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած մի հարձակումից հետո: Այդ ժամանակից ի վեր փակուղային դրություն է:

Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը

Ադրբեջանը, որի բնակչության մեծ մասը շիա մահմեդական էթնիկ ադրբեջանցիներ են, աշխարհիկ և ունիտար հանրապետություն է, սակայն հայաբնակ Լեռնային Ղարաբաղը անջատվել է Ադրբեջանից: Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության հիմնադիրներից է, և Անկախ պետությունների համագործակցության անդամ 1993թ. սեպտեմբերից: Մշտական ներկայացուցչություն ունի Եվրոպական Միությունում, իր երկրում ունի Եվրոպական Հանձնաժողովի հատուկ ներկայացուցիչ, և ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի ու ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի անդամ է:

Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարավ-արևմուտքում գտնվող յոթ այլ շրջաններ արևմուտքից սահմանակից Հայաստանի վերահսկողության տակ են 1994թ. ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերում (822, 853, 874 և 884) կոչ է արվել «դուրս բերել օկուպացիոն ուժերը Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներից»:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական կայսրության փլուզումից հետո Ադրբեջանը, Հայաստանի ու Վրաստանի հետ միասին, դառնում է Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության մաս, որը, սակայն, երկար չի գոյատևում: 1918թ. մայիսին նրա լուծարումից հետո Ադրբեջանն անկախություն է հռչակում որպես Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն (ԱԴՀ): ԱԴՀ-ն առաջին ժողովրդավարական խորհրդարանական հանրապետությունն էր մահմեդական աշխարհում, սակայն գոյություն ունեցավ ընդամենը 23 ամիս, մինչև 1920թ. ապրիլին բոլշևիկյան Կարմիր բանակի ներխուժումը: Տապալելով ԱԴՀ կառավարությունը` բոլշևիկները 1920թ. ապրիլի 28-ին Բաքվում հիմնում են ԽՍՀՄ-ի մաս կազմող Ադրբեջանական ԽՍՀ-ն: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1940-ականներին, Ադրբեջանական ԽՍՀ-ն արևելյան ռազմաճակատին մատակարարում էր Խորհրդային Միության նավթի մեծ մասը: Այս ռազմաճակատում շուրջ 600 հազար ադրբեջանցի է կռվել նացիստական Գերմանիայի դեմ:

Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության վերջին Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի նախաձեռնած գլասնոստի քաղաքականության հետևանքով քաղաքացիական խռովություններ և ազգամիջյան գժտություններ են սկսվում Խորհրդային Միության տարբեր շրջաններում` ներառյալ Ադրբեջանական ԽՍՀ-ի Լեռնային Ղարաբաղի մարզում: Ադրբեջանում սկսված խժդժությունները, ի պատասխան արդեն բորբոքված հակամարտության նկատմամբ Մոսկվայի անտարբերության, վերածվեցին անկախության և ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու կոչերերի: 1991թ. հոկտեմբերի 18-ին, երբ Խորհրդային Միությունը պաշտոնապես լուծարված էր, Ադրբեջանի Գերագույն խորհուրդը Անկախության հռչակագիր է ընդունում, որը հաստատվում է 1991թ. դեկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով: Անկախության առաջին տարիները մթագնում են հարևան Հայաստանի հետ ղարաբաղյան պատերազմի պատճառով: 1994թ.-ին` հակամարտության ավարտին, Ադրբեջանը կորցնում է միջազգայնորեն ճանաչված իր տարածքների շուրջ 16 տոկոսի` ներառյալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը:

Գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է դառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, երբ երկու երկրները 1918թ. անկախություն են ձեռք բերում Ռուսական կայսրությունից: Տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունը հաստատելուց հետո Խորհրդային Միությունը 1923թ. կազմավորում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում: Խորհրդային Միության վերջին տարիներին այդ տարածքը նորից դառնում է կռվախնձոր Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սկսվում է ղարաբաղյան պատերազմը, որը տևում է 1988թ.-ից մինչև 1994թ.:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը չի ճանաչվել ոչ մի պետության կողմից` նաև Հայաստանի: Հայաստանի յուրաքանչյուր հերթական կառավարություն դիմակայել է միավորմանն ուղղված ներքին ճնշումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների պատճառով: Ղարաբաղի անկախությունը թույլ է տալիս հայկական նորանկախ պետությանը խուսափել ագրեսորի միջազգային խարազանից, չնայած նրան, որ Հայաստանի զորքերը 1991-94թթ. մասնակցել են պատերազմին և շարունակում են զինուժ պահել Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով: Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի իրավական մաս` պատճառաբանելով, որ շրջանը անկախություն է հռչակել այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանն է դարձել անկախ պետություն, ուստի երկուսն էլ հավասարապես Խորհրդային Միության իրավահաջորդ պետություններ են:

Երկու խոսք

Ադրբեջանն ու Հայաստանը պաշտոնապես դեռ պատերազմի մեջ են, և նրանց զորքերի միջև հաճախ փոխհրաձգություններ են տեղի ունենում խիտ ականապատված առաջին գծի երկայնքով: Մարդկանց ու զինվորներ սպանելը տարածաշրջանում դարձել է սովորական երևույթ: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան հակամարտության միջնորդ կողմերն են: Խիստ անհրաժեշտ է, որ Գլխավոր քարտուղար Բան Քի Մունը ՄԱԿ-ի հատուկ նիստ հրավիրի, հնարավորիս շուտ, մի շարք ազգերի անկախության ձգտման այս առանցքային կարևորության խնդիրը քննարկելու համար: Անհրաժեշտ է մշակել պայքարող ազգերի անկախության ձեռքբերման կամ վերականգնման ռազմավարություններ` կանխելու համար հետագա արյունահեղությունը: Աշխարհի առաջնորդները պետք է հրաժարվեն մի պետությանը պաշտպանելու և մյուսին դեմ լինելու կրկնակի ստանդարտներից և օգնեն լուծել միջազգային ճգնաժամերն այնպես, որ սահմանների երկու կողմերում ապրող մարդիկ խաղաղ ապրելու հնարավորություն ունենան:

Աբդուլ Ռուֆը հնդիկ վերլուծաբան է, հետազոտող և մեկնաբան:

——————-

  1. «Գլոբլ փոլիթիշն»-ը միջազգային քաղաքական հարցեր լուսաբանող էլեկտրոնային ամսագիր է` հիմնված Նյու Յորքում, ԱՄՆ: Վերջին շրջանում զգալիորեն աճել է ամսագրի հեղինակությունն ու ընթերցումը. կայքի այցելուների թիվը հասնում է ամսական 100.000-ի: («Արարատ» ՌԿ-ի կողմից), []