- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Կիպրոսը շարունակելու է խոչընդոտել Թուրքիա-ԵՄ էներգետիկ համագործակցությունը

«Սայփրս Ուիքլի», 21 հուլիսի 2009թ.
Աղբյուրը՝ cyprusweekly.com

Նիկոսիա. Երկուշաբթի օրը Կիպրոսը հայտարարել է, որ շարունակելու է խոչընդոտել Թուրքիային` Եվրամիության հետ էներգետիկ համագործակցություն սկսելու հարցում. Կիպրոսը մեղադրում է իր հարևանին` նավթի շահագործման շուրջ կղզու հետ ունեցած վեճում նրա «անհաշտ» կեցվածքի համար:

Կիպրոսը, որը Եվրամիությանն անդամակցել է 2004թ-ին, Թուրքիայի հետ անհաշտ վեճերի մեջ է` տարիներ շարունակ կղզու բաժանված լինելու, ինչպես նաև` Միջերկրական ծովի արևելյան մասում ածխաջրածնային պաշարների շահագործման նպատակով Կիպրոսի ունեցած պլանների պատճառով: Թուրքիան և Կիպրոսի հյուսիսում գտնվող` Կիպրոսի թուրքական անջատողական պետությունն ասում են` կիպրացի հույներն իրավունք չունեն շահագործելու գազը կամ նավթը:

«Եվրամիության հետ Թուրքիայի էներգետիկ համագործակցության էջը չի կարող բացվել, քանի դեռ Թուրքիան շարունակում է խոչընդոտել ԵՄ անդամ Կիպրոսի Հանրապետությանը` թույլ չտալով վերջինիս շահագործել իր սեփական էներգետիկ պաշարները՝ համաձայն միջազգային իրավունքի»,- ասել է արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն:

«Քանի դեռ այն [Թուրքիան – ԱՌԿ խմբ.] իրեն կռվարար դպրոցականի պես է պահում, Կիպրոսը չի կարող իր համաձայնությունը տալ»,- ասել է նա լրագրողներին: