- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Վրաստանը Բայդենից զենք և դիտորդներ կխնդրի

«Ասոշիեյթիդ պրես», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Associated Press
Դուգլաս Բըրչ (Douglas Birch)

Հինգշաբթի օրը Վրաստանի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից խնդրել է ամերիկյան ժամանակակից սպառազինություն, ռազմական օգնություն, ինչպես նաև անզեն դիտորդներ` Մոսկվայի աջակցությամբ Վրաստանից անջատված շրջանների սահմանների երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու նպատակով, տեղեկացրել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա:

Պաշտոնյան, որը խոսել է իր անունը չհրապարակելու պայմանով, նշել է, որ Բայդենն ԱՄՆ-ի կողմից որևէ ռազմական օգնություն չի խոստացել: Ըստ նրա` Վրաստանը մասնավորապես հակատանկային և հակաօդային սպառազինություն է խնդրել:

Ռուսաստանը կտրականապես դեմ է Վրաստանի վերազինմանը և հրապարակավ նախազգուշացրել է, որ կնվազեցնի կամ կդադարեցնի ռազմական համագործակցությունն այն երկրի հետ, որը ռուսական արտադրության զենք կմատակարարի Վրաստանին. սա բացահայտ սպառնալիք է Ուկրաինային:

Ըստ աղբյուրի` նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ զրույցում Բայդենն ընդգծել է, որ Վրաստանը չպետք է ռազմական ուժ կիրառի անցյալ տարի Ռուսաստանի դեմ կարճատև պատերազմի արդյունքում առանձնացած երկու շրջանների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով, և նախազգուշացրել է, որպեսզի Վրաստանը չձեռնարկի այնպիսի գործողություն, որը կարող է պատասխան ռազմական գործողությունների դրդել Ռուսաստանին:

Պաշտոնյայի խոսքով` փոխնախագահը լավ գիտի Սահակաշվիլիին և «առանց կաշկանդվելու կարողանում է կտրուկ և շիտակ խոսել նրա հետ»:

Պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույց է անցկացրել խորհրդարանում Բայդենի ելույթից առաջ, որում վերջինս պետք է հաստատեր Միացյալ Նահանգների աջակցությունը Վրաստանին` միաժամանակ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը:

Սահակաշվիլին ասել է, որ հինգշաբթի օրվա բանակցություններից առաջ` չորեքշաբթի օրն, ինքը և Բայդենը ոչ պաշտոնական զրույց են ունեցել 40 միլիոն դոլար արժողությամբ նախագահական նստավայրի ապակեպատ առաստաղով ճաշասենյակում:
«Ինչպես ձեզ ասացի, Վրաստանում «անվճար ընթրիք» հասկացություն չկա»,- Բայդենին ասել է Սահակաշվիլին` բացահայտ ակնարկելով ռազմական աջակցությունն ընդլայնելու Վրաստանի խնդրանքին:

Վրաստանի առաջնորդը, որը շարունակ ժպտում էր և Բայդենին դիմում էր որպես «Ջո», քննարկումները «շատ արդյունավետ» անվանեց:

Բայդենն ավելի զուսպ էր թվում և Սաակաշվիլիին անվանում էր «պրն նախագահ»: Խոսելով ԱՄՆ-Վրաստան կապերի մասին` նա միաժամանակ աջակցություն հայտնեց այն քաղաքական բարեփոխումներին, որոնց մասին շաբաթվա սկզբին հայտարարել էր Սահակաշվիլին` հակադարձելով մեղադրանքները, թե ինքը բռնապետի է վերածվել:

«Մենք այստեղ ենք` խոսելու ձեր անվտանգության, տնտեսության, ձեր ժողովրդավարության հարցերի մասին և այն քայլերի մասին, որ Դուք ձեռնարկում եք ձեր ժողովրդավարությունն ամրապնդելու համար»,- ասել է նա Սահակաշվիլիին:

Ավելի ուշ Բայդենը մասնավոր զրույց է ունեցել ընդդիմության առաջնորդների հետ, այդ թվում` Սահակաշվիլիի գլխավոր հակառակորդների` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիայի և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ:

Սպիտակ տունը խուսափել է Վրաստանին հրապարակավ օգնություն, զենք կամ դիտորդներ խոստանալուց, թեպետ ասում է, որ սատարում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հայտը` չնայած Ռուսաստանը կտրականապես դեմ է դրան:

Անցած տարվա օգոստոսին Ռուսաստանի դեմ պատերազմում Վրաստանի կրած պարտությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ը մեկ միլիարդ դոլարի օգնություն տրամադրեց Վրաստանին: Սակայն մինչև հիմա, Վաշինգտոնը, հաշվի առնելով Մոսկվայի նախազգուշացումները, թե այդպիսի քայլը կմեծացնի նոր հակամարտության վտանգը, Վրաստանի զինված ուժերին չի տրամադրել զինամթերք, որով Վրաստանը կփոխարիներ պատերազմում կորցրածը:

Վրաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Նարդայայի խոսքով` ինքը չի կարող ասել, թե ինչ չափի ռազմական օգնություն է ակնկալում Վրաստանը, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է, սակայն նշել է, որ խոսքը պաշտպանական բնույթի սպառազինության մասին է:

Պաշտոնական Մոսկվան ասել է, որ Վրաստանի վերազինման դեպքում ինքը ձեռքերը ծալած չի նստի:

«Մենք կշարունակենք խոչընդոտել Սահակաշվիլիի վարչակարգի վերազինումը և կոնկրետ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ»,- ըստ «ԻՏԱՐ-Տասս» լրատվական գործակալության` ասել է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով` սա բխում է հունվարին նախագահի արձակած հրամանագրից:

Ուկրաինան զենք է մատակարարել Վրաստանին անցյալ տարի ռուս-վրացական հակամարտության ժամանակ, իսկ Բելառուսն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի օգնությամբ անջատված տարածքների նկատմամբ Վրաստանի հավակնություններին: Երկու նախկին խորհրդային հանրապետություններն էլ ռազմական կապեր ունեն Ռուսաստանի հետ:

Բայդենը չորսօրյա առաքելություն է իրականացնում Ուկրաինայում և Վրաստանում, որպեսզի ցույց տա ԱՄՆ-ի աջակցությունն այս երկու երկրներին, որտեղ արևմտյան ոճի ժողովրդավարությունները պայքարում են խաղաղ հեղափոխություններ իրագործելու փորձերի և նախկին խորհրդային հանրապետությունների վրա ազդեցություն ունենալու Ռուսաստանի վճռականության պայմաններում:

Սակայն ուղևորության ընթացքում Բայդենի ուղերձն առայժմ այն է, որ Օբամայի վարչակազմի` Կրեմլի հետ բարեկամական հարաբերությունները վերականգնելու նպատակը չի իրականացվի տարածաշրջանում ԱՄՆ-ի ժողովրդավար դաշնակիցներին տրամադրվող աջակցությունը նվազեցնելու հաշվին: ԱՄՆ-ը չի ճանաչի նաև նախկին խորհրդային պետությունների տարածքում իր բացառիկ ազդեցությունն ունենալու Մոսկվայի հավակնությունները,- ասել է նա:

Սակայն ԱՄՆ փոխնախագահը Ուկրաինայի և Վրաստանի առաջնորդներին նաև հորդորել է հարթել արևմտամետ քաղաքական ուժերի միջև տարաձայնությունները, որոնք Ուկրաինայում ջլատել են կառավարությունը, իսկ Վրաստանում շաբաթներ ձգվող հակակառավարական բողոքի փողոցային ցույցերի են հանգեցրել:

Մինչև Բայդենի ժամանումը Թբիլիսի, Սահակշվիլին հայտարարեց մի շարք քաղաքական բարեփոխումների, այդ թվում` մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնելու մասին:

Սակայն հարյուրավոր վրացի ոստիկաններ նաև ստիպված են եղել հեռացնել տասնյակ մետաղական ճաղավանդակները, որոնք բողոքարարները տեղադրել էին խորհրդարանի շենքի առջև` Թբիլիսիի կենտրոնական փողոցի երթևեկությունն արգելափակելու նպատակով: Դրանք ծաղրական բանտախցեր էին, որ նախատեսված էին խորհրդանշելու, ինչպես ընդդիմությունն է ասում, Սահակաշվիլիի բռնատիրական իշխանությունը: