- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը. նրանց պապերից եկած երազանքները

«Էկոնոմիստ», 23 հուլիսի 2009թ.
Աղբյուրը` The Economist

«ԱՐԱՐԱՏ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Թուրքիայի ճարպիկ արտգործնախարարն ամեն հարցում հետամուտ է նուրբ դիվանագիտության

Երբ անցյալ ամիս հայտարարվեցին Իրանի նախագահական ընտրության վիճահարույց արդյունքները, Թուրքիան առաջին երկրներից էր, որ շնորհավորեց Մահմուդ Ահմադինեջադին: Հաշվի առնելով փողոց դուրս եկած բողոքարար իրանցիների նկատմամբ կիրառված բռնաճնշումները (և մահվան դեպքերը)` Թուրքիայի այս քայլը զարմացրեց եվրոպացիներին ու ամերիկացիներին: Այն նույնիսկ վեր հանեց այն հին ու ծեծված հարցը, թե արդյո՞ք Թուրքիան երես է թեքում Արևմուտքից:

«Մարդիկ այս հարցի միայն մի կողմն են տեսնում»,- մի հարցազրույցի ժամանակ գանգատվել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` չմանրամասնելով իր միտքը: Սակայն իսլամական այդ հանրապետության հետ Թուրքիայի բարեկամությունը նաև օգտակար է եղել Արևմուտքի համար: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ հետկուլիսային միջնորդությամբ վերջերս ապահովել Թեհրանում բրիտանական դեսպանության աշխատակիցների ազատ արձակումը: Այդ բարեկամությունն օգտակար է նաև Իրանի համար. հինգ իրանցի դիվանագետներին, որոնց ամերիկացիները ձերբակալել էին 2007թ.-ին Իրաքում, ազատ արձակեցին այս ամսվա սկզբին` Թուրքիայի հորդորով:

Տարբեր աշխարհների հետ (լինեն դրանք արաբներ, թե հրեաներ, մահմեդականներ, թե եվրոպացիներ) հեշտությամբ լեզու գտնելու Թուրքիայի հմտության պատճառով է, որ Հիլարի Քլինթոնն այդ երկիրն անվանեց «ծագող համաշխարհային գերտերություն»: Իսրայելի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունները կարևոր են երկու երկրների համար էլ. դա պարզ դարձավ, երբ այդ հարաբերություններն սառեցին հունվարին, Գազայի վրա [Իսրայելի] հարձակման ժամանակ: Նորերս էր, որ Թուրքիան պետական բարձր մակարդակով վեճ ունեցավ Չինաստանի հետ այն պատճառով, թե ինչպես է վերջինս վարվել Սինցզյան նահանգի ույղուրների հետ, որոնց թուրքերը ցեղակից են համարում: Հասկանալի է, թե ինչու Թուրքիան առաջին երկրներից մեկն էր, ուր այցելեց Բարաք Օբաման որպես նախագահ:

Հաջողությունների դափնին մասամբ պատկանում է պրն Դավութօղլուին, որը, նախքան մայիսին արտգործնախարար դառնալը, յոթ տարի շարունակ եղել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղակական հարցերով խորհրդականը: Գիտական ասպարեզից եկած այս ակտիվ մարդը ճարտարապետն է Թուրքիայի «փափուկ ուժի», որ մեկտեղում է «ռեալպոլիտիկն» ու կատաղի հպարտությունը: Բարեպաշտ մահմեդական և բարոյական սկզբունքներով առաջնորդվելուն հակված Դավութօղլուն Թուրքիայի հանրապետության պատմության մեջ ամենաազդեցիկ արտգործնախարարներից է:

Նրա [քաղաքական] մոտեցման երկու հենասյուներն են` «զրո խնդիրներ» հարևանների հետ, որոնցից շատերը կա՛մ իրենք խնդիրներ ունեն, կա՛մ հարուցում են խնդիրներ: Մյուսը` «ռազմավարական խորքն է». սրա հիմքում ընկած գաղափարը Թուրքիայի` քաղաքական, տնտեսական և մշակութային ազդեցության գոտու ստեղծումն է, առաջին հերթին` հարևանների շրջանում (որոնց մեծ մասը նախկինում Օսմանյան կայսրության հպատակ է եղել)` Բալկաններում, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:

Դավութօղլուն ասում է, որ այս մոտեցումներից ոչ մեկը չի շեղում Թուրքիային Եվրամիությանը միանալու իր մտադրությունից: Հակառակը` դրանք խթանում են Թուրքիայի անդամակցության հայտը: Նա անդրդվելի է թվում Ֆրանսիայից ու Գերմանիայից հնչող ոչ բարեկամական աղմուկի նկատմամբ: Ե՛վ Նիկոլա Սարկոզին, և՛ Անգելա Մերկելը լոբբինգ են անում Թուրքիային «արտոնյալ կարգավիճակ», այլ ոչ թե լիիրավ անդամություն շնորհելու համար: Դավութօղլուն ասում է, որ նրանք պարզապես հաճոյանում են իրենց ընտրազանգվածներին: «Բողոքելու, բարկանալու փոխարեն` մենք պետք է աշխատենք միասին»,- ասում է նա: Թուրքիայի մասով դա նշանակում է` կենդանություն տալ բարեփոխումների մարող գործընթացին, որի շնորհիվ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկ տրվեց 2005թ.-ին: Պրն Դավութօղլուն հույս ունի, օրինակ, որ Ստամբուլին մերձակա Հալկի կղզու վրա գտնվող հունական ուղղափառ ճեմարանը շուտով կվերաբացվի:

Սակայն Եվրամիության դիվանագետներն ասում են, որ այդ միջոցառումներից և ոչ մեկը չի կարող Թուրքիային ազատել Կիպրոսի խնդրից: Դավութօղլուն համաձայն է այն մտքի հետ, որ խաղաղության հաստատման համար Կիպրոսի թուրքական և հունական հատվածների առաջնորդների միջև տասնամյակներ ձգվող բանակցություններն անժամկետ չպետք է լինեն: Իրոք անհրաժեշտ է համաձայնության գալ մինչև այս տարվա վերջ: Որպեսզի դա տեղի ունենա, ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է լրջության կոչեն կիպրացի հույներին (թեև, վերջիններս արդեն ԵՄ անդամ լինելով` համագործակցելու մեծ շահագրգռվածություն չունեն): Կարգավորումը կկանխեր Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերություններում հնարավոր «վթարը», որը, հակառակ դեպքում, թերևս անխուսափելի լինի դեկտեմբերին: Տեսականորեն, Թուրքիան մինչ այդ պետք է բացի Կիպրոսի հունական հատվածի օդային և ծովային կայանները, սակայն հրաժարվում է անել դա, մինչև ԵՄ-ն չվերացնի առևտրային սահմանափակումները Թուրքիայի կողմից վերահսկվող Կիպրոսի հյուսիսային հատվածի նկատմամբ:

Հնարավո՞ր է արդյոք, որ Ֆրանսիան և Թուրքիայի մյուս թշնամիները սա որպես պատրվակ օգտագործեն` ԵՄ անդամակցության բանակցություններն ամբողջությամբ սառեցնելու համար (ութ ուղղությամբ դրանք արդեն իսկ սառեցվել են): Թուրքիայի առաջնորդներն ուզում են հավատալ, որ Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան` Եվրոպայինը: Նա է՛լ ավելի կարևոր է դարձել որպես պոտենցիալ տարանցիկ երկիր` էներգետիկ պաշարներով հարուստ Ադրբեջանից ու Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև Իրաքից (և ի վերջո նաև` Իրանից) դեպի Եվրոպա գնալիք բնական գազի համար: Պրն Դավութօղլուն հպարտորեն մատնանշում է Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի միջև «Նաբուկո» գազատարի նախագծի շուրջ վերջերս կնքված պայմանագիրը, որի համաձայն գազը հոսելու է նշված երկրների տարածքով` նվազեցնելով Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:

Այնուամենայնիվ, կան կարծիքներ, թե Թուրքիան գերագնահատում է իր ազդեցիկ դիրքը: Նրա էներգետիկ երազանքներն սերտորեն կապված են իր էթնիկ զարմիկների՝ ադրբեջանցիների հետ: Այս երկու թյուրք դաշնակիցների միջև հարաբերություններն անկում ապրեցին ապրիլին, երբ Թուրքիան գաղտնազերծեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու շուրջ պայմանագրի նախագիծը: Այս կտրուկ շրջադարձի ընթացքում Թուրքիան նույնիսկ ետ կանգնեց իր բազմամյա նախապայմանից, թե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերն այն տարածքներից, որ բռնազավթել է մեծ մասամբ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի անկլավի համար 1990-ականներին Ադրբեջանի դեմ մղած պատերազմի արդյունքում:

Զայրացած Ադրբեջանն անմիջապես սպառնաց շրջվել դեպի Ռուսաստան: Հունիսին նա պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ՝ վերջինիս 2010 թվականից սկսած գազ վաճառելու վերաբերյալ: Այդ պատճառով Թուրքիան ևս մեկ շրջադարձ կատարեց. պրն Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի հետ բարեկամանալն այլևս անհնար կլինի, մինչև վերջինս դուրս չգա Լեռնային Ղարաբաղից: Պրն Դավութօղլուն պնդում է, թե Թուրքիան խաղաղություն է ուզում Հայաստանի հետ: Սակայն արևմտյան մի դիվանագետ ասում է, որ «Հայաստանի հետ մերձեցման գործընթացը տապալման եզրին է»:

Այս ամենի հետևանքով գլուխ է բարձրացրել Թուրքիայի և նրա ամենահզոր դաշնակից Ամերիկայի միջև վեճի ուրվականը: Ամերիկահայերը ցանկանում են, որպեսզի պրն Օբաման հարգի իր նախընտրական խոստումը և պնդի, որ 1915թ.-ին օսմանյան ուժերի կողմից իրենց [հայերի-ԱՌԿ խմբ.] ավելի քան մեկ միլիոն նախնիների կոտորածը ցեղասպանություն է եղել: Անհեթեթությունը, որ տեղի ունեցավ ապրիլին, այն էր, որ պրն Օբաման ասաց, թե հարցի նկատմամբ իր տեսակետները չեն փոխվել, սակայն նա ընդամենը օգտագործեց հայերեն Մեծ Եղեռն արտահայտությունը: Նա չցանկացավ ցեղասպանություն բառի գործածմամբ խափանել թուրք-հայկական մերձեցումը:

Թուրքիայի ռազմավարական դիրքը ևս մեկ անգամ վճռորոշ դեր ունեցավ: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս գալուց հետո, Թուրքիան ցանկանում է կասեցնել արաբների և քրդերի միջև (հատկապես վիճահարույց Քիրքուք քաղաքի համար) ահագնացող հակամարտությունը: 2005թ.-ին Թուրքիան հորդորել էր Իրաքի սուննի մահմեդականներին չբոյկոտել ընտրությունները: Դավութօղլուն դարձյալ լոբբինգ է անում, որպեսզի Իրաքում ապահովվի բոլոր խմբերի մասնակցությունը 2010թ.-ի հունվարին կայանալիք խորհրդարանական ընտություններին: «Մենք բոլոր մակարդակներում գերազանց հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ», – ասում է նա: Իսկ արևմտյան մի պաշտոնյա նշում է. «Երբ հարցը վերաբերում է Թուրքիային և Հայաստանին, Թուրքիան ամեն անգամ հաղթող է դուրս գալիս»: