- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Արդյո՞ք Հայաստանի քաղաքականությունը նպաստում է Թուրքիայի հզորացմանը

«Կալիֆոռնիա կուրիեր», 4 օգոստոսի 2009թ.
Աղբյուրը` California Courier
Հարութ Սասունյան, հրատարակիչ (Harut Sassounian, Publisher)

Հայաստանի արտգործնախարարությունն, ամենայն հավանականությամբ, համապարփակ ռազմավարական ծրագիր ունի Հայաստանի ու նրա անմիջական հարևանների (Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա), հեռու և մոտիկ գերտերությունների (Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Միացյալ Նահանգներ) և կարևոր այլ պետությունների հետ հարաբերությունների վերաբերյալ:

Ամենատարրական մակարդակում ակնկալվում է, որ հայ ղեկավարները պետք է առավելագույնս նպաստեն իրենց երկրի ազգային շահերին և հակադարձեն բոլոր հակահայկական ոտնձգություններին: Ելնելով այս պարզ չափանիշից` կցանկանայի գնահատական տալ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք վերաբերում են Հայաստանի ամենախնդրահարույց հարևանին` Թուրքիային:

Թուրքիան ոչ միայն հայ ազգի ցեղասպանությունն է իրագործել և շարունակում է վայելել այդ հանցանքի պտուղները, այլև միլիոնավոր դոլարներ է ծախսում ամեն տարի պատմական փաստերը ժխտելու և հայ ժողովրդին հեղինակազրկելու նպատակով:

Հիմնադրման օրվանից Թուրքական Հանրապետությունը հետևողականորեն իրականացրել է իր օսմանյան նախորդների հակահայ քաղաքականությունը: 1993-ից ի վեր Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը (պատերազմական գործողություն) որպեսզի ստիպի նրան տարածքային զիջումներ անել Արցախում (Ղարաբաղ): Հայաստանի անկախությունից կարճ ժամանակ անց առնվազն մեկ դեպքում թուրքերը զորք են կուտակել սահմանին` սպառնալով հարձակվել Հայաստանի վրա: Ավելին` Թուրքիան վարժեցրել ու զինել է Ադրբեջանի բանակը, որպեսզի վերջինս կարողանա ներխուժել Արցախ և բնաջնջել նրա էթնիկ հայ բնակչությունը:

Թուրքիան հակահայկական գործունեություն է իրականացնում նաև դիվանագիտական տարբեր ուղիներով: Եվրախորհրդում, ՄԱԿ-ում և Իսլամական պետությունների համաժողովում Թուրքիայի պատվիրակները որպես կանոն միանում են իրենց ադրբեջանցի գործընկերներին և Հայաստանի ու Արցախի դեմ քվեարկում: Վերջապես, Թուրքիան շարունակում է պատանդ պահել իր երկրի հայ բնակչությանը` զրկելով նրանց ամենատարրական մշակութային, կրթական և կրոնական իրավունքներից:

Այս հանգամանքներում կարևոր է, որ Հայաստանի պաշտոնյաներն զգուշորեն ծանրութեթև անեն` արդյո՞ք Թուրքիայի հարցում իրենց ընդունած որոշումներն ակամայից չեն նպաստում թշնամի հարևանի քաղաքական և տնտեսական հզորացմանը:

Ահա նմանատիպ որոշումների մի քանի օրինակ.

Թուրքիայի հետ բանակցություններում՝ սահմանի բացման հարցում Հայաստանը չպետք է ընդունի որևէ նախապայման և չպետք է համաձայներ ապրիլի 24-ից առաջ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, ինչը բարձրացրեց Թուրքիայի հեղինակությունը և ձախողեց Միացյալ Նահանգների և այլոց կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու ջանքերը:

Հայաստանը չպետք է ճանաչի Թուրքիայի ներկա սահմանները և պետք է մերժի Խորհրդային Հայաստանի ստորագրած պայմանագրերը, որպեսզի ապագայում ներկայացվելիք Հայաստանի տարածքային պահանջները անհնարին չլինեն:

Հայաստանը չպետք է համաձայնի Հայոց Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի պահանջին, որպեսզի խուսափի Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելուց և չվնասի երրորդ երկրների կողմից այն ճանաչելու շանսերին:

Հայաստանը չպետք է թույլ տա Թուրքիային քիթը խոթել Արցախի հարցով հայ-ադրբեջանական բանակցությունների մեջ, որպեսզի չօգնի Թուրքիային էլ ավելի բարձրացնել իր` Աֆղանստանում, Իրանում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սիրիայում իբր վստահելի միջնորդ լինելու կերպարը:

Հայաստանի նախագահը չպետք է այցելի հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային հանդիպմանը, քանի դեռ թուրք առաջնորդներն սկզբում չկատարեն սահմանը բացելու իրենց գրավոր համաձայնությունը:

Հայ պաշտոնյաները չպետք է օգնեն հավատալ Թուրքիայի այն կեղծ պնդումներին, թե նա վարում է Հայաստանի հետ լուրջ բանակցություններ:

Հայաստանի ղեկավարությունը չպետք է աջակցի Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ջանքերին, որպեսզի չնպաստի Թուրքիայի քաղաքական և տնտեսական հզորացմանը: Իր բնակչության թվով գերազանցելով ԵՄ մյուս երկրների մեծ մասին`Թուրքիան մեծ թվով ձայների իրավունք կունենա Եվրախորհրդարանում, ինչը նրան հնարավորություն կտա հակահայկական բանաձևեր անցկացնել:

Անցած տարվա աշնանը, երբ Թուրքիան ամեն գնով քվեներ էր փնտրում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին միանալու համար, Հայաստանն ու աշխարհի հայերը գրեթե որևէ փորձ չարեցին խանգարելու Թուրքիային վերջին գրեթե կես դարում առաջին անգամ այդպիսի կարևորագույն աթոռ ձեռք բերել: Այժմ Թուրքիան կարող է օգտագործել այդ հեղինակավոր դիրքը ՄԱԿ-ում Հայաստանի և Արցախի դեմ բանաձևեր ընդունելու համար:

2006թ. Լիբանանի դեմ Իսրայելի հարձակումից հետո Հայաստանը և հայերը չխանգարեցին Թուրքիային խաղաղապահ զորքեր տրամադրելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր զորախմբին՝ ՅՈՒՆԻՖԻԼ-ին (United Nations Interim Force in Lebanon): Սա Թուրքիային հնարավորություն տվեց Օսմանյան կայսրության փլուզումից հետո առաջին անգամ զորք տեղակայել արաբական այն երկրում, որտեղ բնակվում է Մերձավոր Արևելքի թվով ամենամեծ հայ համայնքը:

Վերջապես, հայերը պետք է բոյկոտեն թուրքական ապրանքները և արձակուրդը չպետք է անցկացնեն Թուրքիայում, որպեսզի չնպաստեն թշնամի պետության տնտեսական հզորացմանը: Հարկավոր է գովաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանին այն բանի համար, որ նա պաշտոնյաներին հրահանգել է իրենց արձակուրդը չանցկացնել Թուրքիայում և խրախուսում է տեղական տուրիստական ընկերություններին մրցակցային գներով զբոսաշրջային փաթեթներ պատրաստել արձակուրդն Արցախում անցկացնելու համար:

Այսօր արդեն հսկայական անհավասարակշռություն կա Հայաստանի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական և ռազմական հզորությունների միջև: Զգուշորեն կշռադատելով իրենց յուրաքանչյուր որոշման ազդեցությունը` Հայաստանի ղեկավարները պետք է նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն այդ անհավասարակշռությունը: