- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ապաստանի հայցով գործը վերաբացվել է սղագրական սխալի պատճառով

«Սան Ֆրանցիսկո Քրոնիքլ», 15 մայիսի 2008թ.
Աղբյուրը` (San Francisco Cronicle)
Բոբ Էգելկո (Bob Egelko)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը (1)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը (2) (անգլերեն / in English)


Երբ Սվետլանա Գրիգորյանը ներկայացնում էր իր հայցը Միացյալ Նահանգներում քաղաքական ապաստան ստանալու համար, նա թարգմանչի միջոցով վկայություն էր տվել, որ 1995թ. իր հայրենիքում՝ Հայաստանում մարդկանց մի խումբ հարձակվել է իր ընտանիքի վրա, ծանր վիրավորել իրեն և սպանել իր 13-ամյա որդուն` «որովհետև իմ մայրը խոհարար էր»1:

Համենայն դեպս, այսպես էր գրված 2003թ.-ի` գործի լսման սղագրությունում, որի հիման վրա ներգաղթի հարցերով դատարաններն ու դաշնային վճռաբեկ դատարանը վճռել են, որ Գիգորյանը չի կարողացել ապացուցել, որ հետապնդման զոհ է եղել:


Այնուհետև, ներգաղթի հարցերով մի փաստաբան է ուսումնասիրել նրա գործը, զրուցել Գրիգորյանի հետ և հասկացել, որ սղագրության մեջ սխալ կա. նա իրականում ասել է, որ իր վրա հարձակվել են, «որովհետև իմ մայրը թուրք էր»:

Սա արդեն այլ հարց է: Թուրքերը 1-1,5 միլիոն հայ են սպանել 1915-16թթ. ցեղասպանության ժամանակ: Մի հայ, որը լքել է երկիրը իր թուրքական ծագման պատճառով հալածվելու հետևանքով, թերևս ապաստան ստանալու հզոր փաստարկ ունի:

Երկուշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյի` ԱՄՆ 9-րդ դաշնային շրջանային վճռաբեկ դատարանը խնդրել է ԱՄՆ ներգաղթի հարցերով բողոքարկումների խորհրդին վերանայել Գրիգորյանի գործը և որոշել` արդյո՞ք նա հալածանքի է ենթարկվել: «Նրա բողոքարկման հիմքը սղագրության մեջ թույլ տրված սխալն է»,- ասել է 2005թ. նրա դեմ վճիռ կայացրած դատարանը:

«Այժմ նա կարող է պատմել իր պատմությունը»,- ասել է այդ կնոջ փաստաբանը` Արտեմ Սարյանը:
Գրիգորյանը, որն ապրում է Լոս Անջելեսի մերձակայքում, եկել է Միացյալ Նահանգներ 1999թ.-ին և դիմել ապաստան ստանալու համար: Նա իր դիմումում գրել է, որ ինքն ու իր ծնողները հալածանքների են ենթարկվել հայերի կողմից, որովհետև իր մայրը թուրք էր:

Ընտանիքը 1980-ականներին տեղափոխվել է Ադրբեջան, սակայն Գրիգորյանն ասում է, որ այնտեղ իրեն ծեծել ու բանտ են նետել, երբ սկսվել է Հայաստանի հետ պատերազմը:

1992թ.-ին նրանք վերադարձել են Հայաստան: Այստեղ Գրիգորյանը դարձել է պատերազմում վիրավորված զինվորներին օգնություն ցուցաբերող մի կազմակերպության նախագահ: Նա ասում է, թե կազմակերպության ներսում սրված հակամարտությունը հանգեցրել է 1995թ. հունվարին իրենց վրա կատարված հարձակմանը, որի ժամանակ նա վիրավորվել է, իսկ իր որդին` սպանվել:

Ըստ վճռաբեկ դատարանի` Գրիգորյանն իր հայցադիմումի հետ կապված խնդիրներ ուներ, որովհետև նրա առաջին փաստաբանը ներկայացրել էր այնպիսի գրավոր փաստարկներ, որոնք քիչ էին առնչվում գործին, և այդ պատճառով նա ապաստան ստանալու իրավական հիմք չէր ունենում: «Կոնեկտիկուտի կարգապահական հարցերով գործակալությունը, որտեղ աշխատում էր այդ փաստաբանը, նշել է այդ կնոջ գործում նրա (փաստաբանի – «Արարատ» ՌԿ) ոչ էթիկական վարքի մասին»,- ասում է դատարանը:

Սարյանն ասում է, որ Գրիգորյանն իրեն է դիմել 2005թ.-ին՝ ներգաղթի հարցերով դատարանների՝ երկրից նրան վտարելու մասին վճիռ կայացնելուց հետո, և ինքը (Սարյանը – «Արարատ» ՌԿ) սկսել է ուսումնասիրել այդ գործի սղագրությունները: «Դրանց մեջ էր 2003թ.-ի լսման սղագրությունը, որում կար սղագրական ակնհայտ սխալ: Դրան ուշադրություն չէին դարձրել ո’չ ներգաղթի հարցերով դատավորը, ո’չ ներգաղթի հարցերով բողոքարկումների խորհուրդը և ո’չ էլ Գրիգորյանի առաջին փաստաբանը»-, ասում է Սարյանը:

«Այս անձնավորության նկատմամբ ոչ ոք իրականում հոգածություն չի ցուցաբերել»,- նկատել է նա:Այս հոդվածը զետեղված է «Սան Ֆրանցիսկո քրոնիքլ»-ի B-3 էջում:

————–

Կարդացեք նաև «Բուռն աջակցություն Բուլարդի շրջանավարտին» հրապարակումը և մեկնաբանությունը:

  1. Անգլերեն` cook («քուք») («Արարատ» ՌԿ-ի կողմից) []