- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Բանակցություններ սև անցքի շուրջ

«Գարդիան», 7 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (guardian.co.uk)
Ալեքսանդրոս Պետերսեն (Alexandros Petersen)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փակուղային իրավիճակին, և ԵՄ-ն պետք է օգնի նրանց

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սանկտ Պետերբուրգում` Հարավային Կովկասում երկու տասնամյակ շարունակվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումների համար: Խորհրդային Միության փլուզման ընթացքում սկսված ծանր պատերազմից հետո հայկական զինված ուժերը գրավեցին Ադրբեջանի տարածքում գտնվող այս լեռնային շրջանը` այդտեղ բնակվող էթնիկ հայերին պաշտպանելու մտադրությամբ:

Անթեղված փակուղային իրավիճակն իրար դեմ է հանում հայ քրիստոնյաներին և ադրբեջանցի մահմեդականներին, և ամեն տարի երկու կողմից էլ մարդիկ են զոհվում: Սակայն ինչո՞ւ պետք է ազգային-կրոնական ինչ-որ մի անհասկանալի հակամարտություն մտահոգի մեզ, և ինչո՞ւ է այսօրվա հանդիպումն ավելի կարևոր, քան վերջին քսան տարիների բազմաթիվ ապարդյուն բանակցությունները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն, այսպես կոչված, սառեցված հակամարտություն է, այսինքն` լայնամասշտաբ պատերազմական գործողություններ տարիներ շարունակ չեն եղել, սակայն ոչ մի առաջընթաց չի արձանագրվել միշտ լարված և բռնություններով լի իրավիճակից որևէ ելք գտնելու ուղղությամբ: Հայկական զինված ուժերը եւ նրանց դաշնակից տեղական աշխարհազորը վերահսկում են վիճելի տարածքին հարող յոթ «բուֆերային» շրջաններ: Ղարաբաղն իրեն համարում է անկախ պետություն, սակայն նա չի կարող գոյատևել առանց Հայաստանի պաշտպանության և տնտեսական օժանդակության: Բոլոր ութ շրջանները Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներ են:

Այս խիստ ռազմականացված և անորոշ իրավիճակը նշանակում է, որ հակամարտության գոտին ծառայում է միջազգային մի շարք սպառնալիքների հանգրվան, որոնք անմիջական վտանգ են Եվրոպական Միության քաղաքացիների համար: Ինչպես տարածաշրջանի մյուս սառեցված հակամարտությունները, Ղարաբաղը նույնպես կառավարման մի սև անցք է, ուր լավ պայմաններ կան զենքի, թմրանյութերի ու մարդկանց թրաֆիքինգի, փողերի լվացման և կազմակերպված հանցագործության համար: Հնարավոր է, որ Լոնդոնի փողոցներում հայտնվող հերոինը, Փարիզի արվարձաններում՝ անօրինական զենքը և Բեռլինի անչափահաս մարմնավաճառները բերվում են կամ Ղարաբաղի նման մի հակամարտության տարածքով, կամ տարածքն այդ նպատակների համար օգտագործող ցանցի միջոցով:

Եթե երբևէ Ալ-Քաիդայի նման միջազգային ահաբեկչական մի խմբավորում նախկին Խորհրդային Միության միջուկային զենք ձեռք բերի, ապա գրեթե անհնար է, որ Ղարաբաղի նման մի տարածք ներքաշված չլինի դրա մեջ: Միացյալ Թագավորության և գրեթե բոլոր եվրոպական պետությունների պաշտպանության հայեցակարգերում չկառավարվող տարածքները նշվում են որպես անվտանգության առաջնային սպառնալիք: Եթե ՆԱՏՕ-ի ուժերը կռվում են Աֆղանստանում` միջազգային սպառնալիքները կանխելու նպատակով, ապա Եվրոպական Միությունը պետք է միջոցներ ձեռնարկի իր սահմաններին ավելի մոտ գտնվող նմանատիպ վտանգները չեզոքացնելու ուղղությամբ:

Սանկտ Պետերուրգում շաբաթ օրվա բարձր մակարդակով հանդիպումը հենց այդպիսի հնարավորություն է ընձեռում: Բանակցություններն ուշագրավ են, քանի որ Հայաստանի նոր նախագահ Սերժ Սարգսյանը առաջին անգամ հանդիպելու է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ` հակամարտությունը քննարկելու համար: Նրա ընտրվելուց հետո Հայաստանի մայրաքաղաք Երևանի փողոցները բռնության և արտակարգ իրավիճակի ականատեսը եղան, և Սարգսյանը, թվում է, իր նախորդից ավելի է հակված Ղարաբաղյան հարցում խաղաղության հասնելու: Ծնունդով այդ շրջանից լինելով` նա ունի հեղինակություն և կարող է փոփոխություն մտցնել այս խնդրում, որը շիկացած թեմա է հանրային քննարկումների օրակարգում:

Ադրբեջանի համար ղեկավարության փոփոխությունը ճիշտ ժամանակին է: Քանի որ հոկտեմբերին նախագահական ընտրություններ են լինելու, ղարաբաղյան խնդրի լուծումը դարձել է օրակարգի առաջին հարցը: Միևնույն ժամանակ, նավթով հարուստ այս պետության ռազմական բյուջեն այնքան է ավելացել, որ գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն: Հակամարտության գոտուց տեղահանված շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների դժվար կացությունը անընդհատ ճնշում է կառավարության վրա` հնարավորինս շուտ վերջ դնելու հակամարտությանը:

Ֆրանսիան, որը ղարաբաղյան արգելակված բանակցությունների միջնորդ խմբի համանախագահներից է, պետք է մշակի Եվրամիության կողմից ուղղորդվող` խաղաղության հաստատման «ճանապարհային քարտեզը»` որպես խրախուսանք դրան հավելելով հակամարտության գոտու զարգացան և կառավարման հարցերում Եվրոպայի աջակցությունը: Որպես Եվրամիության առաջիկա նախագահող` Փարիզը, մասնավորպես, լավ հնարավորություն ունի հակամարտության հարցը ԵՄ օրակարգ մտցնելու: Սակայն այսպիսի ջանքը համաձայնեցված աջակցություն կպահանջի Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից և Եվրամիության մյուս ազդեցիկ պետություններից:

Եվրոպան չի կարող թույլ տալ բալկանյան պատերազմի նման լայնածավալ պատերազմ իր ծայրամասում: Անորոշ և վտանգավոր ստատուս-քվոն նույնպես տարբերակ չէ: Հարկ է, որ Բրյուսելը և ԵՄ ազդեցիկ մայրաքաղաքները դասեր քաղեն Բոսնիայից և Կոսովոյից: Մեր հարևանությամբ շարունակվող հակամարտություններն անտեսելը չի վերացնում դրանք` այն էլ` գնալով աճող միջազգային սպառնալիքների այս դարում: