- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Տագնապ Անկարայում. Թուրքիան գնում է դեպի ինքնության վտանգավոր ճգնաժամ

«Շպիգել», 6 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Der Spiegel)
Ֆերդա Աթաման և Յուրգեն Գոթշլիխ (Ferda Ataman and Jürgen Gottschlich)

Թուրքիայի բարձրագույն դատարանը հինգշաբթի օրն Անկարայում կայացրեց վճիռ, որով համալսարաններում գլխաշոր կրելու արգելքը մեղմացնելու մասին Էրդողանի կառավարության ընդունած օրենքը ճանաչեց հակասահմանադրական: Այս վճիռը նախանշան է լուրջ հակամարտության, որը հավանաբար ի հայտ կգա մոտակա ամիսներին Էրդողանի` իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ` AKP) և երկրի աշխարհիկ ուժերի միջև` ի դեմս հզոր բանակի:

Հինգշաբթի օրը կեսօրից հետո Թուրքիայում սպասողական մթնոլորտ էր: Կարծես ամբողջ երկիրը սպասում էր բարձրագույն դատարանի որոշմանը: Եվ դատավորները չհիասթափեցրին. դատարանը վճռեց, որ գլխաշոր կրելու մասին օրենքում կառավարության կատարած բարեփոխումը հակասահմանադրական է:

Դատարանը հրապարակեց իր վճիռն անսովոր կարճատև դատավարությունից հետո՝ աննշան տեղ թողնելով փոխզիջումների համար. սահմանադրական բարեփոխումը, որն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Ազգայնական շարժում կուսակցության (MHP) աջակցությամբ փետրվար ամսին հաստատել էր Թուրքիայի խորհրդարանը, անվավեր է: Գլխաշոր կրելու արգելքի վերացումը, ասվում է դատարանի որոշման մեջ, խախտում է կրոնի և պետության միջև սահմանադրորեն ամրագրված բաժանումը:

Դատավճիռը շատ ավելի հեռուն գնաց, քան ակնկալվում էր: Թե’ քաղաքական գործիչները, և թե’ վերլուծաբանները կարծում էին, որ դատարանն ընդամենը կպահանջեր ընդունել լրացուցիչ օրենք, որով գլխաշորերի մասին օրենքի փոփոխությունը կտարածվեր միայն համալսարանների վրա` պահպանելով գլխաշոր կրելու արգելքը դպրոցներում, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար:

Փոխարենը, Թուրքիայի բարձրագույն դատարանը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությանը լուրջ քաղաքական պարտության մատնեց: Ավելին, այդ դատավճիռն ինքնին մի ազդանշան էր. Թուրքիայի բարձրագույն դատարանը շուտով պետք է լսի ԱԶԿ-ի գործունեությունն արգելելու վերաբերյալ գործը` հիմք ընդունելով վերջինիս ենթադրվող կրոնական արմատները, ինչպես նաև՝ եկեղեցու և պետության միջև տարանջատումը վերացնելու մտադրությունը: Հինգշաբթի օրն ընդունված դատավճիռը կարծես ազդանշան էր, որ դատավորները չեն պատրաստվում տեղի տալ:

Գլխաշորի շուրջ պայքարն ընդամենը մի ճակատամարտ է այն պատերազմում, որ ներկայումս ընթանում է հենց Թուրքիայի ինքնության շուրջ: Գերիշխող բյուրոկրատիան և բանակը (ընդդիմությունը), որը համառորեն հավատարիմ է մնում հիմնադիր հոր` Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարներին, ինչպես նաև՝ աշխարհիկ թուրքերի մի ստվար զանգված, դիտում են կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը որպես սպառնալիք իրենց կենսակերպին: Նրանք վախենում են, որ Էրդողանի կառավարությունը` նախագահ Աբդուլահ Գյուլի հետ, ով նույնպես ԱԶԿ անդամ է, ցանկանում է երկրում ուժեղացնել կրոնի դերը: ԱԶԿ-ի հզորացման մեջ նրանք տեսնում են Թուրքիայի աստիճանաբար աճող մահմեդականացումը:

Փաստեր կան, որ նրանք գուցե իրավացի են, որ ԱԶԿ-ի իշխանության օրոք ուժային հաշվեկշիռը փոխվում է, իսկ երկիրը դառնում է ավելի պահպանողական ու կրոնական: Ալկոհոլի օգտագործումը սահմանապակող նոր օրենքներ են ընդունվել, և գլխաշորով կանայք ավելի հաճախ են սկսել երևալ հասարակության մեջ: Բացի այդ, երկրի կրոնական հարցերով գերատեսչությունը վերջերս հրապարակել է հոդված, որը կանանց պարտավորեցնում է ձեռնպահ մնալ տղամարդկանց սեռապես գայթակղելուց: Այնուհանդերձ, քննադատները վիճելի են համարում այն, որ դատարանի վճիռները կամ պետական գերատեսչությունները կարող են արդյունավետ կերպով վերջ դնել տվյալ զարգացումներին:

«Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն արտահայտել է իր դժգոհությունը հինգշաբթի օրը ընդունված դատավճռի վերաբերյալ: ԱԶԿ-ի խոսնակը վճիռը հայտարարեց հակասահմանադրական` այն անվանելով ավելի շուտ քաղաքական, քան իրավական վճիռ: «Սա միջամտություն է և՛ ժողովրդավարությանը, և՛ խորհրդարանի իրավական իշխանությանը»,- լրագրողներին ասել է ԱԶԿ-ի խորհրդարանական խմբի փոխնախագահ Բեկիր Բոզդակը: «Վճիռը ճանապարհ է հարթում` վերահսկելու ցանկացած սահմանադրական բարեփոխում, որ խորհրդարանը կցանկանա իրականացնել»:

Սակայն այս դատավճռից պարզ է դառնում, որ երկրում կա նաև ԱԶԿ-ն արգելելու միտում: Եվ այս իրավիճակը քաղաքական ցնցումներ կառաջացնի հենց այն ժամանակ, երբ Թուրքիան որդեգրել է Եվրամիությանն անդամակցելու ուղին: Այս նոր վճիռը հավանաբար չի մեծացնի երկրի շանսերն այդ ուղղությամբ: Եվրոպան բազմիցս քննադատել է Թուրքիայի կոշտ դատական համակարգը` խոսքի ազատության և իրական ժողովրդավարության ճանապարհին խոչընդոտ հանդիսանալու համար:

Հարցն այն է՝ արդյոք ԱԶԿ-ն կընդունի՞ իր դեմ արգելքը՝ առանց իր համախոհներին մոբիլիզացնել փորձելու: Զանգվածային ցույցերի և աշնանը վաղաժամկետ ընտրությունների հավանականության մասին արդեն ենթադրություններ են շրջանառվում: «Արդարություն և զարգացում» կուսակցությունն, ինչպես ենթադրում են շատերը, թերևս օգտագործի այդ ցույցերն ի զորակցություն նոր սահմանադրական հանրաքվեի, որը կզրկեր դատարաններին իրենց ներկայիս իշխանությունից:

Բանակը ներկայումս ուշադրությամբ հետևելու է ԱԶԿ-ի քայլերին: Եվ անհրաժեշտության դեպքում, այն կպաշտպանի երկրի աշխարհիկությունը բոլոր հնարավոր միջոցներով: Կարճ ասած, Թուրքիան գտնվում է վտանգավոր ճամփաբաժանի վրա, որը կարող է ավարտվել առճակատմամբ: