- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայոց «ցեղասպանությունը»` ոչ պարտադիր դասընթաց Տորոնտոյում

«Թդեյզ Զաման», 5 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Today’s Zaman)

Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդը հավանություն է տվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայերի, այսպես կոչված, ցեղասպանությունը որպես ոչ պարտադիր դասընթաց ուսումնասիրելուն, հաղորդում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը:

«Մարդկության նկատմամբ կատարված հանցագործություններն ու ցեղասպանությունները» վերնագրով դասընթացն ընդգրկում է Ողջակիզումը (Հոլոքոստ), երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ոչնչացվեց 6 միլիոն հրեա, 1994թ.-ին Ռուանդայում 1 միլիոն թութսիների և հութուների կոտորածն ու անցյալ դարասկզբին Անատոլիայի հայերի կոտորածը:

Կանադայում ապրող թուրքերը բողոքագրերի հավաքման արշավ են սկսել ընդդեմ հայերի ենթադրյալ ցեղասպանությունը դպրոցական դասընթացի մեջ ներառելու Տորոնտոյի որոշման: Այդուամենայնիվ, Տորոնտոյի շրջանային դպրոցական խորհուրդն անտեսել է համացանցում կազմակերպված արշավի միջոցով հավաքված 11.000 բողոքագրերը, հաղորդում է «Անատոլիա»-ն: Հունվարին Կանադայի մի շարք թուրքական հասարակական կազմակերպություններից բաղկացած «Միասնություն» խումբն ասել է, թե այդ դասընթացը սպառնալիք կլինի թուրք և մահմեդական աշակերտների անվտանգությանը: Խումբը դիմել է իշխանություններին` փոխելու դասընթացը 2008-2009 ուսումնական տարվա ծրագրում ներառելու վերաբերյալ որոշումը:
Վերջնական հաստատման համար դասընթացը պետք է հավանության արժանանա հոգաբարձուների խորհրդի ողջ կազմի կողմից` քվեարկության միջոցով, հաղորդում են կանադական լրատվամիջոցները, իսկ «Անատոլիա»-ն տեղեկացնում է, որ դպրոցական խորհրդի որոշումը կարելի է վիճարկել երեք շաբաթվա ընթացքում: