- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Բաքվի` ազատության երազանքները տապալված են. առայժմ

«Կիև փոստ», 18 հունիսի 2008թ.
Աղբյուրը` (Kiev Post, Ukraine)
Աննա Զամեջ (Anna Zamejz)

2003 թվականի բողոքի զանգվածային գործողությունները Վրաստանում, որոնք հայտնի են որպես «Վարդերի հեղափոխություն», տապալեցին Էդուարդ Շևարդնաձեի վարչակարգը: 2004 թվականին հերթը հասավ Ուկրաինային. «Նարնջագույն հեղափոխությունից» հետո չեղյալ հայտարարվեցին նախագահի ընտրության արդյունքները, և իշխանության եկավ Վիկտոր Յուշենկոն:

ԽՍՀՄ նախկին շատ երկրներում, բացառությամբ Վրաստանի և Ուկրաինայի, ժողովրդավարությունը չի կայացել: ԽՍՀՄ փլուզումից մոտ 17 տարի հետո նորանկախ որոշ երկրներ մնում են ազդեցիկ անհատների, օլիգարխների և ցմահ նախագահների տիրապետության ներքո: Ադրբեջանը իշխանությունը ժառանգաբար փոխանցելու վառ օրինակ է: Թեև վերջին տարիներին ադրբեջանցի երիտասարդները փորձել են ձևավորել Իլհամ Ալիևի վարչակարգը մերժող շարժումներ, սակայն նախագահի պաշտոնը 2003թ.-ին հորից ժառանգած Իլհամ Ալիևը ի չիք է դարձրել նրանց ջանքերը: Արևմուտքի առաջնորդներն ու կազմակերպությունները միշտ մեղմ գնահատականներ են տվել նավթով հարուստ այս կովկասյան պետության ընտրական համակարգի թերություններին ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Սակայն ադրբեջանցի երիտասարդները դեռ հույս ունեն, որ մի օր նավթը չի խանգարի ժողովրդավարության կայացմանը 9 միլիոն բնակիչ ունեցող այս երկրում:

Վրաստանում և Ուկրաինայում քաղաքական խաղաղ տրանսֆորմացիայի հարցում անառարկելիորեն մեծ էր կայացած ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դերը: Մինչդեռ բողոքի զանգվածային միջոցառումների կազմակերպման գործում առանցքային դեր կատարեցին երիտասարդական կազմակերպությունները՝ «Պորա»-ն («Ժամանակն է»)` Ուկրաինայում և «Քմարա»-ն («Բավական է»)` Վրաստանում:

Ուկրաինայի և Վրաստանի օրինակներով ոգևորված` ադրբեջանցի այլախոհ երիտասարդները 2004 թվականի ապրիլին ձևավորեցին «Յենի ֆիքիր» («Նոր մտածողություն») կազմակերպությունը: Նպատակը երկրի ժողովրդավարացումն էր, նշանաբանը` «Մենք երազանք ունենք` ազատություն»:

«Մենք ֆինանսական միջոցներ չունեինք, սակայն իսկապես հայտնի դարձանք ադրբեջանցի երիտասարդների շրջանում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ էինք կազմակերպում, քննադատում էինք Իլհամ Ալիևի վարչակարգը և կառավարության մասին ճշմարտությունն էինք բարձրաձայնում: Ամեն պահի մեզ միանալու պատրաստ շուրջ 2000 ակտիվիստներ կային»,- պատմում է Սաիդ Նուրին` «Յենի ֆիքիր»-ի նախկին փոխնախագահը, որը ներկայումս բնակվում է Միացյալ Նահանգներում: «Սա էր պատճառը, որ իշխանությունները մեզ տապալեցին: Նրանք մտավախություն ունեին, որ Ադրբեջանում կկրկնվի Վրաստանի և Ուկրաինայի սցենարը»:

2005թ.-ի հուլիսին Նուրին Լեհաստանում մասնակցել էր ընտրությունների թեմայով ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute) կազմակերպած սեմինարին: Երկու ամիս անց նրան և «Յենի Ֆիքիր»-ի մեկ այլ անդամի` Ռամին Տագիևին ներկայացվել է Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու և Լեհաստանում գաղտնի վերապատրաստվելու մեղադրանք: Գաղտնի դատավարություն եղավ, և Նուրին դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով բանտարկությունը հետագայում փոխարինվեց տնային կալանքով: Այժմ նա ազատ է:

Էմին Հուսեյնովը Ադրբեջանի ամենահամառ երիտասարդ առաջնորդներից է: Առաջին անգամ ոստիականական մահակի ուժն իր մաշկի վրա զգացել է 2003 թվականին, երբ «Թուրան» լրատվական գործակալությունում լրագրող էր աշխատում:

«Ես լուսաբանում էի 2003թ. հոկտեմբերի 16-ի` նախագահի ընտրությունից հետո տեղի ունեցող հանրահավաքը և ծեծի ենթարկվեցի ոստիկանների ու զինվորների կողմից: Ինչո՞ւ: Չգիտեմ: Պատճառ չկար»,- նշում է Հուսեյնովը:

Նրա պատմությունը միակը չէ: «Ամնեսթի ինթերնեյշնլ» (Amnesty International) և «Հյումն ռայթս վոթչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպությունները հայտարարում են, որ ազերի ոստիկանները չափազանց մեծ ուժ են կիրառում քաղաքական այլախոհների ու լրագրողների նկատմամբ: Վերքերն ապաքինելու համար Հուսեյնովից երկու տարի պահանջվեց: Այնուհետև Հուսեյնովը հիմնադրեց երիտասարդական «Մաքամ» («Հիմա ժամանա’կն է») կոչվող շարժումը` ժողովրդավարության կայացմանն աջակցելու նպատակով:

Հուսեյնովը որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ: Նրա համոզմունքն այն է, որ ով էլ իշխանության գա, պետք է հարգի մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները:

Երբ նրա գործընկերներ Նամիգ Ֆեյզիևն ու Թուրան Ալիևը քաղաքական գործունեության համար 2006թ.-ին հեռացվեցին համալսարաններից, Հուսեյնովը պայքարեց նրանց իրավունքների վերականգնման համար: Էլնուր Մամադովի հետ միասին նա 21 օր տանջալից հացադուլ արեց` ի նշան միասնության:

«Հաջողվեց: Նամիգին վերականգնեցին համալսարանում, խոստացան Թուրանին էլ վերականգնել: Սակայն նրանց նկատմամբ ճնշումները շարունակվեցին և նրանք արտագաղթեցին»,- հիշում է Հուսեյնովը:

Թեև հաջողության հասնելու հավանականությունը մեծ չէ, Հուսեյնովը մտադիր չէ տեղի տալ:

«Երանի նախագահը ներողություն խնդրեր և ազգի հաշտեցման կոչ աներ: Սակայն դա տեղի չունեցավ: Ես խղճիս դեմ կգնայի, եթե համագործակցեի մյուս կողմի հետ»,- ասում է նա:

Չնայած Հուսեյնովի ջանքերին` «Մաքամ»-ը, որպես ժողովրդավարական շարժում, այլևս գոյություն չունի: Հուսեյնովի կարծիքով` կառավարության ճնշումները հեռացրեցին ժողովրդին քաղաքական կազմակերպություններից: Նա հիմնադրել է նոր հասարակական կազմակերպություն` Լրագրողների ազատության և անվտանգության ինտիտուտը:

2005 թվականի օգոստոսին՝ խորհրդարանի ընտրությունից երեք ամիս առաջ, «Յենի Ֆիքիր»-ի ղեկավար Ռուսլան Բաշիրլին ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի և Հայաստանի գաղտնի ծառայությունների հետ գաղտնի համաձայնությամբ իշխանությունը բռնի ուժով զավթել ծրագրելու մեղադրանք ներկայացրեցին: Ադրբեջանում Հայաստանի հետ համագործակցության մեղադրանքը ծանրագույնն է, քանի որ երկիրը փաստացի պատրեազմի մեջ է Հայաստանի հետ:

«Յենի Ֆիքիր»-ի տապալումից հետո ի հայտ եկան նոր շարժումներ: Դրանց թվում էր «Դալղա» («Ալիք») ուսանողական շարժումը, որի հիմնական նպատակներն էին բուհերում կոռուպցիայի դեմ պայքարն ու ազատ մամուլի պաշտպանությունը: «Դալղա»-ն նոր տեխնոլոգիաներ հնարեց` ցույցեր անցկացնելու նկատմամբ Ադրբեջանում գոծող կոշտ քաղաքականությունը շրջանցելու նպատակով: «Դալղա»-ն կազմակերպում էր, այսպես կոչված, ֆլեշ-մոբզ (flash mobs)` փոքր խմբերով կարճատև հավաքներ. հասարակական որևէ վայրում հանկարծակի մի խումբ մարդիկ են հայտնվում, կարճ ժամանակահատվածում ինչ-որ թեմայով ակցիա իրականացնում և հետո ցրվում:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, «Դալղա»-ի 15 անդամներ հավաքվել էին մի հրապարակում և սկսել թերթեր ընթերցել:

«Ոստիկաններն անորոշության մեջ էին: Նրանք չգիտեին ինչ անել, ինչպես վարվել «ֆլեշ մոբզ» գործողության մասնակիցների հետ: Նրանք հասկանում էին, որ դա ցույց չէ, սակայն ինչ որ բան, այդուհանդերձ, տեղի է ունենում»,- պատմում էր Արազ Գասիմովը` «Դալղա»-ի փոխնախագահը:

Չնայած Ադրբեջանում առկա ժողովրդավարական շարժումներին` բուհական ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը նախագահամետ «Իրելի»-ն է («Շարժվիր առաջ»): «Իրելի»-ի շարքերում ավելի քան 5000 ուսանող կա, որոնք անվերապահորեն սատարում են նախագահ Իլհամ Ալիևին: «Մեր գաղափարախոսությունն Իլհամ Ալիևին աջակցելն է»,- ասում է Մահիր Մամադովը: «Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ նա անում է»: Իսկ եթե նախագահի քայլերից որևէ մեկն անընդունելի լինի՞: «Դա հնարավոր չէ: Նախագահը մեզ համար անընդունելի քայլեր երբեք չի անում»:

«Իրելի»-ի անդամները չեն կարծում, թե Ադրբեջանն ամենից շատ ժողովրդավարության կարիք ունի: Նրանցից ոմանց գնահատմամբ` ադրբեջանցիները արժանի չեն ժողովրդավարության կամ պատրաստ չեն դրան: «Գուցե ժողովրդի տասը տոկոսը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Մյուսները մտածում են միայն իրենց ստամոքսի և փող աշխատելու մասին: Դա մեր արյան մեջ է»,- ասում է Մահիրը:

ԱԱԵԱ-ն «Ադրբեջանի ազատական երիտասարդական ասոցիացիա»-ի հապավումն է, այն ազատական ադրբեջանցիների ոչ պաշտոնական ցանց է: Նրա անդամները չեն հարում որևէ քաղաքական կուսակցության, աշխատում են տեղերում` հանրության լայն շրջանակների հետ, կազմակերպում սեմինարներ և դասընթացներ ազատական արժեքների, ինքնակառավարման և ազատ շուկայական տնտեսության թեմաներով:

«Մենք դեմ ենք հեղափոխություններին, կողմ` էվոլյուցիային: Միայն մտքի հեղափոխությունը կհանգեցնի էվոլյուցիայի` ստեղծելով բարեփոխումների դաշտ»,- ասում է Նիգար Մեհտիևան` ԱԱԵԱ-ի քսանամյա անդամը: -Եթե ցանկանում ես փոխել հասարակությունը, սկսիր քեզանից: Մի քանի տարի հետո այս երիտասարդները կգան իշխանության: Եթե նրանք ավելի ազատական լինեն, դա կազդի նաև երկրի և նրա կառավարման ձևի վրա»:

Սաիդ Նուրին համոզված է, որ մի օր կվերադառա ժողովրդավար, օրենքի ուժով կառավարվող Ադրբեջան, և ոչ որպես քաղաքական այլախոհ: «Ինքնաթիռի տոմսի համար գումար եմ խնայում»,- ասում է Նուրին: Նա ցանկանում է, որ երիտասարդ ադրբեջանցիներն առավել ակտիվ մասնակցեն ժողովրդավարության կայացմանը:

«Այսօր մարդիկ փակ դռան առաջ են կանգնած,- նշում է ԱԱԵԱ-ի անդամ Զոհրաբ Իսմայիլովը` անդրադառնալով Ադրբեջանի ներկա քաղաքական իրավիճակին: -Բայց բավական է դուռը բացվի, մենք ներս կմտնենք և այլևս չենք թողնի, որ փակվի»:

Աննա Զամեջը լեհ լրագրող է: Ուսանում է Օրհուսում` Դանիայի լրագրողական ինստիտուտում: Որպես դիտորդ ներկա է եղել բազմաթիվ երկրների ընտրությունների` ներառյալ Ադրբեջանի 2005 թվականի խորհրդարանի ընտրությունը: