- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Առաջիկա զորահանդեսն Ադրբեջանի ռազմական ուժի ցուցադրում է ոչ միայն Հայաստանին, այլև ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր ուժերին

«Թդեյ.Ազ», 23 հունիսի 2008
Աղբյուրը` (Today.Az)

Հարցազրույց Ադրբեջանի «Պահեստազորի սպաներ» հասարակական կազմակերպության նախագահ Յաշար Ջաֆարլիի հետ:

Այս շաբաթ Ադրբեջանում տեղի է ունենալու ազգային զինված ուժերի 90-ամյակին նվիրված զորահանդես: Արդեն հայտարարվել է, որ երկրի պատմության մեջ այս աննախադեպ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է զինված ուժերի բոլոր տեսակների նորագույն տեխնիկան: Ի՞նչ է դա լինելու` հոբելյանին նվիրված տոնակատարությո՞ ւն, թե՞ հզորության ցուցադրում թշնամուն:

– Դա մի քանի նպատակ հետապնդող իրադարձություն է: Բնական է, որ այդ միջոցառման խնդիրներից մեկը ուժի ցուցադրումն է ոչ միայն թշնամուն, այլ նաև ամբողջ տարածաշրջանին և աշխարհին: Հակամարտությունն առնչվում է ոչ միայն երկու կողմերին ու տարածաշրջանի երկրներին, այլ նաև միջազգային կազմակերպություններին` ՄԱԿ-ից մինչև ԵԱՀԿ: Հետևաբար, երբ երկրի ղեկավարը հայտարարում է Հայաստանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման մասին` խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման հնարավորությունների սպառման դեպքում, ցանկանում է սրանով ապացուցել, որ այդ խոսքերն անհիմն չեն:

– Զորահանդեսն ունի նաև այլ նպատակներ: Ժողովուրդը պահանջում է զինված ուժերի նկատմամբ հանրային վերահսկողություն, կառավարությունից պահանջում է հաշվետու լինել պաշտպանությանը հատկացված ֆինանսական միջոցների օգտագործման համար: Բնականաբար, կառավարությունը պետք է ներկայացնի այս հարցերի պատասխանները:
Բացի այդ, զորահանդեսի անհրաժեշտ պայմաններից է զինված ուժերի անձնակազմի և ռազմական տեխնիկայի պատրաստվածության ապահովումը: Շարքերով և զորասյուներով քայլելը պահանջում է հատուկ պատրաստվածություն: Հետևաբար, սա նշանակում է նաև անձնակազմի վերապատրաստում:

Բանակն այդքան լա՞վ է սպառազինված, որ մեծ տպավորություն թողնի աշխարհի և հատկապես Հայաստանի վրա:

– Անշուշտ, մենք ունենք ավելի շատ և ավելի լավ ռազմական տեխնիկա և միջոցներ, քան Հայաստանը: Մեր երկրի տնտեսական ներուժը որոշիչ դեր է խաղում, տնտեսապես մենք անհամեմատ ուժեղ ենք մեր թշնամուց և բոլոր ցուցանիշներով ամենահզոր պետությունն ենք մեր տարածաշրջանում: Դա գիտակցում են նաև բոլոր միջազգային կազմակերպությունները և անգամ մեր թշնամիները:

Զորահանդեսի նախօրյակին «Դեյ.Ազ»-ը հարցում է անցկացնում ` «Կարո՞ղ է Ադրբեջանում տեղի ունենալ զորահանդես, քանի դեռ բռնազավթված հողերն ազատագրված չեն»: Ընթերցողներին առաջարկվել է 3 տարբերակ.
1.Այո՛, քանի որ այն բարձրացնում է բնակչության ռազմական ոգին: 2.Ո՛չ, մեր ռազմական ուժը պետք է ի ցույց դրվի ռազմի դաշտում: 3. Ինձ համար միևնույնն է:

Առաջին երկու պատասխանները ընթերցողների` գրեթե հավասարապես նախընտրելի պատասխաններն են: Իսկ Դուք ինչպե՞ս կպատասխանեք այս հարցին:

– Անշուշտ, ես հակված եմ առաջին տարբերակին: Զորահանդեսն անհրաժեշտ է` թշնամուն մեր ուժը ցուցադրելու համար:

Դուք կարծում եք` ուժի ցուցադրումը կարող է ներգործե՞լ ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ադրբեջանա-հայկական բանակցությունների գործընթացի վրա:

– Այո՛, վստահ եմ, որ կարող է: Ուստի, ես իմ աջակցությունն եմ հայտնում նմանատիպ գործողություններին: Մեր պայմաններում դրանք անհրաժեշտ են:

Ձեր կարծիքով` պե՞տք է այս մասշտաբի զորահանդեսներ պարբերաբար անցկացվեն կամ առնվազն ավելի հաճախ, քան դա արվել է վերջին մի քանի տարիների ընթացքում` հոբելյանից հոբելյան:

– Անշուշտ, դրանք պետք է տեղի ունենան ավելի հաճախ: Ադրբեջանը, բացի այն, որ զարգացման անցումային շրջանում է, նաև Հայաստանի հետ պատերազմական դրության մեջ է: Մեր հողերը դեռևս բռնազավթված են, և քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, նման մեծամասշտաբ միջոցառումներ պետք է անցկացնել առնվազն տարին մեկ անգամ, նաև` տոների հետ կապված, պետք է զինավարժություններ անցկացնել տարբեր շրջաններում` ներառյալ սահմանային շրջանները: