Jul 26 2008

Ագրեսիվ Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Էկոնոմիստ», 17 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հսկայական ռազմական ծախսերը վկայում են, որ Ադրբեջանը մեծացրել է Լեռնային Ղարաբաղն ու իր մյուս բռնազավթված տարածքները ուժով վերադարձնելու հնարավորությունը: Թեև նախագահի առաջիկա ընտրությունը գործոն է, այս առավել ագրեսիվ դիրքորոշումը պարզապես դատարկ սպառնալիք չէ: Ադրբեջանը հուսահատված է 14-ամյա բանակցությունների ձախողումից և եզրակացրել, որ համոզիչ ռազմական սպառնալիքն այն լավագույն միջոցն է, որը կստիպի Ղարաբաղի հայերին զիջումներ անել, իսկ, եթե դա էլ ձախողվի, նրանց դուրս քշել:

Խոսակցություն պատերազմի մասին
Հուլիսի 16-ին ԵԱՀԿ դիտորդները Լեռնային Ղարաբաղի հրադադարի գծի մի հատվածում չպլանավորված դիտարկում են անցկացրել` անսալով հրադադարի խախտումների մասին երկու կողմերի հայտարարություններին: Մթնոլորտը լարվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի սկզբին հայտարարեց, որ թեև Ադրբեջանը կշարունակի քաղաքական քայլեր կատարել Ղարաբաղը և հայերի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքները վերադարձնելու ուղղությամբ, այդուհանդերձ`«մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք մեր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու»: Նա հավելել էր, որ Ադրբեջանի բանակն ամենահզորն է տարածաշրջանում:

Պարոն Ալիևի հայտարարությանը հետևեցին մեծածավալ բանավեճեր ադրբեջանական մամուլում` ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու շուրջ: Հայ քաղաքական գործիչները հանդես եկան սուր քննադատությամբ` փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ալիևի հայտարարություններին և աջակցություն ստանալ իրենց դիրքորոշմանը: Ղարաբաղի ներսում արձագանքը նվազ դիվանագիտական էր: Հուլիսի 16-ին, այս կազմավորման պաշտպանության նախարարը հայտարարեց, թե բավարար ռազմական կարողություն ունի Ադրբեջանի յուրաքանչյուր հարձակում հետ մղելու համար:

Վերջին շաբաթներին հրադադարի գծում փոխհրաձգությունը փաստում է, որ Ղարաբաղն իրականում սառեցված հակամարտություն չէ, և ընդհանուր առմամբ այդպիսին չի էլ եղել 1994 թվականի զինադադարից ի վեր: Ադրբեջանի համար շատ ավելին է դրված նժարին. բռնազավթվել է նրա տարածքի շուրջ 15 տոկոսը` բացի Ղարաբաղից, նաև Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շրջանները, որոնցից միայն երկուսն են անհրաժեշտ Հայաստանի հետ ցամաքային կապ պահպանելու համար: Յոթ շրջանների զավթումն ավելի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, քան Ղարաբաղի զավթումը, քանզի դրան որևէ քաղաքական արդարացում չկա:

Վերջին տարիներին իրավիճակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել ադրբեջանական կողմում. պատերազմում պարտված բանակը վերափոխվում է` ֆինանսավորվելով երկրի նավքային պաշարների շահագործումից ստացվող մեծ եկամուտներով: Պարոն Ալիևը վերջերս հայտարարել է, որ ռազմական ծախսերը 2003 թվականից սկսած աճել են տասն անգամ և այժմ կազմում են տարեկան 2 միլիարդ դոլար: Սա արդեն իսկ անհամեմատ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեն և դեռ ավելի պիտի աճի: Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկան բավարար չի համարվում վերադարձնելու գրավյալ տարածքները, սակայն դա ցույց է տալիս, որ կա նման մտադրություն: Գիտակցվում է, որ առանցքային գործոնը Ադրբեջանի զինուժի որակն է: Պարոն Ալիևը հունիսին շատ հստակ հայտարարեց, որ բանակն օր օրի ավելի արհեստավարժ է դառնում:

Հիասթափությունը մեծանում է
Ադրբեջանի կառավարության որդեգրած առավել ռազմատենչ տոնը հավանաբար մասամբ պայմանավորված է այս տարվա վերջին նախատեսված նախագահի ընտրությամբ, և Ալիևը գրեթե վստահ է, որ հաղթելու է: Այդուհանդերձ, սխալ է պատերազմի մասին խոսակցությունները վերագրել միայն ընտրությունների գործոնին:

Ադրբեջանը խորապես դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Մինսկի խմբին, որի անդամ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հանձնարարված է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել: 1994 թվականից ի վեր Մինսկի խումբը ոչնչի չի հասել, կամ քիչ բանի է հասել: Ադրբեջանի կարծիքով` Ռուսաստանը գերադասում է հակամարտությունը պահել սառեցված` իր ազդեցությունը Կովկասում պահպանելու համար: Ֆրանսիան համարվում է պասիվ և կողմնապահ` հօգուտ Հայաստանի` պայմանավորված իր երկրում հայկական Սփյուռքի առկայությամբ: Մեծ սպասումներ կան Միացյալ Նահանգներից, սակայն կարծես այս երկիրն էլ չի կարողանում հաղթահարել ռուսական խոչընդոտը (ԱՄՆ-ը նույնպես ազդեցիկ հայկական Սփյուռք ունի):

Ուժային դիվանագիտություն
Մինսկի խմբից հիասթափությունը հասկանալի է, սակայն երևի այնքան էլ տրամաբանական չէ: Հակամարտությունը մնում է սառեցված, ոչ այն պատճառով, որ մեխանիզմներն են սխալ, այլ որովհետև երկու կողմերն էլ չունեն փոխզիջումների գնալու բավարար քաղաքական կամք: Հակամարտությունը փակուղի է մտել, քանի որ եթե ստատուս քվոն անընդունելի է Ադրբեջանի համար, Ղարաբաղի հայերը լիովին բավարարված են դրանով կամ, ավելի ճիշտ, նրանք ստատուս քվոն գերադասում են փոխզիջումներից, որոնց մաս կարող է կազմել Հայաստանի հետ ցամաքային կամրջի կորուստը կամ` Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության ընդունումը: Այս պատճառով էլ ձախողվում է կարգավորման բանակցային գործընթացը:

Մինչ վերջերս Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման սպառնալիքն այնքան լուրջ չէր, որ խառներ Ղարաբաղի հայերի հաշվարկները: Բաքուն կարծես եզրակացրել է, որ առաջ գնալու լավագույն միջոցը հակառակ կողմի հաշվարկները փոխելն է` առավել համոզիչ ռազմական սպառնալիք ներկայացնելու ճանապարհով:

Այդ պատճառով Ադրբեջանի վերազինումն ու առավել ագրեսիվ դիրքորոշումը նախըտրական աղմուկ համարելը սխալ է: Սա արձագանք է հակամարտության կարգավորման ձախողմանը և մատնում է այն համոզմունքը, թե տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը միջոցներից մեկն է` ստիպելու հայկական կողմին առավել ճկուն լինելու բանակցություններում: Ադրբեջանի ղեկավարության համար գործողությունների նման ընթացքը լրացուցիչ գրավչություն ունի, քանի որ այն տարածքներն ուժով վերադարձնելու տարբերակ է ստեղծում, եթե նրա ընդգծված ուժային դիվանագիտությունը ձախողման ենթարկվի:

3 responses so far

3 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 26 Հուլիս 2008թ.-ին, ժամը 13:52

    Միջազգային հարաբերությունների հարցերում մասնագիտացող բրիտանական հեղինակավոր այս հանդեսը հայտնի է իր թուրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշումներով (տե՜ս, օրինակ, «Արարատ» ՌԿ-ի նախորդ մեկնաբանությունը՝ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՆՐԻ ՇՐՋԱՆ. Պանրի պատրաստման գաղտնի դիվանագիտությունը, «Էկոնոմիստ», 22 մայիսի 2008թ.)։ Այս անգամ, սակայն, «Էկոնոմիստ»-ը խոսում է Ադրբեջանի՝ պատերազմ սանձազերծելու նպատակների մասին, «բացատրելով» Բաքվի ռազմամոլությունն իբր չեզոք դիրքերից, իրականում՝ արդարացնելով այն և, միաժամանակ, նախապատրաստելով արևմտյան հասարակական կարծիքը նման զարգացումներին։

    Առաջին իսկ պարբերությամբ, մի քանի հաջորդական քայլերով, հոդվածագիրն ընթերցողին տրամադրում է ադրբեջանական «տեսակետն» դրականորեն ըմբռնել։ Նախ, առանց այս բարդ հակամարտության արմատներն ու պատմությունը թեկուզ հպանցիկորեն ներկայացնելու, անմիջապես նշվում է, թե «Լեռնային Ղարաբաղն ու մյուս բռնազավթված տարածքները» պատկանում են Ադրբեջանին։ Այնուհետև ասվում է, թե «Ադրբեջանը հուսահատված է 14-ամյա բանակցությունների ձախողումից»։ Ապա բերվում է Ադրբեջանի ռազմատենչության նրբանկատ բացատրություն. Բաքուն «եզրակացրել է, որ համոզիչ ռազմական սպառնալիքն այն լավագույն միջոցն է, որը կստիպի Ղարաբաղի հայերին զիջումներ անել»։ Այս ամենից հետո շատ հանգիստ արձանագրվում է Ադրբեջանի բուն նպատակը՝ «դուրս քշել Ղարաբաղի հայերին»։ Ընդ որում, եվրոպական զանազան կառույցներին անդամակցած պետության այս ցեղասպանական մտադրությունը հիշատակվում է առանց որևէ բացասական երանգավորման ու գնահատական տալու։ Երբ խոսքը վերաբերում է Հայկական հարցին՝ Հայաստանի և հայերի անվտանգությանը, ինչպես և հարյուր տարի առաջ, եվրոպական բոլոր արժեքներն ու համաձայնագրերը մոռացության են մատնվում։

    Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները քանիցս հրամցվում են ընդգծված ըմբռնումով, ահավասիկ մեկ օրինակ. «Ադրբեջանի համար շատ ավելին է դրված նժարին. բռնազավթվել է նրա տարածքի շուրջ 15 տոկոսը` բացի Ղարաբաղից, նաև Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շրջանները, որոնցից միայն երկուսն են անհրաժեշտ Հայաստանի հետ ցամաքային կապ պահպանելու համար: Յոթ շրջանների զավթումն ավելի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, քան Ղարաբաղի զավթումը, քանզի դրան որևէ քաղաքական արդարացում չկա»։ Հայկական շահերի և անվտանգության պահանջների մասին քար լռություն է պահպանվում։ Քանիցս ընդգծվում է նաև Ադրբեջանի պատերազմական մտադրությունների լրջությունը, դարձյալ առանց բացասական որևէ վերաբերմունքի։ Փաստորեն, «Էկոնոմիստը» ստանձնել է պատերազմի հրձիգի անպատվաբեր դերը։

    Սույն հոդվածը հայկական կողմը պետք է ընդունի որպես ահազանգ. արևմտյան հասարակական կարծիքն սկսում են լրջորեն նախապատրաստել ադրբեջանական ագրեսիային և դրա հնարավոր հետևանքներին՝ մեղքը հայկական կողմի վրա բարդելով, իհարկե։

  2. Արամէգրել է 27 Հուլիս 2008թ.-ին, ժամը 06:12

    Արևմտյան քաղաքական մտածողության մեջ կա «կառավարելի քաոս» հասկացությունը: Դրա իմաստը եթե նայենք ԱՄՆ-ի ու Բրիտանիայի տեսանկյունից մոտավորապես այսպիսին է: Եվրասիայի ընդարձակ տարածքներում մշտապես պահել լարվածության ու կոնֆլիկտների կառավարելի օջախներ, որոնք կխանգարեն Եվրասիական մեծ տարածքների բնականոն տնտեսական առաջընթացին և նաև միշտ պատրվակ կստեղծեն Ատլանտյան դաշինքին միջամտելու տարբեր տեղեր:
    Ինչպես ԽՍՀՄ-ը մի պահ փորձեց օգտագործել Ղարաբաղյան հարցը իր սեփական պրոբլեմներից մարդկանց շեղելու համար, այնպես էլ միանգամայն հավանական է որ արևմտյան որոշ խառնակիչ ուժեր կարող են հատուկ սանձազերծել պատերազմ մեր տարածաշրջանում որպեսզի լուծեն ինչ ինչ հարցեր:

    Որպեսզի Հայաստանը ակամա չդառնա նման դժնդակ սցենարի պարտադրված մասնակից պետք է այդպիսի երևույթները հենց նախնական ծագման փուլում կասեցնել: Օրինակ կարելի է նախապայման դնել որ Ադրբեջանը պարտավորվում է ռազմական գործողությունների չդիմելու ինչպես դա օրինակ պահանջում է Աբխազիան: Իհարկե քաջ գիտակցելով որ այդ փաստաթուղթը կունենա զուտ հոգեբանական իմաստ, և իրական երաշխիքը որ պատերազմ չլինի դա շատ հզոր բանակն է:

  3. ԶՈՀՐԱՊգրել է 23 Հունվար 2009թ.-ին, ժամը 09:15

    Ադրբեջանը այնքան է հզորացել, որ կարող է իրեն թույլ տալ նույնիսկ , <> <> ռադիոկայանների իր տարածքում չհեռարձակելու պահանջ դնել, իսկ որ վերջիններս Արևմուտքի քարոզչական գործիքներն են, փաստ է, այն որ օր` <> ռկ-ն Հայաստանում ստանձնել էր ընդդիմության ձայնը տարածելու պարտականությունը մեր երկրում 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ և դրանից հետո, մեծապես նպաստելով ընդդիմադիր ուժերի հզորացմանը, փոստ է: Իսկ Ադրբեջանն էլ արդեն չի ցանկանում նույնիսկ այդպիսի վտանգ ունենալ և այնքան ուժ ունի, որ կարող է դեմ գնալ ավելի հզոր ուժերի և հասնել իր ուզածին:
    Իակ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցներիում ադրբեջանամետ հոտվածներին, ապա դրանց տարածումը ավելի դյուրին է, քանի որ այդ երկրում ամեն ինչ հնարավոր է, եթե ունես գումար, բացի այդ, կներեք արտահայտությանս, մեր ռազմավարական գործընկերը` Ռուսաստանը, պակաս փայփայանքով չի նայում նաև Ադրբեջանին: