- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ագրեսիվ Ադրբեջան. Ադրբեջանը խոսում է պատերազմելու մասին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի

«Էկոնոմիստ», 17 հուլիսի 2008թ.
Աղբյուրը` (The Economist)
«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Հսկայական ռազմական ծախսերը վկայում են, որ Ադրբեջանը մեծացրել է Լեռնային Ղարաբաղն ու իր մյուս բռնազավթված տարածքները ուժով վերադարձնելու հնարավորությունը: Թեև նախագահի առաջիկա ընտրությունը գործոն է, այս առավել ագրեսիվ դիրքորոշումը պարզապես դատարկ սպառնալիք չէ: Ադրբեջանը հուսահատված է 14-ամյա բանակցությունների ձախողումից և եզրակացրել, որ համոզիչ ռազմական սպառնալիքն այն լավագույն միջոցն է, որը կստիպի Ղարաբաղի հայերին զիջումներ անել, իսկ, եթե դա էլ ձախողվի, նրանց դուրս քշել:

Խոսակցություն պատերազմի մասին
Հուլիսի 16-ին ԵԱՀԿ դիտորդները Լեռնային Ղարաբաղի հրադադարի գծի մի հատվածում չպլանավորված դիտարկում են անցկացրել` անսալով հրադադարի խախտումների մասին երկու կողմերի հայտարարություններին: Մթնոլորտը լարվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի սկզբին հայտարարեց, որ թեև Ադրբեջանը կշարունակի քաղաքական քայլեր կատարել Ղարաբաղը և հայերի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքները վերադարձնելու ուղղությամբ, այդուհանդերձ`«մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք մեր հողերը ռազմական ճանապարհով ազատագրելու»: Նա հավելել էր, որ Ադրբեջանի բանակն ամենահզորն է տարածաշրջանում:

Պարոն Ալիևի հայտարարությանը հետևեցին մեծածավալ բանավեճեր ադրբեջանական մամուլում` ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու շուրջ: Հայ քաղաքական գործիչները հանդես եկան սուր քննադատությամբ` փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ալիևի հայտարարություններին և աջակցություն ստանալ իրենց դիրքորոշմանը: Ղարաբաղի ներսում արձագանքը նվազ դիվանագիտական էր: Հուլիսի 16-ին, այս կազմավորման պաշտպանության նախարարը հայտարարեց, թե բավարար ռազմական կարողություն ունի Ադրբեջանի յուրաքանչյուր հարձակում հետ մղելու համար:

Վերջին շաբաթներին հրադադարի գծում փոխհրաձգությունը փաստում է, որ Ղարաբաղն իրականում սառեցված հակամարտություն չէ, և ընդհանուր առմամբ այդպիսին չի էլ եղել 1994 թվականի զինադադարից ի վեր: Ադրբեջանի համար շատ ավելին է դրված նժարին. բռնազավթվել է նրա տարածքի շուրջ 15 տոկոսը` բացի Ղարաբաղից, նաև Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում գտնվող շրջանները, որոնցից միայն երկուսն են անհրաժեշտ Հայաստանի հետ ցամաքային կապ պահպանելու համար: Յոթ շրջանների զավթումն ավելի մեծ զայրույթ է առաջացրել Ադրբեջանում, քան Ղարաբաղի զավթումը, քանզի դրան որևէ քաղաքական արդարացում չկա:

Վերջին տարիներին իրավիճակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել ադրբեջանական կողմում. պատերազմում պարտված բանակը վերափոխվում է` ֆինանսավորվելով երկրի նավքային պաշարների շահագործումից ստացվող մեծ եկամուտներով: Պարոն Ալիևը վերջերս հայտարարել է, որ ռազմական ծախսերը 2003 թվականից սկսած աճել են տասն անգամ և այժմ կազմում են տարեկան 2 միլիարդ դոլար: Սա արդեն իսկ անհամեմատ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեն և դեռ ավելի պիտի աճի: Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկան բավարար չի համարվում վերադարձնելու գրավյալ տարածքները, սակայն դա ցույց է տալիս, որ կա նման մտադրություն: Գիտակցվում է, որ առանցքային գործոնը Ադրբեջանի զինուժի որակն է: Պարոն Ալիևը հունիսին շատ հստակ հայտարարեց, որ բանակն օր օրի ավելի արհեստավարժ է դառնում:

Հիասթափությունը մեծանում է
Ադրբեջանի կառավարության որդեգրած առավել ռազմատենչ տոնը հավանաբար մասամբ պայմանավորված է այս տարվա վերջին նախատեսված նախագահի ընտրությամբ, և Ալիևը գրեթե վստահ է, որ հաղթելու է: Այդուհանդերձ, սխալ է պատերազմի մասին խոսակցությունները վերագրել միայն ընտրությունների գործոնին:

Ադրբեջանը խորապես դժգոհ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: Մինսկի խմբին, որի անդամ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, հանձնարարված է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրել: 1994 թվականից ի վեր Մինսկի խումբը ոչնչի չի հասել, կամ քիչ բանի է հասել: Ադրբեջանի կարծիքով` Ռուսաստանը գերադասում է հակամարտությունը պահել սառեցված` իր ազդեցությունը Կովկասում պահպանելու համար: Ֆրանսիան համարվում է պասիվ և կողմնապահ` հօգուտ Հայաստանի` պայմանավորված իր երկրում հայկական Սփյուռքի առկայությամբ: Մեծ սպասումներ կան Միացյալ Նահանգներից, սակայն կարծես այս երկիրն էլ չի կարողանում հաղթահարել ռուսական խոչընդոտը (ԱՄՆ-ը նույնպես ազդեցիկ հայկական Սփյուռք ունի):

Ուժային դիվանագիտություն
Մինսկի խմբից հիասթափությունը հասկանալի է, սակայն երևի այնքան էլ տրամաբանական չէ: Հակամարտությունը մնում է սառեցված, ոչ այն պատճառով, որ մեխանիզմներն են սխալ, այլ որովհետև երկու կողմերն էլ չունեն փոխզիջումների գնալու բավարար քաղաքական կամք: Հակամարտությունը փակուղի է մտել, քանի որ եթե ստատուս քվոն անընդունելի է Ադրբեջանի համար, Ղարաբաղի հայերը լիովին բավարարված են դրանով կամ, ավելի ճիշտ, նրանք ստատուս քվոն գերադասում են փոխզիջումներից, որոնց մաս կարող է կազմել Հայաստանի հետ ցամաքային կամրջի կորուստը կամ` Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության ընդունումը: Այս պատճառով էլ ձախողվում է կարգավորման բանակցային գործընթացը:

Մինչ վերջերս Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման սպառնալիքն այնքան լուրջ չէր, որ խառներ Ղարաբաղի հայերի հաշվարկները: Բաքուն կարծես եզրակացրել է, որ առաջ գնալու լավագույն միջոցը հակառակ կողմի հաշվարկները փոխելն է` առավել համոզիչ ռազմական սպառնալիք ներկայացնելու ճանապարհով:

Այդ պատճառով Ադրբեջանի վերազինումն ու առավել ագրեսիվ դիրքորոշումը նախըտրական աղմուկ համարելը սխալ է: Սա արձագանք է հակամարտության կարգավորման ձախողմանը և մատնում է այն համոզմունքը, թե տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը միջոցներից մեկն է` ստիպելու հայկական կողմին առավել ճկուն լինելու բանակցություններում: Ադրբեջանի ղեկավարության համար գործողությունների նման ընթացքը լրացուցիչ գրավչություն ունի, քանի որ այն տարածքներն ուժով վերադարձնելու տարբերակ է ստեղծում, եթե նրա ընդգծված ուժային դիվանագիտությունը ձախողման ենթարկվի: