Oct 01 2008

Թուրքիան և Հայաստանը դանդաղորեն առաջ են շարժվում

Տպել այս հոդվածը Տպել այս հոդվածը

«Լոս Անջելես Թայմզ», 16 սեպտեմբերի 2008թ.
Աղբյուրը՝ (Los Angeles Times)
Հյու Փոուփ (Hugh Pope)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Ֆուտբոլային խաղի առիթով հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարներն սկսում են աշխատել ապագայի համար՝ անցյալից կառչելու փոխարեն:

Ֆուտբոլը հիասթափեցնող էր. չկապակցված խաղ` անհարթ դաշտի վրա, ուր մոլեգնում էր քամին ու հաճախ շեղում փոխանցումների ուղղությունը: Այդուհանդերձ, սեպտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած` ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան-Թուրքիա ընտրական խաղը գրեթե անհավատալի իրադարձություն էր: Խնդիրը թուրքերի 2:0 հաշվով տարած հաղթանակը չէ: Բոլորի հայացքներն ուղղված էին մարզադաշտում կողք-կողքի նստած` (թեև զրահապատ ապակու ետևում) երկու երկրների նախագահների վրա. Կովկասի ամենադառը պատմական ժառանգություններից մեկը հաղթահարելու երկուստեք խիզախ քայլ էր դա:

Մինչ այդ, թուրքական պետության որևէ ղեկավար չէր այցելել Հայաստան: Այցն ավելի էր նշանավորվում նրանով, որ տեղի էր ունենում մեկ ամիս չանցած այն օրից, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան` իրադարձություն, որ Կովկասն աղետի եզրին կանգնեցրեց: Այցը միջազգային ասպարեզում ուժերի վերադասավորման գործընթացի մաս էր կազմում: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը, սակայն, միևնույն ժամանակ կախված է ռուսական էներգակիրներից, հանդես է գալիս Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան համախմբող տարածաշրջանային դիվանագիտական նախաձեռնությամբ:

Այս համատեքստում հայերն ու թուրքերն աշխատում են բաց չթողնել հնարավորությունն` ազատելու իրենց ապագան պատմությանը պատանդ դարձած վիճակից: Սա ներառում է նաև քննարկումները հայերի պահանջի շուրջ, որ թուրքերը ճանաչեն 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունը, որը 1,5 միլիոն հայերի, մեծ մասամբ` կանանց և երեխաների, կյանք է խլել: 1923թ. այդ կայսրությունը ժառանգած Թուրքիան ընդունում է, որ հարյուր հազարավոր մարդիկ կոտորածների, բռնի տեղահանությունների, սովի ու հիվանդությունների զոհ են դարձել, սակայն ասում է` Առաջին համաշխարհային պատերազմն էր, ու շատ թուրքեր էլ սպանվել են հայերի ձեռքով, և որ հայ աշխարհազորայինները բացահայտ սատարում էին Օսմանյան կայսրության վրա հարձակված թշնամուն՝ ռուսներին:

Սակայն միայն հայկական կողմը չէ, որ պետք է դառնություն հաղթահարի: 1973-ից մինչև 1994 թվականը հայերի հարձակումներից աշխարհում սպանվել են Թուրքիայի արտգործնախարարության 42 աշատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ 1973-ին և 1982-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսները` Սանտա Բարբարայում և Լոս Անջելեսում: Ի աջակցություն Ադրբեջանի` Թուրքիան փակեց Հայաստանի հետ իր սահմանը 1988-94թթ. ղարաբաղյան պատերազմի տարիներին, որի ընթացքում մեծ մասամբ հայաբնակ այդ անկլավի ինքնորոշման համար պայքարող հայերը գրավեցին Ադրբեջանի տարածքի ավելի քան 15%-ը և 700.000-ից ավել ադրբեջանցիների արտաքսեցին իրենց տներից (ավելի քան 400.000 հայեր էլ գաղթել կամ դուրս են քշվել Ադրբեջանից):

Կողմերի միջև պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երևան նման չէր որոտի՝ պարզ երկնքից:

Վերջին տարիներին Թուրքիան առաջ է քաշում այն գաղափարը, որ ցեղասպանության հարցը պետք է հանձնել պատմաբանների` երկուստեք ընդունելի և չեզոք հանձնաժողովի ուսումնասիրությանը, թեև Սփյուռքում ապրող շատ հայեր, հիմնականում` Կալիֆոռնիայում, Ֆրանսիայում և Լիբանանում, ցանկանում են հասնել ցեղասպանության լիարժեք ճանաչման` նախքան դիվանագիտական հարաբերությունների նորմալացումը: Ապրիլին Հայաստանը նախագահ ընտրեց Սարգսյանին, որն էլ սկսեց շեշտել, թե Հայաստանը ցանկանում է հարաբերությունների նորմալացում: Հայ և թուրք դիվանագետների միջև նախկինում գաղտնի հանդիպումներն այժմ ավելի թափանցիկ են, իսկ առաջընթացն` ավելի նկատելի:

Կովկասում կայունություն պահպանելուց զատ, Թուրքիան Հայաստանին ձեռք մեկնելու մի շարք այլ պատճառներ ունի: Տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու նպատակով` Թուրքիան ջանում է բարելավել հարաբերություններն իր բոլոր 10 բարդ հարևանների հետ, հատկապես` Կիպրոսի. այս հարցում նա պաշտպանում է կարգավորման այն տարբերակը, որը թույլ կտա Կիպրոսի թուրքական հատվածին վերամիավորվել կղզու մնացած մասի հետ: Նա փորձում է ցույց տալ, որ ի զորու է վեճեր հարթել` ցանկանալով այդպիսով խթանել Եվրամիությանն իր անդամակցության շուրջ բանակցությունները: Թուրքիան նաև բարոյական միավորներ ձեռք բերելու կարիք ունի հայկական լոբբիի դեմ իր պայքարում. գրեթե վստահաբար կարելի է ասել, որ վերջինս հաջորդ տարի նորից կփորձի հասնել հայկական ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ԱՄՆ-ի կողմից:

Տարածաշրջանում տիրող անհանգստությունը մտահոգում է նաև 1991-ին Խորհրդային Միության կազմից դուրս եկած Հայաստանին: Երկրի ապագան այլևս անվտանգ չի թվում` հաշվի առնելով Հայաստանի` գրեթե ամբողջական ռազմավարական կախվածությունը նորից վճռական վարք որդեգրած Ռուսաստանից, իր «բարդ» հարևան Իրանի հետ սահմանը, և այն, որ երկրի արտաքին առևտրի շուրջ 70%-ն իրականացվում է անկայուն Վրաստանի տարածքով:

Մարզադաշտում սպասվածից քիչ սուլոցներ ու ֆշշոցներ լսվեցին` Գյուլին ուղղված, ազգայնական կուսակցությունները խլացրին իրենց բողոքի ձայնը, իսկ ավտոշարասյան երթուղու ողջ երկայնքով կանգնած մի քանի հարյուր բողոքավորները ցեղասպանությունը ճանաչել պահանջող պաստառներ էին պահել միայն: Հանդիպման մասնակիցների ասելով` պաշտոնյաների միջև շփումն իրոք ջերմ էր, և նրանք վերստին պարզեցին, թե որքան նման են թուրք և հայ ժողովուրդների խոհանոցն ու հասարակական մշակույթը:

Թուրքիայում, միևնույն ժամանակ, գրեթե բոլոր գլխավոր լրատվամիջոցների մեկնաբանները ողջունեցին Գյուլի` Հայաստան գնալու որոշումը, իսկ հասարակական կարծիքի հարցման արդյունքում թուրքերի երկու-երրորդը հավանություն է տվել այցին: Թուրք բարձրաստիճան նախկին մի դիվանագետ կարծիք է հնչեցրել, թե Թուրքիան ճիշտ կվարվի, եթե դեսպաններ փոխանակի, բացի սահմանը, ներողություն խնդրի 1915թ. իրադարձությունների համար և փոխհատուցում կամ նույնիսկ` քաղաքացիություն առաջարկի արտաքսվածների զավակներին:

Թուրքիային և Կովկասին այդքան վնաս հասցրած վեճը, հավանաբար, սկսել է նահանջել: Ինչպես Գյուլն է ասել. «Մենք բոլորս նույն հողագնդի երեխաներն ենք, և ունենք թե՛ դառը և թե՛ քաղցր հիշողություններ»:

Հյու Փոուփ
«Թուրքիան առանց դիմակի. ժամանակակից Թուրքիայի պատմությունը» գրքի հեղինակ,
Թուրքիայի գծով ծրագրերի տնօրեն, Միջազգային ճգնաժամային խումբ

2 responses so far

2 մեկնաբանություն

  1. «Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունըգրել է 01 Հոկտեմբեր 2008թ.-ին, ժամը 08:45

    Հոդվածի հեղինակը ներկայացնում է «Միջազգային ճգնաժամային խումբ»-ը։ Այդ կազմակերպության կառուցվածքի, Թուրքիայի և թուրքամետ ուժերի հետ կապի մասին արդեն ահազանգվել է (կարող եք կարդալ Անդրեյ Արեշևի «Ով ով է Միջազգային ճգնաժամային խմբում» հոդվածում (ռուսերեն)): Այս փաստն ինքնին բացատրում է տվյալ հոդվածի բացահայտ թուրքամետ և միակողմանի քարոզչական բնույթը:

    Անդրադառնանք այս հոդվածի մի քանի մանրամասների:

    Հոդվածագիրը նշում է. «Սակայն միայն հայկական կողմը չէ, որ պետք է դառնություն հաղթահարի: 1973-ից մինչև 1994 թվականը հայերի հարձակումներից աշխարհում սպանվել են Թուրքիայի արտգործնախարարության 42 աշատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ…»

    Չեզոքության և անկողմնապահության պատրանքի քողի տակ, հոդվածագիրը զուգահեռներ է անցկացնում և գրեթե հավասարության նշան դնում Հայոց ցեղասպանության և վերը մեջբերված գործողությունների միջև: Դա առնվազն անբարոյական է. այս երկու երևույթներն անհամազոր ու անհամեմատելի են բոլոր առումներով` իրականացնող կողմերի ու նրանց նպատակների, նրանց գործողությունների հետևանքների ու ծավալների և այդ գործողություններին տրված պատմական, բարոյական ու իրավական գնահատականների: Բացատրենք:

    Առաջին, այդ տարիներին թուրք դիվանագետների դեմ հարձակումներն իրականացրել են Հայոց ցեղասպանության դժոխքը վերապրածների սերունդների առանձին ներկայացուցիչներ, որոնք չեն ներկայացրել ո՛չ Սովետական Հայաստանը, ո՛չ էլ հետագայում` Հայաստանի Հանրապետությունը, չեն ստացել վերջիններից քաղաքական, նյութական կամ ծրագրային որևէ աջակցություն կամ խրախուսանք: Պատկերը տրամագծորեն այլ է Ցեղասպանության խնդրում. այն հետևողականորեն և տարիների ընթացքում ծրագրվել, կազմակերպվել և իրականացվել է պետության` Օսմանյան կայսրության, այնուհետև` նրա իրավահաջորդ Թուրքիայի կողմից: Ավելին, հայ առանձին վրիժառուների գործողությունները վաղուց դադարել են, սակայն Թուրքիայի` Հայաստանի և հայ ժողովրդի դեմ վարվող հետևողականորեն թշնամական քաղաքականությունը` ոչ:

    Արևմտյան «փորձագիտական» բազմաթիվ հրապարակումներ ղարաբաղյան հակամարտության մասին հիշատակում են միայն Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումն ու Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ աջակցությունը արդարացնելու և Ադրբեջանի` այսպես կոչված տարածքային («անարդար») կորուստներն ընդգծելու նպատակով: Արցախյան հակամարտության պատմությունը, պատճառները, ընթացքը և հետևանքները, որպես կանոն, մնում են չլուսաբանված կամ խեղաթյուրված: Հոդվածագիրը կարևորում է միայն հակամարտության` Ադրբեջանին «բաժին հասած» հետևանքները` տարածքներ և փախստականներ, իսկ հարյուր հազարավոր հայ փախստականների մասին նշում է ի միջի այլոց` փակագծերի մեջ, որպես ոչ այնքան կարևոր փաստ:

    Դժվար է չտեսնել այս հոդվածում (և վերջերս` մի շարք այլ հրապարակումներում), որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավում խաղալով, Թուրքիայի գերակա նպատակներից մեկը Ցեղասպանության խնդրի արծարծմանը մեկընդմիշտ վերջ դնելն է: Վտանգավոր փաստ, որը կարծես, անտարբեր է թողնում հայ հասարակության մեծամասնությանը:

    Հեղինակը նշում է. «Երկրի ապագան այլևս անվտանգ չի թվում` հաշվի առնելով Հայաստանի` գրեթե ամբողջական ռազմավարական կախվածությունը նորից վճռական վարք որդեգրած Ռուսաստանից, իր «բարդ» հարևան Իրանի հետ սահմանը, և այն, որ երկրի արտաքին առևտրի շուրջ 70%-ն իրականացվում է անկայուն Վրաստանի տարածքով»:

    Հայաստանի առաջ ծառացած անվտանգության մարտահրավերների շարքում հեղինակը չի հիշատակում ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ գոնե Ադրբեջանը` նկատելու չի տալիս ո՛չ չլուծված հակամարտությունը, ո՛չ էլ Ադրբեջանի արագ տեմպերով սպառազինումն ու ռազմատենչ հայտարարությունները: Հոդվածագիրը շեշտում է միայն այն գործոնները, որոնք անհանգստացնում են Արևմուտքին, թերևս նաև` Թուրքիային ու Ադրբեջանին` Հայաստանի ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, Իրան-Հայաստան դրականորեն զարգացող հարաբերությունները և երկու երկների միջև ֆիզիկապես առկա և բաց սահմանը:

    Այս հոդվածում իր` երևի թե ամենասադրիչ հայտարարությունը հեղինակը «խնայել է» ամփոփիչ խոսքի համար. «Թուրքիային և Կովկասին այդքան վնաս հասցրած վեճը, հավանաբար, սկսել է նահանջել», գրում է նա (ավարտելով Գյուլից խրատական մի մեջբերումով):

    Նախ, Հայոց ցեղասպանության ողբերգությունը և հայ ժողովրդին ու հայկական պետականությանը հասցրած նրա անդառնալի կորուստները հեղինակը որակում է ընդամենը որպես «վեճ»: Այդ «վեճն» էլ, պարզվում է, մեծ վնասներ է հասցրել ոչ թե հայ ժողովրդին, այլ Կովկասին և Թուրքիայի՛ն… Հաջորդ փուլում էլ, հավանաբար, կառաջարկվի, որ հայ ժողովուրդը ներողություն խնդրի Թուրքիայից նրան «հասցրած այդքան վնասի» համար:

  2. Aramգրել է 02 Հոկտեմբեր 2008թ.-ին, ժամը 17:24

    Ну что тут говорить о турках и о турции. Они всегда были фальшивыми и двуликими, И таким образом всегда шли вперед и добивались своей цели. Сейчас действуют таким же образом, нам просто надо быть осторожным во всех отношениях. Народная мольва гласит: “Когда турок чувствует, что не может победить тебя, он льстиво целует твою руку, предлагая свою дружбу и братство, естественно ты расслабляешься и притупляется твое чувство ОПАСНОСТИ. Он потом легко схватывает твою голову, а душит через шею.