- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Բողոքարկված նախագահական ընտրություններ Երևանում

«Լը Մոնդ Դիպլոմատիկ», ապրիլ 2008թ.
Աղբյուրը` (Le Monde Diplomatique)
Ժան Գեյրա (Jean Gueyras)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Բողոքարկված նախագահական ընտրություններ Երևանում
Վտանգավոր անկայունություն Հայաստանում

Արյունալի պատժամիջոցները, որ մարտի 1-ին՝ նախագահական ընտրության արդյունքները բողոքարկող հանրահավաքներից հետո, ծանր դրության մեջ գցեցին Երևանը, ստեղծել են ուժեղ լարվածություն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Վերջինս հավանաբար կորոշի «կասեցնել» իր տնտեսական օգնության մի մասը: Փոխարենը, պրն. Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է նոր նախագահ Սերժ Սարգսյանին և մարտի 24-ին ընդունել նրան Մոսկվայում` երկու երկրների միջև ապագա հարաբերությունները քննարկելու համար:

Ըստ Հայաստանի իշխանությունների` յոթ քաղաքացիական անձինք և մեկ ոստիկանության սպա է սպանվել մարտի 1-ի գիշերը Երևանում, հարյուր երեսուներեք մարդ վիրավորվել է, որոնցից կեսը` ոստիկաններ: Հանրահավաքի մասնակիցները բողոքում էին նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած «կեղծիքների» դեմ: Դժվար է ստուգել այդ թվերը գրաքննության պատճառով, որը փակեց մամուլի բերանը արտակարգ իրավիճակի հաստատումից հետո 1: Հյումըն Ռայթս Ուոչ հումանիտար կազմակերպությունը հայտնաբերել է, որ ոստիկանությունն օգտագործել է միջազգային օրենքով արգելված մահաբեր զենք: Ավելի քան հարյուր ընդդիմադիրներ ձերբակալվել են և կարող են դատվել` «իշխանության բռնազավթման [փորձի] և խժդժություններ հրահրելու» համար:

Ուրեմն պատժամիջոցներից վիրավոր ու վայրագությունից ընկճված երկրում և արտակարգ դրության քսան օրերի ընթացքում է, որ ապրիլի 9-ին պրն. Սերժ Սարգսյանը հայտնվում է որպես երկրի ղեկավար: Հազիվ ընտրված լինելով (ընտրողների ձայների 52.9%)` նա հասկանում է, որ հավատն ու վստահությունը իր նկատմամբ խիստ վտանգված են. այն աստիճան, որ փետրվարի 19-ի նախագահական ընտրության ժամանակ իր թեկնածությունը դնելը նմանվում է Պյուռոսի հաղթանակին: Երևանի ազդեցիկ Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանի գնահատականով` երկրի նոր ղեկավարը վերջին հաշվով եղել է իր նախորդի (ընկեր բայց և ախոյան) երկատվածության զոհը: Ըստ նրա, «հանրահավաքի մասնակիցների դեմ բռնության կիրառումը կազմակերպվել է [պրն. Ռոբերտ] Քոչարյանի կողմից և լրջորեն վարկաբեկել է Սարգսյանի լեգիտիմությունը»: Մինչդեռ նրանք երկուսն էլ իրար շատ կապված են:

Պրն. Սարգսյանը ծագումով Լեռնային Ղարաբաղից է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ինքնավար մարզ է` բնակեցված մեծամասամբ հայերով, որը 1990-ականներին զենքը ձեռքին նվաճել է իր «անկախությունը»` այն համալրելով ադրբեջանական տարածքի մի հատվածի գրավումով:
1990-ին գալով «հայրենիք»` նա գլխավորել է ներքին, ազգային անվտանգության, իսկ 2000-ին` պաշտպանության կարևորագույն նախարարությունները` մինչև 2007-ին կառավարության գլուխ անցնելը: Իր առաջխաղացումների այսօրինակ հեղեղի մեծ մասի համար նա պարտական է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին` նույնպես ծագումով Լեռնային Ղարաբաղից, որի հետ կիսում է նույն տեսլականը:

Ի դեպ, այդ երկու մարդիկ եղան 1998-ին այն մարդու վտարման հիմնական մեղավորները, որը սակայն հովանավորել էր Երևանի ղեկավար ընտրախավում նրանց ինտեգրումը։ Այդ մարդը հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Վերջինս ստիպված էր հրաժարական տալ, որովհետև Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար առաջարկել էր փոխզիջումային տարբերակ, որն ընդունվել էր որպես չափից դուրս նպաստավոր ադրբեջանական թշնամու համար 2:

Այնուհետև երկու համախոհներին կասկածեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրականացման մեջ: Այդ օրն ավտոմատ հրացաններով զինված հինգ հոգի ներխուժել էին Ազգային Ժողովի դարպասից ներս և սպանել ութ մարդու, որոնցից երկուսը ժամանակի ուժեղ մարդկանցից էին. վարչապետ Վազգեն Սարգսյան` ազգային հերոս Լեռնային Ղարաբաղի պատերազմում իր ունեցած դերի համար և Ազգային Ժողովի ժողովրդական ու խարիզմատիկ նախագահ Կարեն Դեմիրճյան 3:

Անժխտելիորեն այդ սպանություններից հիմնական օգուտ ստացողները եղան նախագահ Քոչարյանը, որին նրա վարչապետ Վազգեն Սարգսյանը «դուրս էր գրել»` տալով զուտ պատվավոր մի դեր, և Սերժ Սարգսյանը` այն ժամանակվա ազգային անվտանգության նախարար: Տրամաբանորեն վերջինիս հանդեպ պետք է պատիժ կիրառվեր` հանցավոր անփութության կամ անձեռնահասության համար: Ոչինչ տեղի չունեցավ` նրան նույնիսկ առաջ մղեցին դեպի պաշտպանության նախարարություն:

Պալատական հեղափոխություն
Այսպիսով` հոկտեմբերի 27-ի ոճիրը ոչ թե ազգայնամոլական ծայրահեղական հրոսակախմբի արարք էր, ինչպես ներկայացվել էր, այլ պալատական հեղափոխության պտուղ, որն իշխանության բերեց մի նախագահի, որը մինչ այդ ընդամենը խորհրդանշական դեր ուներ: Գլխավոր դատախազ Գագիկ Ջհանգիրյանը 4, որը փորձեց ընդարձակել պաշտոնական հետաքննության ծավալները` պարզելու համար, թե արդյոք այդ հինգ հոգուն մոլորեցրել էին, անմիջապես հեռացվեց գործի քննությունից 5 նա հեռացվեց աշխատանքից` փետրվարի 19-ի ընտրության արդյունքները կասկածի տակ դնելու պատճառով և ձերբակալվեց “արգելված զենք կրելու” համար: Կառավարության բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ արտգործնախարարի տեղակալը և չորս բարձրաստիճան դիվանագետներ, զրկվել են իրենց պաշտոններից պրն. Տեր-Պետրոսյանին աջակցելու համար: ] : Իսկ պրն. Արամ Սարգսյանը, որը վարչապետ էր նշանակվել իր եղբոր` Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու համար, այդ պաշտոնից հեռացվեց առանց այլևայլության: Այդ օրվանից ճանապարհը լրիվ բացվեց պրն. Քոչարյանի ռեժիմի ամրապնդման համար` հավակնոտ Սերժ Սարգսյանի աջակցությամբ:

Ահա արդեն երկու տարի է, ինչ երկու դաշնակիցների միջև անհամաձայնության նշաններ են նշմարվում` նախագահ Քոչարյանի հետևորդի հարցի հետ կապված: Սահմանադրության համաձայն` վերջինս չէր կարող երրորդ անգամ վերընտրվել: Այնուամենայնիվ, նա ցանկանում էր ընտրել տալ իրեն նվիրված մարդու, որի ամենակարող վարչապետը ինքը կդառնար ի վերջո, գործարք, որը համարժեք է Ռուսաստանում պրն. Վլադիմիր Պուտինի գտած լուծմանը:

Սույն ծրագիրը պրն. Սարգսյանի սրտով չէր. նա շատ վաղուց երազում էր հաջորդել իր գործակցին (complice) 6 հանրապետության նախագահի պաշտոնում: Իրենց կամքը պարտադրելու համար ախոյաններից յուրաքանչյուրն իր առջև նպատակ դրեց 2007-ի մայիսի ընտրությունների ժամանակ Ազգային Ժողովում մեծամասնություն ապահովել: Պաշտպանության նախարար Սարգսյանը 2007-ի մայիսին դառնալով կառավարության ղեկավար` ձեռք բերեց Հանրապետական կուսակցության վերահսկիչ փաթեթը. նա մտել էր կուսակցություն որպես շարքային անդամ, հետո ստանձնել Հանրապետականի նախագահությունը ու այն վերածել ընտրական սարսափելի գործիքի: Իր հերթին նախագահ Քոչարյանը հույսը դնում էր Բարգավաճ Հայաստանի աջակցության վրա, կուսակցություն, որը հիմնադրվել էր 2006-ին իր իսկ դրդմամբ, իր բարեկամ Գագիկ Ծառուկյանի կողմից, գերհարուստ և գրոտեսկային օլիգարխ` «Դոդի Գագո» (դեբիլ դոդոշ – crapaud débile) մականվամբ: Լինելով հսկայական հարստության տեր (ոմանք այն գնահատում են 500 միլիոն դոլար) և քառասունին հասնող առևտրային փթթուն գործարանների սեփականատեր` պրն. Ծառուկյանը վստահ էր իր նորածնի հաղթանակում` հաշվի առնելով, որ ամեն ինչ գնման ենթական է:

Չնայած օլիգարխի կողմից մեծահոգաբար բաժանված ընտրանպաստներին Հանրապետական կուսակցությունը, շնորհիվ իր նոր նախագահի և ձեռքի տակ ունենալով կառավարության վարչական ռեսուրսները, մայիսի 12-ի Ազգային Ժողովի ընտրություններում տարավ լիակատար հաղթանակ` իրենից շատ հետ թողնելով Բարգավաճ Հայաստանին: Ի դեպ, դա ծառայեց որպես «նախնական ընտրություն» 2008-ի փետրվարի նախագահականի համար` ստիպելով երկրի նախագահին հաշտվել քվեատուփերի վճռի հետ: Նախագահական և կառավարական ոչ պաշտոնական խողովակներն անմիջապես շտապեցին հավաստիացնել, որ պրն. Սարգսյանը նախագահի «նախընտրած թեկնածուն» է:

Հանրապետական կուսակցության անսպասելի և կտրուկ շրջադարձի շնորհիվ կուսակցությունը զբաղեցնում է Ազգային Ժողովի 131 աթոռների կեսից ավելին: Դա չի բացատրվում միայն ընտրախախտումներով, որոնք դարձել են քննարկումների մշտական թեմա, այլ նաև` առկա ընդդիմության քաղաքական անկումով, որը կաթվածահար է եղել իր ղեկավարների անձնական հավակնությունների և նրանցից մի քանիսի` վարչապետին ենթակա ծառայությունների կողմից մոլորեցվելու պատճառով: Ուստի և թվում էր, թե ոչինչ պետք է որ չխանգարեր պրն. Սարգսյանի` պետության գլուխ հասնելու խնամքով նախապատրաստված ընթացքին:

2007-ի սեպտեմբերի անսպասելի հայտարարությունը, ըստ որի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրում էր իր թեկնածությունը, հանկարծակիի բերեց երկրի ղեկավարներին, որոնք գործնականորեն մոռացել էին նրա գոյության մասին: Մոտ տասը երկար տարիների ընթացքում, նա մտածված ձեռնպահ էր մնացել ամեն տեսակ քաղաքական գործունեությունից` իրեն ամբողջովին նվիրելով համալսարանական աշխատանքին 7:

Իր մոտ ընկերների և համագործակիցների համառ պնդումներին նա պատասխանում էր, որ որոշում կկայացնի, երբ պահը գա` իրավիճակի բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո: Բազմաթիվ շաբաթների ընթացքում երկրով մեկ շրջայցեր կատարելուց հետո նա հաստատեց, որ ծանրութեթև է արել ներկա վարչակարգի ժողովրդականության չափազանց ցածր աստիճանը և իր քաղաքական վերադարձի նկատմամբ ժողովրդի աջակցությունը: Ուստի և նա որոշեց նետվել նախագահական պայքարի մեջ` ընդդեմ նրանց, ում այդ օրվանից որակում էր «ավազակապետություն» և «հանցավոր վարչակարգ»:

Իշխանության լիակատար վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցներից մերժվելով` նա բազմապատկեց հանրահավաքների քանակը` իշխանությանը քննադատելու և իր գաղափարները տարածելու համար: Ըստ նրա կառավարության ամենամեծ հանցանքն այն է, որ ներկայիս թիմը տասը տարվա ընթացքում ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղի հարցը լուծելու համար, գործարք, առանց որի Հայաստանը չի կարող նորմալ զարգանալ: Հիշեցնելով փոխզիջումային լուծման անհրաժեշտության իր վաղեմի նպատակները, որ դրդել էին իր պաշտոնանկությունը, նա ցուցադրում է, որ այդ գործարքն այլևս ավելի դժվար է, նույնիսկ անհնարին, քանի որ «Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի է ընդդիմանում զիջումներ կատարելուն, որ բխում է նրա բուռն զարգացող նավթային արդյունաբերությունից»:

Կառավարական մամուլի կողմից ստանալով «Լևոն էֆենդի» մականունը` թուրքամետ կողմնորոշում որդեգրելու համար (ըստ մամուլի), նա արտահայտեց իր դիրքորոշումը բոլորի համար զգայուն մի հարցի, այն է` 1915թ. Օսմանյան կայսրության իշխանության ժամանակ հայոց ցեղասպանության մասին: «Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, – ասել է նա, – ես կարծում եմ, որ պատեհ չէ այդ խնդիրը դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնաքարը»: Եվ ավելացրել, որ «Թուրքիան ստիպված կլինի վաղ թե ուշ ընդունել հայոց ցեղասպանությունը, բայց դա տեղի է ունենալու է միայն բնականոն հարաբերությունների և բարիդրացիության մթնոլորտում»:

Նա նույնիսկ ավելի հեռուն գնաց` հայտարարելով, որ հայերը պետք է ձերբազատվեն իրենց մշտական զոհի տեղ դնելու հին բարդույթներից: Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող դառնալ ժամանակակից ազգ:

Նրա հանրային ելույթները, որոնք լայն տարածում գտան շնորհիվ ամբողջ երկրում բաժանված հազարավոր տեսասկավառակների և YouTube –ով հեռարձակված տեսաձայնագրությունների, Քոչարյան-Սարգսյան երկվորյակի (tandem) դեմ հայտարարված իսկական պատերազմի բնույթ ստացան: Վկայակոչելով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը` նա հաստատեց, որ «Հայաստանի կոռումպացված և հանցագործ վարչակարգի միաձույլ բուրգը չէր կարող գոյություն ունենալ առանց Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ողբերգական մահվան», և որ նորընտիր նախագահի հիմնական գործերից մեկը պետք է լինի հետաքննել այդ ողբերգության պատվիրատուներին:

Ռեսուրսների «անխիղճ թալան»
Պրն. Տեր-Պետրոսյանը բարձրաձայն հայտարարում է այն, ինչ շշնջում է ժողովուրդը։ Նա ջանք չի խնայում հատկապես վկայակոչելու «կոռուպցիան, որը փտեցնում է հասարակության բոլոր խավերը», և պետության հարստության «անխիղճ թալանն» իշխանական թիմի և օլիգարխների կողմից, որոնք տնտեսության ամենաշահութաբեր ճյուղերը բաժանել իրենց միջև: Միայն իր ճարտասանության ուժի շնորհիվ նախկին նախագահին հաջողվեց մի քանի ամսվա ընթացքում ստեղծել ժողովրդական ընդդիմության ալիք հատկապես երիտասարդության շրջանում: Այդ մասին են ահա վկայում մարտի 1-ին նախորդած նախագահական ընտրության արդյունքները բողոքարկող խաղաղ զանգվածային հանրահավաքների տասնմեկ օրերը:

Ի դեպ, շատ ազդեցիկ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր կամքից անկախ խոնարհվեց պրն. Տեր-Պետրոսյանի քաղաքական հմայքի առջև` վերջինիս մեղադրելով ամբոխին «հիպնոսացնելու» մեջ, բառիս բուն իմաստով, նույնիսկ նրան սպառնալով դատի տալ կախարդության համար…

Ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելը իշխանության համար դառնում էր հրամայական`ժողովրդական բողոքի ահագնացմանը դիմակայելու և երկրորդ փուլի անկանխատեսելիությունից խուսափելու համար 8: Ուստի և բոլոր միջոցները կիրառվեցին ընտրախախտումները բազմապատկելու և մարդկանց վախեցնելու նպատակով: Հակառակ բոլոր սպասելիքներին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) դիտորդները չկարողացան կամ չցանկացան հաստատել անօրինականությունների չափերը և գնահատեցին, որ «մի քանի խախտումները» չէին կարող որևէ կերպ ազդել վերջնական արդյունքի վրա: Մի երկիմաստ ձևակերպում, որ վերջին տասը տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն անընդհատ օգտագործում է յուրաքանչյուր ընտրությունից հետո: Հետաքրքրական է, որ դա չի խանգարում ԵԱՀԿ-ին ձևացնել, որ պետք չէ ընտրական ժողովրդավարության ճանապարհին Հայաստանի արձանագրած որոշ առաջընթացին խանգարող որևէ գործողություն կատարել:

Անհաջող կերպով ընտրված իր նոր նախագահի հետ Հայաստանն իրեն վտանգի է ենթարկում` թևակոխելով անհանգստության և անկայունության դարաշրջան: «Քաղաքացիական հասարակությունը, որն այսուհետև չի վախենում» (պրն. Տեր-Պետրոսյանը հպարտանում է, որ դա իր շնորհքն է), ձեռքերը հեշտորեն չի իջեցնելու: Մնում է ճշտել` արդյոք պրն. Սարգսյանը կունենա ճկունություն և իմաստություն արդյունավետ երկխոսություն սկսելու նոր ընդդիմության հետ, որը խոստանում է անողոք լինել:

——————-

  1. Արտակարգ դրությունը հանվել է մարտի 20-ին, բայց այն փոխարինվել է մի օրենքով, որը գործնականում արգելում է քաղաքական ժողովները և հանրահավաքները:
  2. Տես «Անիմաստ “հեղաշրջում” Հայաստանում», Լը Մոնդ Դիպլոմատիք, 1998թ. դեկտեմբեր:
  3. Տես «Հայաստանի և Ադրբեջանի միջև անհնար փոխանակում», Լը Մոնդ Դիպլոմատիք, 2001թ. մարտ:
  4. Գագիկ Ջհանգիրյանը 1997թ.-ից 2006թ.-ը եղել է ոչ թե գլխավոր դատախազ, այլ զինվորական դատախազ («Արարատ» կենտրոնի խմբագրի կողմից):
  5. 2001թ. Գագիկ Ջհանգիրյանը ստացավ պաշտոնի իջեցում մինչև գլխավոր դատախազի տեղակալ։ [Իսկ 2008թ, փետրվարին
  6. Complice կարելի է թարգմանել նաև «հանցակից» (խմբ. կողմից)։
  7. Այդ տարիների ընթացքում, սակայն, որևէ համալսարանում Լ. Տեր-Պետրոսյանը չի դասավանդել (խմբ. կողմից)։
  8. Ընտրական հանձնաժողովը հաղթող է ճանաչել պրն. Սարգսյանին ձայների 52.9%-ով, իսկ պրն. Տեր-Պետրոսյանը երկրորդն էր` 21.5%-ով: