- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (4 – շարունակություն )

«Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտ»
Աղբյուրը՝ «Ամենօրյա տեղեկագիր», 3 նոյեմբերի 2008թ. www.eraren.org
Օմեր Էնգին Լյութեմ, պաշտոնաթող դեսպան
Սկիզբը այստեղ՝ Մի՞թե մոտ է Ղարաբաղյան հարցի լուծումը (1)(2)(3)

Արարատ ՌԿ-ի մեկնաբանությունը

Երեկ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, հանդիպելով Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի ներկայութամբ, հռչակագիր են ստորագրել:

Այս փաստաթղթում ուշագրավն այն է, որ կազմակերպիչները Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու հարցում եկել են ընդհանուր հայտարարի: Թեեւ Իլհամ Ալիեւը ժամանակ առ ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը իր հողերի փրկության համար կձեռնարկի ամեն մի միջոց, սակայն դա չի հակասում ընդհանուր մոտեցման:

Փաստաթղթի մեկ այլ կարեւոր հանգամանքն էլ այն է, որ կարգավորումը պայմանավորվում է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ միայն: 1994-ին այս գործառույթը Մինսկի խմբին էր հանձնել ԵԱՀԿ-ն 1, իսկ 1998-ից հիմնահարցը տնօրինում են այս խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: Մինսկի խմբի միջնորդության ընդգծումը ցույց է տալիս, որ մոսկովյան բանակցությունները չեն կարող փոխարինել խմբի գործունեությանը եւ դա հազիվ թե իրատեսական լինի, որովհետեւ բանակցություններում ձեռք բերվող ամեն մի լուծում պետք է արժանանա նաեւ ԱՄՆ-ի ու Եվրամիության հավանությանը, ինչը ենթադրվում է Մինսկի խմբի գործառույթով:

Մյուսը, թերեւս, բանակցություններն աշխուժացնելու հանգամանքն է: Սա նշանակում է, որ այսուհետեւ բանակցությունները կազմակերպվելու են ավելի հաճախակի, իսկ դա խոսում է կարգավորման հասնելու կողմերի ձգտումների մասին:

Իր բովանդակությամբ մոսկովյան հռչակագիրը Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առումով որեւէ նորություն չի պարունակում: Բայցեւայնպես, հռչակագիրը 1994-ից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համատեղ ստորագրված միակ փաստաթուղթն է, հենց դրանով էլ այն կարեւորվում է կողմերի համար եւ դառնում կարգավորման հասնելու ձգտումների նոր վկայություն:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ծավալվող բազմամյա բանակցություններում կողմերը մի շարք հարցերում եկել են համաձայնության: Դրանք են` հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղին հարակից 7 շրջաններից, հայկական օկուպացիայի հետեւանքով այս շրջանները լքած եւ Ադրբեջանի տարբեր վայրերում ապաստանած ադրբեջանցիներից վերադարձը, այս շրջաններում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, ձեռք բերված կարգավորման ամրապնդումը միջազգային երաշխիքներով, Ղարաբաղի հետ Հայաստանի հաղորդակցության համար միջանցքի հատկացումը Ադրբեջանի տարածքով:

Գլխավորը, թերեւս, Ղարաբաղի շրջանի 2 կարգավիճակի հարցն է, որի շուրջ կողմերին չի հաջողվում գալ համաձայնության: Ադրբեջանը պահանջում է, որ Ղարաբաղը լինի իր ենթակայության տակ, ինչպես Խորհրդային Միության օրոք էր, եւ [համաձայնվում է] մարզին տրամադրել ինքնավարության լայն իրավունքներ:

Հակառակ դրան, Հայաստանը պատճառաբանելով, թե խորհրդային համակարգն այլեւս չի գործում, իսկ Ղարաբաղն անկախություն է հռչակել, առաջ է քաշում անկախ կարգավիճակի ճանաչման անհրաժեշտություն: Միջազգային իրավունքի տեսանկյունից, Ադրբեջանը հիմք է ընդունում տարածքային ամբողջականության սկզբունքը: Մինչդեռ Հայաստանը հարցի լուծումը պայմանավորում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառմամբ եւ դրա համար անհրաժեշտ է համարում Ղարաբաղում հանրաքվե անցկացնելը: Քանի որ ադրբեջանական բնակչությունը պարտադրված հեռացել է այս շրջանից, ուստի հանրաքվեի արդյունքները նախապես կանխորոշված են: Չնայած դրան, Ադրբեջանը վերջնականապես չի մերժում հանրաքվեի գաղափարը, այլեւ պահանջում է հանրաքվեն անցկացնել Ադրբեջանի ողջ տարածքում՝ ելակետ ընդունելով այն, որ իրավաբանորեն Ղարաբաղը շարունակում է Ադրբեջանի մաս կազմել:

Այս մոտեցման դեպքում էլ հանրաքվեի արդյունքները կանխավ հայտնի են: Նկատի ունենալով կողմերի հակադիր մոտեցումները, Մինսկի խումբը առաջարկել է հետաձգել Ղարաբաղի կարգավիճակի ճշտումը և արագ լուծել մյուս խնդիրները (դադարեցնել Ադրբեջանի 7 շրջանների օկուպացիան, փախստականներին վերադարձնել բնակության նախկին վայրեր): Իրականում չի կարելի լուծման միջոց համարել նաեւ այս մոտեցումը, որովհետեւ կասկածից վեր է, որ հետաձգված հանրաքվեն երբ էլ անցկացվի, ի վերջո, հանգեցնելու է Ղարաբաղի միացմանը Հայաստանին:

Մոսկովյան հռչակագրի թերությունն այն է, որ չի պարզաբանում Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այլ կերպ ասած, շրջանցվել է կողմերի անհամաձայնության բուն խնդիրը: Քանի դեռ կարգավիճակի հարցի նկատմամբ հակադիր դիրքորոշում ունեցող կողմերից որեւէ մեկը չի փոխել որդեգրած դիրքորոշումը, կարճաժամկետ հեռանկարում հակամարտությունը դժվար թե լուծում ստանա:

————

  1. Իրականում՝ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թ.՝ ԵԱՀԽ շրջանակներում («Արարատ» ՌԿ խմբ.)։
  2. Լյութեմը «Ղարաբաղի շրջան» է անվանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այդ արտահայտության գործածումը մատնում է ինչպես թուրք պաշտոնյայի, այնպես էլ թուրք պետության հայատյաց դիրքորոշումը՝ Թուրքիան չի պատրաստվում հաշտվել Արցախի ազատագրության փաստի հետ («Արարատ» ՌԿ խմբ.)։