- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ուշադրությու´ն. այս կետերը կարող են պայթյունավտանգ լինել 2009թ.

«Թայմզ», 2 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (The Times)
Մայքլ Բինյոն (Michael Binyon)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Կարո՞ղ են արդյոք փորձագետները կանխատեսել, թե որտեղ կսկսվեն հակամարտություններն առաջիկա տարում: Որտե՞ղ կլինի հաջորդ Հարավային Օսիան:

Աշխարհում ի՞նչ խնդիրներ կառաջանան այս տարի: Ինչպիսի՞ նախազգուշական միջոցներ էլ ձեռք առնեն քաղաքական գործիչներն իրենց ապահովագրելու համար, նրանց միշտ անակնկալի են բերում անսպասելի իրադարձությունները: Այն, ինչ կառավարություններին ստիպում է շեղվել ծրագրված ուղուց և խառնում է նրանց խաղաթղթերը, ինչպես Մաքմիլլանն է ասում` «իրադարձություններն են, տղաս, իրադարձությունները»:

Մեկ տարի առաջ արդեն պարզ էր, որ 2008թ. Պակիստանը կշարունակի մնալ աշխարհի ամենավտանգավոր ու անկայուն երկրներից մեկը, թեև Փերվեզ Մուշարաֆի իշխանության տապալումը կամ Մումբայի պայթյունները ոչ ոք չէր կանխատեսում: Պայթյուններն ու սպանությունները երբեք էլ դադարելու միտում չեն ունեցել Իրաքում: Ինչ վերաբերում է Աֆղանստանում թալիբների հարձակումների, ճամփեզրերին տեղադրված ռումբերի պայթյունների և ՆԱՏՕ-ի խաղաղապահների շարքերում զոհերի անկասելի աճին, ապա դրանք, որքան էլ որ տխուր է, կանխատեսելի էին: Սակայն ո՞վ էր կանխատեսում ռուսական տանկերի ներխուժումը Վրաստան, բանկային համակարգի փլուզումը կամ Հունաստանում վերջին 30 տարիների ամենակատաղի խռովությունները:

Անսպասելի իրադարձություններն են, որ մշտապես խառնակռվի մեջ են պահում քաղաքական գործիչներին, լրագրողներին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Նույնը կլինի նաև 2009թ.: Հանկարծ մենք նոր հակամարտության գոտում հայտնված փոքրիկ քաղաքների անուններ կլսենք, կհասկանանք, թե ինչպիսին է պատերազմող համայնքների միջև էթնիկ հավասարակշռությունը կամ կվերհիշենք մոռացված պատմությունը` ցույց տալու համար բռնությունների նոր ալիքի հավանականության մշտական առկայության պատճառները:

Հիմա արդեն կարելի է պատրաստվել Դոնալդ Ռամսֆելդի ասած «հայտնի անհայտներ»-ից մի քանիսին` ևս մեկ ահաբեկչական բռնություն Պակիստանում կամ Իրանի լաբորատորիաներում ուրանի հարստացման սադրիչ կրկնապատկում` ԱՄՆ նոր նախագահի ջղերի ամրությունը ստուգելու համար: Դիվանագետներն արդեն կարող են նախապատրաստվել Մերձավոր Արևելքում դիվանագիտական ջանքերի հերթական փուլին, որպեսզի կարողանան փրկել այն, ինչ դեռևս հնարավոր է փրկել Գազայի հակամարտությունից:

Կառավարություններին, սակայն, հնարավոր չէ նախապատրաստել անհայտ անհայտներին, կամ արտգործնախարարներին ստիպել ուշադրություն դարձնել հեռավոր երկրում գնտվող ցածրաստիճան դիվանագետի հորդորներին, որը մոտեցող ցունամի է կանխատեսում: Բայց, փոփոխության համար, արտգործնախարարներն անցած իրադարձությունների պատճառները վերլուծելու իրենց կարողությունը թերևս պետք է նախապես օգտագործեն:

Պեկինի Օլիմպիական խաղերի ընթացքում Հարավային Օսիայի վրա Վրաստանի հարձակումը շատերին անակնկալի բերեց, բայց ոչ` ռուսներին: Եվ ոչ էլ այն դիվանագետներին, որոնք մինչ այդ ահազանգում էին Եվրոպայի «սառեցված հակամարտությունների», նախկին Խորհրդային Միության տարածքում էթնիկ հակասությունների հետևանքով ծագած և դեռևս չլուծված վեճերի մասին: Դեռ երեք այդպիսի հակամարտություններ կան, որոք կարող են բռնությունների պատճառ դառնալ:

Դրանցից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Այն գլխավորապես էթնիկ հայերով բնակեցված հողակտոր է, որը գտնվում է հարևան Ադրբեջանի սահմանների ներսում: 1988թ. տեղի օրենսդիր մարմինն ընդունեց բանաձև, որով Հայաստանի հետ միավորվելու կոչ էր անում: Տեղի ադրբեջանցիների դեմ բռնությունները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի կոտորած հրահրեցին: Հակամարտությունը սրվեց, և 1991թ. ադրբեջանցիները գրավեցին տարածքի մեծ մասը: Հայերը հակահարձակման անցան և մինչև 1994թ. հետ գրավեցին անկլավն ու հարակից մի քանի շրջաններ: 600,000 ադրբեջանցի փախստական դարձավ: Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. հրադադար հաստատվեց, իսկ մինչ այդ 25,000 մարդ զոհվեց:

Այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել: Հակամարտության կարգավորման շուրջ պարբերաբար ընթացող բանակցությունները ձախողվել են: Հայաստանը դեռևս վերահսկում է գրաված տարածքները, իսկ փախստականները դեռ անօթևան են: Բայց հաշվի առնելով Ադրբեջանի նոր նավթային հարստությունը, աճող ինքնավստահությունն ու Ռուսաստանի հանդեպ թշնամանքը` միշտ առկա է տարածքները վերադարձնելու նպատակով հարձակվելու հավանականությունը, ինչին կհետևի Հայաստանի հակահարվածը, Ռուսաստանի միջամտությունը և նույն միջազգային լարվածությունը, որը գրանցվեց ամռանը Վրաստանի իրադարձությունների ընթացքում:

Մյուսը Մերձդնեստրն է` Մոլդովայի և Ուկրաինայի սահմանի երկայնքով ձգվող նեղ հողատարածք, որը հիմնականում բնակեցված է ռուսներով և մաքսանենգության, կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության օջախ է: Խորհրդային Միության փլուզումից հետո Մերձդնեստրը հայտարարեց Մոլդովայի կազմից դուրս գալու մասին, ինչը Դնեստր գետի ափամերձ տարածքում բախումներ սանձազերծեց: 1992թ. զինադադար կնքվեց, իսկ երբ ռուսական բանակը Մոլդովային թույլ չտվեց վերահսկողություն սահմանել մարզի նկատմամբ, իրավիճակը մտավ փակուղի, ինչը պահպանվում է մինչև այսօր: Այս շրջաններից յուրաքանչյուրում ռազմական գործողությունների վերսկսումը կարող է առավել լայնամասշտաբ վեճի առիթ դառնալ Ռուսաստանի և իր հարևանների միջև:

Ռազմական գործողությունների նոր փուլ կարող է սկսվել նաև Բալկաններում: Կոսովոյի սերբերը չեն համակերպվում մարզի անկախության հետ և կարող են բռնություններ հրահրել` Սերբիային ներքաշելու նպատակով: Հարևան Մակեդոնիայում ալբանական փոքրամասնությանը վրդովեցնում է այն, ինչը նրանք դիտում են որպես իրենց հանդեպ խտրականություն և ձգտում են միանալ Ալբանիային: Իսկ հանդարտությունը Բոսնիայում կարող է խաբուսիկ լինել, եթե նախկինում միմյանց դեմ պատերազմած կողմերից որևէ մեկը փորձի փոխել ստատուս քվոն:

Ինչևէ, Եվրոպան ավելի պատրաստ է խնդիրներին, քան Ասիան: Թայլանդի օրինակը ցույց է տալիս, որ ժողովրդավարություններն ապահովագրված չեն ամբոխի գործողությունների արդյունքում սահմանադրական ռեժիմի տապալումից: Օդակայանների շրջափակումը, ոստիկանությանը բացահայտ չենթարկվելը և հանրահավաքները հանգեցրին կառավարության տապալմանը, իսկ քաղաքային միջին խավի և աքսորի մեջ գտնվող նախկին վարչապետ Տակշին Շինավատրային աջակցող գյուղական բնակչության միջև թշամանքը խորը արմատներ գցեց: Եվս մեկ զինված հեղաշրջումն այստեղ լիովին հավանական է թվում:

Տնտեսական անկմանը զուգահեռ` արագ զարգացող հակամարտությունները կարող են գլուխ բարձրացնել: Երկարատև դիմակայությունները քայքայել են Հնդկաստանի մեկուսացված հյուսիս-արևելյան շրջանը, իսկ կենտրոնական շրջաններում մաոիստները, որոնք հայտնի են որպես նաքսալիտներ, ահաբեկչությունների արշավ են իրականացնում կառավարության դեմ: Ամենասպառնալին, սակայն, Հնդկաստանի 150 միլիոնանոց մահմեդական փոքրամասնության հնարավոր արմատականացումն է, ինչի մասին է վկայում ահաբեկչական վերջին պայթյունների համար պատասխանատվություն ստանձնած խմբավորումների ի հայտ գալը: Մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների նախաշեմին Հնդկաստանը կարող է աննախադեպ լայնամասշտաբ միջհամայնքային բռնությունների ականատես լինել, ինչը կաթվածահար կանի ներքաղաքական կյանքը և երկրից դուրս կմղի ներդրումները:

Չինաստանում նույնպես էթնիկ խռովություններ կան: Քիչ հավանական է, որ տիբեթցիները կրկին ի վիճակի լինեն հրաժարվել Պեկինին ենթարկվելուց: Սակայն երկրի հեռավոր հյուսիսարևմտյան շրջանում ոչ հան մահմեդական ույղուրները բուռն կերպով ընդդիմանում են Չինաստանի իշխանությանը, իսկ Շինջիենում շարունակվող ահաբեկչական հարձակումները Չինաստանի կառավարությանը կարող են բռնի ուժ կիրառելու դրդել:
Կրոնական հակամարտությունների պատճառով առաջացած բախումներ կարող են սպառնալ նաև Ինդոնեզիային, որի Սուլավեսի շրջանում ծայրահեղական մահմեդականների կողմից քրիստոնյաների ջարդերը ռեպրեսիայի և լարվածության աճի պատճառ են դարձել: Երկրի կենտրոնական կառավարությունը շատ թույլ վերահսկողություն ունի անջատական շրջանների նկատմամբ, իսկ տնտեսական իրավիճակի վատթարացումը կարող է համատարած զայրույթի տեղիք տալ, ինչը հեշտությամբ կարող է շահարկվել:

Նման երկարատև բախումները Ֆիլիպիններում, որի հարավում ալ Քաիդան սատարում է մահմեդականների ապստամբությունը, իրենց հերթին կարող են ահաբեկչության պատճառ դառնալ` փորձելով կառավարությանը դրդել ուժային միջոցներ կիրառել: Նիգերիայի մահմեդաբնակ հյուսիսի և հարավի միջև կրոնական բաժանարար գծում առկա լարվածության պատճառով արդեն բռնության առանձին դեպքեր են գրանցվել: Դա հեշտությամբ կարող է տարածվել: Քանի դեռ Թայլանդում քաղաքական խժդժությունները չեն հարթվել, հարավային շրջաններում առկա մահմեդական խռովությունների պատճառով սպառնալիքի տակ կարող է հայտնվել թերակղզու մեծ մասը:

Աֆրիկան նույնպես նոր սարսափներ կմատուցի. Զիմբաբվեում, Սոմալիում, Դարֆուրում և Կոնգոյում կարող են վերսկսվել պատերազմները, զանգվածային ջարդերը և սովամահությունը, որոնցից յուրաքանչյուրն օժտված է հարևան երկրներին տվյալ խնդրում ներքաշելու ներուժով: Ո´չ այս մայրցամաքի վրա, ո´չ էլ այս անհանգիստ աշխարհի որևէ այլ կետում չի կարող կայունություն հաստատվել, քանի դեռ շուկաները, տնտեսությունները և գլոբալ առևտուրը շարունակում են անհանգիստ վիճակում լինել: 2009թ. այն տարիներից կլինի, որից շատ քաղաքական առաջնորդներ կցանկանային խուսափել: