- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Թուրքիայի քրդերեն հեռուստաալիքը. անազնվություն և քրդերի դեմ ատելություն

«Քրդիշ միդիա», 6 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (KurdishMedia.com)
Էվրեն Յիլմազ ( Evren Yilmaz)

‹‹Արարատ›› ՌԿ-ի մեկնաբանությունը

Ներկա թոհուբոհի մեջ` թուրքական պետությունը դեկտեմբերի վերջին սկսեց քրդալեզու նոր հեռուստաալիքի` TRT 6-ի փորձնական եթերն ու նոր տարվա սկզբին պաշտոնապես գործարկեց ալիքը: Թուրքերն ու արտերկրից Թուրքիային հետևողները ողջունեցին այս նոր ալիքի բացումը` այն համարելով շրջադարձային կետ թուրք-քրդական հարաբերություններում և ծանրակշիռ քայլ` Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհին: Սակայն, TRT 6-ին ավելի մոտ հայացք ձգելով` հասկանում ես, որ այն պարզապես բիրտ, ռասիստական վարչախմբի հերթական անազնիվ գործողությունն է, որն իրականացվում է քուրդ ժողովրդի նկատմամբ նույն ատելությամբ, որ դրդել է նրանց նախնիներին սպանել տասնյակ հազարավոր քրդերի և այրել հազարավոր քրդական գյուղեր:

Իր հիմնադրման օրից` Թուրքիան, իր իսկ բնորոշմամբ, պետություն է թուրքերի և միայն թուրքերի համար: Չնայած քրդերը կազմում են ժամանակակից Թուրքիայի բնակչության 20-25 տոկոսը, և իհարկե, նրանց ճնշող մեծամասնությունը բնակվում է Թուրքիայի այն տարածքներում, որոնք քրդերի նախնիների հայրենիք Քուրդիստանի մաս են կազմում, Թուրքիայի հանրապետության պաշտոնական քաղաքականությունն` իր հիմնադրման օրից, ամբողջովին կամ մասամբ հերքում է քուրդ ժողովրդի գոյությունը և նրանց էթնիկ ինքությունը: Ավելին, Թուրքիայի կառավարությունը նույնիսկ Թուրքիայի սահմաններից դուրս է փորձում պայքարել քրդերի ինքնության արտահայտման դեմ` հրաժարվելով ճանաչել Իրաքի քրդերի դաշնային միության գոյությունը և նույնիսկ աշխատելով համոզել (առանց հաջողության) Մեծ Բրիտանիայի Էկզեթերի համալսարանին` դադարեցնելու քրդական ուսումնասիրությունների ծրագիրը:

Շատ հաճախ, քրդական ինքնության հիմնական և կարևոր արտահայտչամիջոցը` քրդերեն լեզվի գործածումն արգելվել կամ խստորեն սահմանափակվել է: Երբ 1991թ.-ին Սադամի զինակիցների սպանդից փախչող փախստականներին զգուշացնելու համար Թուրքիան հարկադրված էր քրդերենով բրոշյուրներ հրատարակել, այդ լեզուն նշվեց որպես «տեղային բարբառ», և ոչ թե` քրդերեն: Անցյալ ամսվա ընթացքում, թուրքական խորհրդարանում քրդերենով հնչած հայտարարությունները պաշտոնապես արձանագրվեցին որպես «անծանոթ լեզվով» արված հայտարարություններ: Անցյալ շաբաթների ընթացքում թուրքական դատական համակարգը հետաքննության է ենթարկել քրդամետ «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության անդամ մի շարք քաղաքական գործիչների` քրդերենը հրապարակայնորեն գործածելու պատճառով:

Թուրքիայի կողմից քրդերեն լեզվով հեռուստատեսության հիմնադրումն, այսպիսով, չափազանց հետաքրքիր զարգացում է և ոչ անպայմանորեն` դրական: Սա ցույց է տալիս, որ պետությունը հոժարակամ է ճանաչել քրդերենի գոյությունը, ինչը TRT 6-ը հստակորեն բնորոշում է որպես «քրդերեն», միայն երբ այդպես է ձեռնտու: Հարկ է նշել, որ TRT 6-ով «Քուրդիստան» բառի կիրառումը (բառ, որն ավելի հին է, քան Թուրքիայի Հանրապետությունն ինքը) խստորեն արգելված է:

TRT 6-ը խաբեության գործիք է, որ բազմաթիվ նպատակների է ծառայում: Մի կողմից` սա պարզ եղանակ է` արտաքին աշխարհին համոզելու, թե Թուքիան նշանակալի քայլեր է ձեռնարկում քրդական հարցի ուղղությամբ: Մյուս կողմից` այն իշխող «Արադարություն և զարգացում» իսլամիստական կուսակցության ակնհայտ ջանքն է` մարտի 29-ին նախատեսված տեղական ընտրություններում քրդական քվեները ստանալու նպատակով: Եվ իրոք, անցյալում, տարբեր պատճառներով, շատ քրդեր քվեարկել են Թուրքիայում իսլամիստական կուսակցությունների օգտին` ներառյալ` կրոնական զգացմունքները, իսլամիստների` ծառայություններ մատուցելու կարողությունը և Թուրքիայի ներսում իսլամիստների կարգավիճակը` որպես բողոքի քվե թուրքական հանրապետական հաստատության դեմ:

Շատ քրդեր` հիասթափված թուրքական պետությունից և հատկապես` «Արադարություն և զարգացում» կուսակցությունից, որ իշխանության էր եկել` խոստանալով անդրադառնալ քրդական հարցին, այնուհետև` մեծացրել քուրդ ժողովրդի նկատմամբ բիրտ ճնշումները, արհամարհում կամ դատապարտում են TRT 6-ը: Շատերը պնդում են, որ TRT 6-ը, պարզապես, «Արադարություն և զարգացում» կուսակցության նախըտրական քարոզչությունն է: Հաշվի առնելով այն, որ թուրքական օրենքի համաձայն, թուրքերենից բացի այլ լեզվով հեռարձակումը տեխնիկապես անօրինական է, նրանք կանխատեսում են, որ առաջիկա ընտրություններից անմիջապես հետո TRT 6-ը կփակվի: Ոմանք նշում են, որ TRT 6-ն ընդամենը քրդերի շրջանում քարոզչություն տարածելու միջոց է. Ամեդի (Դիարբեքիր) մի բնակչի խոսքով` «Այդ ալիքը մեզ քրդերենով քարոզում է` «Երջանիկ է նա, ով կասի, թե ինքը թուրք է»: Մեկ ուրիշն ասում է. «Թուրքալեզու ալիքները մեզ ասում են, թե ՔԲԿ-ն ահաբեկչական է, և որ Բարզանին ու Թալաբանին մարդասպաններ են»:

Թեև մարդ ցանկանում է լավատես լինել TRT 6-ի հիմնադրման առիթով, սակայն այս իրադարձությունը չպետք է դիտարկել առանձին` իրականությունից կտրված: TRT 6-ի փորձնական հեռարձակման մեկնարկին զուգընթաց` թուրքական բանակը շարունակեց ռմբակոծել իրաքյան Քուրդիստանը, և նողկալի ու անպատշաճ գործողությամբ` ռմբակոծեց գերեզմանատունը, որտեղ թաղված են ՔԲԿ-ի տասնյակ զոհված մարտիկներ: Դեռ քանի՞ տարի շարունակ քուրդ երեխաները պիտի ստիպված լինեն լսել F-16 ռեակտիվ կործանիչների ձայնը, որ դղրդացնում են գետինն ու շրխկացնում պատուհանները, երբ օդ են բարձրանում քրդերին ոչնչացնելու առաքելությամբ: Մարդկանց գլխավերևում շառաչող և մահացու «բեռով» բարձված թուրքական կործանիչները շատ ավելի խոսուն են, քան որևէ պետական և լավ վերահսկվող հեռուստատեսություն` անկախ նրանից, թե որ լեզվով է այն հեռարձակվում:


Տես նաև հարակից նյութը՝

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 04-02-2009

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ

«Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ քրդերեն հակաքարոզչություն իրագործելու նպատակ հետապնդող Թուրքիայի հանրային ռադիոհեռուստատեսությունն այժմ էլ ձեռնամուխ է եղել կյանքի կոչելու հայերին ուղղված ռադիո եւ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման նախագծի իրագործմանը: Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, նախագիծը բաղկացած է հայերեն ռադիոհեռուստատեսային հաղորդումներ կազմակերպելու հետ համացանցային կայքէջ հրատարակելու մասերից: Հայտնի է դարձել, որ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը հանրային ռադիոհեռուստատեսությանը «խորհրդատվական զեկույց» է հղել` «հայկական սփյուռքի դեմ հայերենով հակաքարոզչություն իրագործելու մասին»: Նախագծի իրագործման համար անձնակազմը պետք է ընտրվի թուրքահայերից, ովքեր տիրապետում են գրավոր եւ բանավոր հայերենին: Ենթադրվում է, որ հայերեն ռադիոն եւ համացանցային կայքը կյանքի կկոչվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում, իսկ հեռուստատեսային հաղորդումները` մինչեւ տարեվերջ: