- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Հայկական քարանձավում հայտնաբերվել է մարդկային հինավուրց ուղեղ

«Սայենս Նյուզ», 12 հունվարի 2009թ.
Աղբյուրը` (ScienceNews)
Բրյուս Բաուեր (Bruce Bower)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Պեղումներն ի հայտ բերեցին քաղաքակրթության սկզբնավորմանը մոտ գտնվող սակավ հայտնի մշակույթի մոտավորապես 6 000 տարվա հնության մասունքներ

ՖԻԼԱԴԵԼՖԻԱ – Հայաստանի հարավ-արևելքում, Արփա գետից վեր գտնվող քարանձավներից մեկում` անմիջապես իրանական սահմանի մոտ գիտնականները հայտնաբերել են, հնարավոր է, հնադարյան ժամանակներից պահպանված մարդկային ամենահինավուրց ուղեղը։

Քարարայրը նաև ժամանակակից քաղաքակրթությունների ծագումը հասկանալու, զարմանալիորեն նոր հնարավորություն է ընձեռում, այնպիսին, ինչպիսին է` գինեգործության մասին վկայությունն ու մշակութորեն բազմաբնույթ խեցեղենի հավաքածուն:
«2007-2008թթ. Արենի-1 քարանձավի ներսում և դրսում կատարված պեղումներն ի հայտ բերեցին մեծ թվով Պղնձե դարի` մոտավորապես 6,200-5,900 տարվա վաղեմության արտեֆակտներ», հունվարի 11-ին կայացած Ամերիկայի Հնագիտական ինստիտուտի տարեկան ժողովում հայտնել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից Գրիգոր Արեշյանը: Արևելյան Եվրոպայում և Մերձավոր Արևելքում (իմա` Առաջավոր Ասիա-թարգմ.)` հարավարևմտյան Ասիայի մեծ մասն ընդգրկող տարածաշրջանում Պղնձե դարն ընթացել է մոտավորապես 6,500-5,500 տարի առաջ:
Գտածոները ցույց են տալիս, որ մշակութային հիմնական զարգացումները տեղի են ունեցել Պղնձե դարում` ավանդաբար քաղաքակրթության բնօրրան համարվող հարավային Իրաքից դուրս գտնվող շրջաններում, նշում է Արեշյանը: Քարանձավային նոր հայտնագործությունները վկայում են, որ Հայաստանի տարածքում մշակութային գործունեություն ծավալվել է ներկայում հայտնի ժամանակաշրջանից 800 տարի առաջ: «Սա ոգեւորող աշխատանք է», մեկնաբանում է Ռանա Օզբալը` Ստամբուլի Բոգազիցի համալսարանից:
Հայկական քարանձավի մեջ տեղադրված երկու մետր երկարությամբ ավազանը` շրջապատված խոշոր կուժերով և խաղողի որթի կեղևի ու սերմերի ցաք ու ցրիվ մնացորդներով, վկայում է ակնհայտորեն մեծ ծավալի գինեգործական աշխատանքների մասին:
Հետազոտողները նաև գտել են Պղնձե դարի մարդկային գանգերի մի եռյակ, որոնցից յուրաքանչյուրը թաղված է մի առանձին որմնախորշում` երեքսենյականոց 600 մ2 քարանձավում: Անատոմիական հետազոտության համաձայն, որ իրարից անկախ կատարել են երեք կենսաբան մարդաբանները, գանգերը պատկանել են 12-14 տարեկան աղջիկների: Երկու գանգերի վրա հայտնաբերված կոտրվածքները ցույց են տալիս, որ աղջիկները սպանվել են ինչ-որ տեսակի մահակի հարվածներից, հավանաբար` ծիսական արարողության ժամանակ, ենթադրում է Արեշյանը։
Մի գանգը զարմանալիորեն պարունակել է չորացած, բայց լավ պահպանված ուղեղ: «Սա, Հին Աշխարհում երբեւէ հայտնաբերված մարդկային ամենահին ուղեղն է», – նշում է Արեշյանը: Հին աշխարհը կազմում են Եվրոպան, Ասիան, Աֆրիկան և շրջակա կղզիները:
Ներկայում ուղեղը հետազոտող գիտնականները դրա մակերեսին նկատել են պահպանված արյունատար անոթներ: Պահպանված կարմիր արյան բջիջները այդ կարծր անոթներից դուրս են բերվել անալիզի համար:
Պարզ չէ, թե ո՞վքեր են հաճախել Արենի-1, ո՞րտեղ են այդ մարդիկ ապրել, կամ ին՞չ մեծության էին նրանց բնակատեղիները: Քարայրի ներսում կամ դրսում տնտեսություն վարելու ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Ով էլ նրանք լինեին, այս մարդիկ մասնակցել են Մերձավոր Արևելքով ընթացող առեւտրին, ենթադրում է Արեշյանը:
Պղնձե դարի կավագործական իրերը հնավայրում չորս խմբի են բաժանվում, որոնցից միայն մեկն է ներկայացնում տեղական արտադրանք: Գունազարդ խեցեղենի մի խումբը արևմտյան-կենտրոնական Իրանից է: Որոշ անոթներ ներկայացնում են Մայկոպի մշակույթին մի տիպիկ ոճ` հարավային Ռուսաստանից և հարավարևելյան Եվրոպայից: Մինչդեռ մյուսները բնորոշ էին Կուր-Արաքսյան մշակույթին, որը Ռուսաստանում ծաղկում էր հենց Մայկոպի տարածքից արևմուտք:
Խեցեղենի և Պղնձե դարի մյուս գտածոների ռադիոկարբոն թվագրումը վկայում է, որ Մայկոպյան և Կուր-Արաքսյան մշակույթները ծագել են ավելի վաղ` ներկայում հայտնի ժամանակաշրջանից 1000 տարի առաջ, հայտնում է Արեշյանը:
Արենի-1 քարայրի լրացուցիչ հայտնագործությունները ներառում են մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, հացահատկի տասնյակ տեսակների մնացորդներ, պարան, հագուստ, ծղոտ, խոտ, եղեգն և չորացած խաղող ու սալոր:
Պինդ, կարբոնատե կեղևը` ծածկելով Պղնձե դարի հողաշերտերը, ծայրահեղ չորության և քարանձավի ներսում կայուն ջերմաստիճանի հետ մեկտեղ նպաստել են արտեֆակտների և, հատկապես, աղջկա ուղեղի պահպանմանը:
Քարանձավի մուտքի մոտ, ժայռի ծածկի տակ պեղվել են նաև 12-14-րդ դդ. միջնադարյան վառարաններ:
Արեշյանն ակնկալում է, որ Արենի-1-ի և Արփա գետը եզերող շատ այլ քարայրների հետազոտության արդյունքում ավելի շատ նյութեր կհայտնաբերվեն: Ըստ նրա, «Այդ քարանձավներից մեկն ավելի մեծ է, ներսում մոտ մեկ ակր (0,4 հեկտար) մակերեսով, քան Արենի-1-ը»: