- ԱՐՏՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ - http://artmamul.ararat-center.org -

Ցեղասպանության շուրջ մեկ միլիոն զոհ` քողարկված հիշողության կորստի մեջ

«Նյու Յորք Թայմս», 8-ը մարտի, 2009թ.
Աղբյուրը` (The New York Times)
Սաբրինա Տավերնիս (Sabrina Tavernise)

«Արարատ» ՌԿ-ի մեկնաբանությունը

Այս թիվը պետք է որ շշմեցուցիչ նորություն լիներ Թուրքիայի համար:

Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարությանը պատկանած և երկար ժամանակ թաքցված մի փաստաթղթի համաձայն` 1915-1916թթ. ընթացքում Օսմանյան կայսրության 972,000 հայեր անհետացել են մարդահամարի պաշտոնական տվյալներից:

Թուրքիայում հասարակական զայրույթի մեծ ալիք կարող է բարձրացնել որևէ քննարկում այն մասին, թե ինչ է պատահել Օսմանյան Թուրքիայի հայերին: Սակայն հունվարից ի վեր, երբ փաստաթուղթը հրապարակվեց մի գրքում, այս թիվը (ինչպես նաև դրա օսմանյան աղբյուրը) փաստորեն որևէ արձագանք չգտավ: Թերթերը գրեթե չգրեցին դրա մասին: Հեռուստատեսային շոուներն էլ չքննարկեցին այն:

«Ոչ մի բան»,- ասում է թուրք հեղինակ և սյունակագիր Մուրատ Բարդակչին, որը կազմել է գիրքը:

«Լռությունը կարող է միայն մի բան նշանակել,- ասում է նա: – Իմ թվերը չափազանց մեծ են շարքային քաղաքացիների համար: Հնարավոր է, որ մարդիկ դեռ պատրաստ չեն խոսել դրա մասին»:

Սերնդեսերունդ, թուրքերի մեծ մասը ոչինչ չի իմացել 1915-1918թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մանրամասների մասին. այդ ընթացքում, Օսմանյան Թուրքիայի կառավարության իրականացրած բնակչության զտման հետևանքով, ավելի քան մեկ միլիոն հայ սպանվեց: Թուրքիան տեսադաշտից հեռու կողպեց իր անցյալի ամենատգեղ էջերը` սովետական ոճով` մոռացության մատնելու իր ագրեսիվ քաղաքականության շրջանակներում դպրոցական դասագրքերից և պաշտոնական նյութերից բացառելով դեպքերի որևէ հիշատակում:

Սակայն վերջին տասը տարիներին, այստեղ քաղաքացիական հասարակության ծաղկմանը զուգընթաց` թուրք հասարակության որոշ հատվածներ բացեիբաց կասկածի տակ են առնում կատարվածի մասին պետական վարկածը: 2008թ. դեկտեմբերին մտավորականների մի խումբ շրջանառության մեջ դրեց խնդրագիր, որում ներողություն էին խնդրում կոտորածները հերքելու համար: Մոտ 29 հազար մարդ է ստորագրել խնդրագիրը:
Բարդակչուն, իր` «Թալեաթ փաշայի մնացած փաստաթղթերը» գրքով, ակամա այս խմորման մասն է դարձել: Գիրքը փաստաթղթերի և գրառումների հավաքածու է, որոնք ժամանակին պատկանել են հայերի տեղահանման գլխավոր ճարտարապետ Մեհմետ փաշային` հայտնի որպես Թալեաթ փաշա:

Այս փաստաթղթերը Բարդակչիին է հանձնել Թալեաթի այրին` Հայրիեն, 1983թ., իր մահից առաջ: Դրանք ընդգրկում են բնակչության թվաքանակի ցուցակներ: Փաստաթղթերի համաձայն` մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում 1,256,000 հայ էր բնակվում: Բարդակչին ասում է, որ երկու տարի հետո այդ թիվը նվազել է` հասնելով 284,157-ի:

Չվարժված ականջի համար սա պարզապես տխուր վիճակագրություն է: Սակայն խնդրին ծանոթ յուրաքանչյուր ոք գիտի, որ այս թվերը թեժ վիճաբանության առարկա են: Տեղահանվածների կամ զոհերի կոնկրետ թիվ Թուրքիան երբեք չի ընդունել: Կիրակի օրը, Թուրքիայի արտգործնախարարն զգուշացրեց, որ եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայերի ջարդերը ճանաչի որպես «ցեղասպանություն», դա կարող է վատացնել հարաբերությունները` մինչ հաջորդ ամսիս Թուրքիա կատարելիք նրա այցը:

Թուրքական կողմը պատճառաբանում է, որ Օսմանյան կայսրության փլուզման ընթացքն արյունոտ էր, իսկ մահացածներն այդ քաոսի զոհերն էին:

Պրն Բարդակչին հարում է այդ տեսակետին: Նա ասում է, որ թվերը ցույց են տալիս ոչ թե մահացածների թիվը, այլ միայն` տեղահանումից հետո հայ բնակչության թվաքանակի անկման արդյունքը: Բարդակչին ամենևին համաձայն չէ, որ ջարդերը հավասարազոր էին ցեղասպանության, և նշում է, որ Թուրքիան ստիպված էր հայերի դեմ գործողություններ ձեռնարկել, քանի որ Ռուսաստանի` Օսմանյան կայսրության դեմ պատերազմում հայերը բացահայտորեն աջակցում էին ռուսներին:

«Դա նացիստական քաղաքականություն կամ Ողջակիզում չէր,- ասում է նա: -Շատ ծանր ժամանակներ էին: Դա շատ դժվար որոշում էր: Սակայն տեղահանումը շատ արյունոտ իրադարձությունների հետևանքն էր: Կառավարությանն անհրաժեշտ էր տեղահանել հայ բնակչությանը»:

Գիտնականների մեծ մասը մերժում է այս փաստարկը. նրանք վստահ են, որ փոքրաթիվ հայ ապստամբները լուրջ սպառնալիք չէին ներկայացնում Օսմանյան կայսրությանը, և որ այդ քաղաքականությունն ավելի արդյունք է այն ընկալման, թե հայերը, որոնք մահմեդական չէին և, հետևաբար, համարվում էին անվստահելի, խնդրահարույց բնակիչներ էին:

Հայոց Ցեղասպանության հարցերով փորձագետ, պատմաբան Հիլմար Քայզերն ասել է, որ գրքում տպագրված տվյալները հենց օսմանյան իշխանության հիմնավոր, եզրափակիչ վկայությունն են այն մասին, որ այն հայերին բնաջնջելու կանխամտածված քաղաքականություն է վարել: «Հանկարծ թվերը հաստատող մեկ էջանոց փաստաթուղթ ես գտնում,- ասել է նա: -Դա նույնն էր, ասես ինչ-որ մեկը մահակով հարվածեր գլխիդ»:

Պրն Քայզերի խոսքով` այդ իրադարձություններից առաջ և դրանցից հետո գրանցված թվերի միջև տարբերությունը կազմում է «զոհերի քանակը»:

«Այս փաստաթուղթն այլ կերպ դիտել հնարավոր չէ: Չես կարող մեկ միլիոն մարդու պարզապես թաքցնել»,- ասել է նա:

Այլ գիտնականների կարծիքով` այս թիվն օգտակար լրացում է պատմական տվյալներին, սակայն իրադարձությունների նոր վարկած այն չի ներկայացնում:

«Սա փաստերով հիմնավորում է այն, ինչը մենք արդեն գիտեինք»,- ասել է Դոնալդ Բլոքսհամը` «Ցեղասպանության մեծ խաղը. իմպերիալիզմը, ազգայնականությունը և հայերի բնաջնջումն Օսմանյան Թուրքիայում» գրքի հեղինակը:

Պրն Բարդակչին պատմության սիրահար է: Նա օսմաներեն գրել-կարդալ սովորել է իր տատիկից: Դա նրան հնարավորություն է տվել ուսումնասիրել Թուրքիայի գրավոր անցյալը` մի բան, որ թուրքերի մեծ մասն ի վիճակի չէ անել: Նա նվագում է տանբուր (ավանդական լարային գործիք): Նրա հայրը և պրն Թալեաթը նույն քաղաքական կուսակցության անդամ են եղել, և նրա ընտանիքը Թուրքիայի հիմնադիր քաղաքական կարևոր գործիչներից շատերին է ճանաչել:

«Տանը մենք հսկայական գրադարան ունեինք: Նրանք միշտ խոսում էին պատմության և անցյալի մասին»,- ասում է նա:

Թեև Բարդակչին միանշանակորեն ցանկանում էր, որ այդ թվերը հրապարակվեն, սակայն նա համառորեն հրաժարվում է դրանք մեկնաբանելուց: Գրքում Բարդակչին որևէ վերլուծություն չի անում. այնտեղ փաստորեն որևէ տեքստ չկա, բացի Թալեաթի այրու հետ հարցազրույցից և բնօրինակ փաստաթղթերից:

«Ես չէի ցանկանում մեկնաբանել: Ուզում եմ, որ ընթերցողն ինքը որոշի»,- ասում է նա:

Նրա կարծիքով` դա լավագույնս կարելի է անել կոնկրետ, հիմնավոր փաստեր օգտագործելով, որոնք կարող են պատռել տարիներ շարունակ խնդիրը շղարշած զգայական հայտարարությունների շերտերը:

«Կարծում եմ` Թուրքիայում մենք փաստաթղթերի կարիք ունենք: Սա է ամենակարևորը»,- ասել է նա:

Սակայն թուրք հասարակությունն ուսումնասիրողներից ոմանք ասում են, որ լռությունը խոսում է այն մասին, թե դեռևս որքան արգելված է այդ թեման Թուրքիայում: «Գրքի կարևորությունը փաստվում է նրանով, որ բացի «Միլլիյեթից», որևէ այլ թերթ ոչ մի տող չի գրել այդ մասին,- հունվարին ազատական «Թարաֆ» թերթում նշել է թուրք գիտնական Մուրատ Բելգեն:

Այդուամենայնիվ, փաստը, որ գիրքն ընդհանրապես տպագրվել է Թուրքիայում, երկրի ժողովրդավարական հասունության չափանիշ է: Բարդակչին ասել է, որ ինքը փաստաթղթերն այդքան երկար է պահել (27 տարի), քանի որ սպասում էր, մինչև Թուրքիան կհասնի այն կետին, երբ դրանց հրապարակումը կատաղություն չէր առաջացնի:

Պետությունը հիմա նույնիսկ ինքնապաշտպանվելու կարիք է զգում: Անցած ամառ, թուրք զինվորականության պատրաստած` հայերի մասին քարոզչական մի ֆիլմ ուղարկվեց տարրական դպրոցներ: Սակայն դադարեցվեց հասարակության բողոքից հետո:

«Տասը տարի առաջ ես ոչ մի դեպքում չէի կարող տպագրել այդ գիրքը: Ինձ դավաճան կանվանեին»,- ասում է Բարդակչին:

«Հոգեկերտվածքը փոխվել է»,- ավելացնում է նա: